Գորիսի ԲԿ-ում երկու ամսում հայտնաբերվել է մաշկի ավելի քան 10 չարորակ նորագոյացություն
Գորիսի ԲԿ-ի պոլիկլինիկայում գործող մաշկաբանության կաբինետ է դիմել քաղաքացի` գանգատվելով ճակատի շրջանում առաջացած նորագոյացությունից։
Բժիշկ-մաշկաբան Արամ Գևորգյանի կողմից իրականացված դերմատոսկոպիկ հետազոտության արդյունքում ախտորոշվել է կերատոականտոմա, որը դասվում է տափակ բջջային քաղցքեղների շարքին։
Գոյացության հեռացումից հետո, հյուսվածքաբանական հետազոտության արդյունքում նախնական ախտորոշումը հաստատվել է։
Նշենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում բժիշկ-մաշկաբանի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է մաշկի ավելի քան 10 չարորակ նորագոյացություն։
Մասնագետները հիշեցնում են՝ վաղ ախտորոշումը արդյունավետ բուժման կարևորագույն գրավականն է։
Գորիսի ԲԿ-ի մաշկաբանական կաբինետում իրականացվում են մաշկի նորագոյացությունների դերմատոսկոպիկ հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հեռացում։
Բժշկի կողմից հեռացվում են նաև պապիլոմաները` (գորտնուկ) կրիոդեստրուկցիայի (հեղուկ ազոտի) միջոցով։