Այսօր կպատմեմ մի շատ հզոր հայկական գործարար դինաստիայի մասին՝ Շահրիմանյաններ
Սա հայկական բիզնես պատմության «ամենաազնվական» և «ամենաեվրոպական» էջն է։ Եթե Մանթաշյանցը նավթի արքան էր, իսկ Սարգիսները՝ հյուրանոցների, ապա Շահրիմանյանները (The Scerimans) Վենետիկի ֆինանսական սյուներից էին։
Ամեն ինչ սկսվում է Իրանի Նոր Ջուղա քաղաքից։ Խոջա Շահրիմանյանները ամենահարուստ ընտանիքներից էին։ Դինաստիայի հայրը Խոջա Մուրադն էր, ով ապրում էր Ջուղայում 17-րդ դարի կեսերին։ Նա ուներ երկու որդի, որոնք էլ հետագայում ստեղծում են կայսրությունը՝ Զաքարիան և Սուքիասը։ Որքան էլ որ ինձ համար զարմանալի է, բայց Շահրիմանյանները Նոր Ջուղայում ընդունում են կաթոլիկություն՝ շնորհիվ իտալացի միսիոներների։ Սա ռազմավարական քայլ էր. լինելով կաթոլիկ՝ նրանք Եվրոպայում (մասնավորապես Իտալիայում, Իսպանիայում) ընդունվում էին որպես «յուրային», ինչը մեծ առավելություն էր մյուս հայերի նկատմամբ։
Գաղափարը ծնվում է մետաքսից։ 17-րդ դարում Շահ Աբբասը հայերին մենաշնորհ էր տվել՝ արտահանել պարսկական մետաքսը։ Մետաքսը շատ եկամտաբեր էր, բայց ծանր էր և ծավալուն։ Այսօրվա գումարով մոտ մեկ միլիոն դոլարի մետաքս տեղափոխելու համար պետք էր 50 ուղտից բաղկացած քարավան, պահակազոր, սննդի համար մեծ ծախսեր։ Նրանք Ճիշտ է, Շահրիմանյանները զբաղվում էին մետաքսի արտահանմամբ, բայց արագ հասկանում են, որ նույն 1 մլն դոլարը կարող է տեղավորվել մեկ փոքրիկ տոպրակի մեջ՝ ադամանդների տեսքով։ Դա հեշտ էր թաքցնել, հեշտ էր տեղափոխել և վտանգի դեպքում հեշտ էր փախցնել։ Նրանք մետաքսից ստացած կանխիկ ոսկին չեն ծախսում շքեղության վրա, այլ որոշում են են ձեռք բերել Հնդկաստանի խորքերից արդյունահանվող ադամանդները։ Այդ ժամանակ աշխարհի միակ ադամանդի աղբյուրը Հնդկաստանն էր՝ Գոլկոնդայի հանքերը, իսկ Աֆրիկյան հանքերը դեռ հայտնաբերված չէին։
Շահրիմանյանները Հնդկաստան են ուղարկում իրենց ամենավստահելի և ճարպիկ երիտասարդներին, որոնք անպայման հայեր էին։ Հայերը սովորում են տեղական լեզուները, հագնվում տեղացիների պես, ինչը թույլ էր տալիս մտնել հանքերի տարածք, որտեղ եվրոպացիներին (սպիտակամորթներին) արգելված էր մտնել, իսկ մտնողներին էլ վաճառում էին եռակի թանկ։ Շահրիմանյանները գնում էին ոչ թե փայլուն, կտրած ադամանդը, այլ հում քար։ Հում ադամանդը նման է սովորական պղտոր ապակու կտորի։ Միայն պրոֆեսիոնալը կարող է հասկանալ՝ դրա ներսում «ադամանդ» կա՞, թե՞ ոչ։ Նրանք զարգացրել էին այնպիսի հմտություն, որը թույլ էր տալիս լույսի տակ զննել քարը և որոշել դրա արժեքը։ Կոպեկներով գնելով «կեղտոտ քարը»՝ նրանք այն տանում էին Եվրոպա, Վենետիկում և Ամստերդամում վարձում լավագույն հրեա և ֆլամանդացի վարպետներին, մշակում ու վաճառում որպես ադամանդ։ Գնային տարբերությունն ահռելի էր, եթե Հնդկաստանում մի պարկ ադամանդը կարող էր արժենալ, ասենք օրինակ 10,000 դուկատ, իսկ արդեն Վենետիկի կամ Վիեննայի արքունիքում այն վաճառվում էր 100,000 դուկատով։
Ադամանդի բիզնեսում Շահրիմանյանների ամենահզոր մրցակիցները հրեաներն էին։ Հրեա վաճառականները (հատկապես Սեֆարդները Լիվոռնոյում և Ամստերդամում) հզոր էին, բայց հայերը Հնդկաստանում ունեին մի քանի ռազմավարական առավելություն՝
1. Մուտք դեպի երկրի խորքը – Հրեաները և եվրոպացիները հիմնականում մնում էին ծովափնյա քաղաքներում (Կոչին, Սուրաթ, Մադրաս)։ Նրանք վախենում էին, կամ չէին կարողանում գնալ երկրի խորքը։ Իսկ մերոնք, ինչպես արդեն նշել էի, հագնվում էին պարսիկների կամ հնդիկների պես, տիրապետում էին լեզվին և գնում էին ուղիղ Գոլկոնդայի հանքեր (երկրի խորքում), որտեղից հանվում էին ադամանդները։ Հայերն ադամանդը գնում էին «առաջին ձեռքից» շատ էժան, իսկ հրեաները ստիպված էին գնել միջնորդներից՝ արդեն թանկ գնով։
2. Գործակալական ցանցը – Հայկական համակարգը հիմնված էր «Խոջա (Տեր) – Գործակալ» հարաբերության վրա։ Գործակալը (հաճախ երիտասարդ ազգական) գնում էր Հնդկաստան, բայց նրա ընտանիքը մնում էր Նոր Ջուղայում։ Սա յուրահատուկ «պատանդառության» մեխանիզմ էր։ Գործակալը չէր կարող խաբել Տիրոջը, որովհետև տուժելու էր իր ընտանիքը։ Ինչպե՞ս էին ընտրում «գործակալներին»։ Նրանք պատահական մարդկանց փողոցից չէին վարձում ։ Նրանց «լրտեսական» ցանցը հիմնված էր արյան և վախի վրա։ Գործակալը պետք է լիներ Նոր Ջուղայից։ Սովորաբար դա լինում էր նրանց երիտասարդ ազգականը (եղբորորդի, քեռորդի) կամ հարևանի տղան։ Երբ երիտասարդ գործակալին ուղարկում էին Հնդկաստան կամ Տիբեթ՝ տեղեկություն և ապրանք հայթայթելու, նրա ծնողները, կինը և երեխաները մնում էին Նոր Ջուղայում։ Գործակալը գիտեր. «Եթե ես խաբեմ Շահրիմանյանին, իմ ընտանիքը Ջուղայում կոչնչանա»։ Ոչ թե ֆիզիկապես կսպանեն, այլ կսնանկացնեն և կխայտառակեն (սոցիալական մահ)։ Սա ավելի ուժեղ էր, քան ցանկացած ոստիկանություն։
3. Չեզոքություն – Հնդիկ իշխանները հրեաներին և անգլիացիներին ընկալում էին որպես «Եվրոպացի», այսինքն օտար, իսկ հայերին՝ որպես «Ասիացի», կամ յուրային։ Շահրիմանյանները հեշտությամբ մտնում էին հնդիկ ռաջաների պալատներ։
Բացի ադամանդից, նրանք զբաղվում էին նաև գունավոր քարերով, բայց այստեղ սխեման այլ էր։ Սուտակի պարագայում այն գալիս էր Մյանմարից և Շրի Լանկայից։ Հայերը Հնդկաստանի Մադրաս քաղաքից նավերով գնում էին Մյանմար, կապեր հաստատում տեղի թագավորների հետ և փոխանակում պարսկական գորգերը կամ եվրոպական հայելիները սուտակների հետ։ Իսկ ինչ վերաբերվում է զմրուխտին, ապա այստեղ ուշադիր։ Զմրուխտը Հնդկաստանում չկար։ Լավագույն զմրուխտները գալիս էին Կոլումբիայից (Նոր Աշխարհից), որը վերահսկում էին իսպանացիները։ Շահրիմանյանները զմրուխտը գնում էին Վենետիկում կամ Իսպանիայում (եվրոպացիներից) և տանում էին Հնդկաստան ու Պարսկաստան։ Որովհետև Մողոլ (չխառնեք մոնղոլների հետ) կայսրերը և Պարսից շահերը խենթանում էին կանաչ գույնի (Իսլամի գույնը) համար։ Նրանք պատրաստ էին զմրուխտի դիմաց տալ 2 անգամ ավելի շատ ոսկի, քան եվրոպացիները։ Ստացվում է, որ Շահրիմանյաններն ադամանդը տանում էին Արևելքից Արևմուտք, իսկ զմրուխտը՝ Արևմուտքից Արևելք։ Նավերը շատ քիչ ժամանակ էին դատարկ լինում։
Ինչպե՞ս էին վճարում այդքան ապրանքի համար, եթե փողը դեռ ճանապարհին էր։ Շահրիմանյանը Հնդկաստանում կարող էր թուղթ գրել. «Ես պարտք եմ այսինչ գումարը»։ Այդ թուղթը վաճառականները փոխանցում էին իրար՝ որպես փող։ Վենետիկում նստած Շահրիմանյան մյուս եղբայրը վճարում էր այդ թղթի դիմաց, երբ այն հասնում էր իրեն։ Սա առանց բանկի բանկային համակարգ էր, որը հիմնված էր վստահության վրա, խոսքի վրա։
Նրանց բիզնես մոդելը կոչվում էր «Ընտանեկան Ցանց»։ Սա այն ժամանակվա ամենաարդյունավետ մոդելն էր։ Ընտանիքն աշխարհագրորեն բաժանված էր ռազմավարական կետերի միջև՝
Եղբայր 1 (Նոր Ջուղա/Հնդկաստան). Պատասխանատու էր գնումների համար (ադամանդ, մետաքս, համեմունք)։
Եղբայր 2 (Զմյուռնիա/Բասրա). Պատասխանատու էր լոգիստիկայի (քարավանների և նավերի) համար։
Եղբայր 3 (Վենետիկ/Լիվոռնո). Պատասխանատու էր վաճառքի, բանկային գործարքների և քաղաքական կապերի համար։
Սա իսկապես մեծ առավելություն էր մրցակիցների նկատմամբ, քանի որ պայմանագրեր կնքելու կարիք չկար՝ եղբայրը եղբորը չէր խաբի։ Սա նվազեցնում էր ռիսկերը և դատական ծախսերը։
Տեղեկատվությունը Շահրիմանյանների մոտ ավելի արագ էր շրջանառվում, քան մրցակիցների մոտ, որը նրանց գլխավոր զենքն էր։ Նրանց սուրհանդակները հասնում էին Վենետիկ ավելի շուտ, քան պաշտոնական լուրերը։ Եթե Հնդկաստանում պատերազմ էր սկսվում, և ադամանդի գինը թանկանալու էր, Շահրիմանյանները Վենետիկում արագ գնում էին եղած բոլոր էժան պաշարները մրցակիցներից, մինչև նրանք կիմանային լուրը։ Վենետիկում նստած Շահրիմանյանը գիտեր ադամանդի գինը Հնդկաստանում ավելի շուտ, քան նրա իտալացի մրցակիցները։ Նրանց նամակները գրված էին Նոր Ջուղայի բարբառով (որը խառնուրդ էր հայերենի, պարսկերենի և տեղական ժարգոնի)։ Ոչ մի իտալացի կամ թուրք լրտես չէր կարող դա վերծանել։
1690-ականներին, խուսափելով Պարսկաստանի հալածանքներից և ծանր հարկերից, Շահրիմանյան եղբայրները (Զաքարիայի որդիները) ամբողջ կապիտալով տեղափոխվում են Վենետիկ։ Իսկ ինչու՞ Վենետիկ։ Վենետիկը անկում էր ապրում և փողի կարիք ուներ։ Շահրիմանյանները եկան ճիշտ ժամանակին՝ փրկելու Վենետիկի տնտեսությունը։
Այդ ժամանակահատվածում Վենետիկի Հանրապետությունը երկարատև և թանկ պատերազմներ էր մղում Օսմանյան կայսրության դեմ։ Պետական գանձարանը դատարկ էր։ Շահրիմանյաններն էլ առաջարկում են հսկայական գումարներ։ Օրինակ՝ 1696 թվականին Շահրիմանյանները Վենետիկի Սենատին նվիրաբերեցին 72,000 ոսկե դուկատ (սա աստղաբաշխական թիվ էր, որով կարելի էր զինել մի ամբողջ բանակ)։ Այդ ժամանակ Վենետիկում շքեղ պալատ կարելի էր գնել 2,000-3,000 դուկատով։ Այսինքն՝ նրանք պետությանը նվիրեցին մոտ 25-30 պալատի գին։ Եթե հաշվենք նրանց նավերը, պահեստները, թանկարժեք քարերի պաշարները և անշարժ գույքը, նրանց կարողությունը այսօրվա չափանիշներով կհասներ միլիարդավոր դոլարների։ Նրանք Վենետիկի ամենահարուստ ընտանիքներից մեկն էին։
Ի երախտագիտություն՝ Վենետիկի Սենատը նրանց շնորհում է Վենետիկի Պատրիկների (Patrician) կարգավիճակ։ Նրանց անունները գրվում են Վենետիկի «Ոսկե Գրքում» (Libro d’Oro)։ Սա նշանակում էր, որ նրանք հավասարվում են իտալական հնագույն ազնվականությանը։ 1699 թվականին Հռոմեական Սրբազան Կայսրություն կայսր Լեոպոլդ I-ը նրանց շնորհում է Հունգարիայի և Կայսրության Կոմսի (Conte) տիտղոս։ Նրանք մուտք ունեին Վատիկան։ Հռոմի Պապը անձամբ ընդունում էր Շահրիմանյաններին։ Նրանք ֆինանսավորում էին եկեղեցիներ և վանքեր։ Ազնվական տիտղոս ստանալուց հետո նրանք Վենետիկում գնում են շքեղ անշարժ գույք, որի անունն է Palazzo Sceriman (Պալացցո Շերիման, որի նկարն էլ տեղադրել եմ)։ Շերիմանը Շահրիմանյանների իտալական ազգանունն է։ Սա մի հսկայական պալատ է՝ ջրանցքի ափին։ Ճարտարապետությունը՝ գոթական և վերածննդի խառնուրդ։ Այսօր այդ շենքը կանգուն է։ Այն երկար ժամանակ ծառայել է որպես Մխիթարյան միաբանության դպրոց (Մուրատ-Ռափայելյան վարժարանից առաջ), իսկ այժմ պետական կառույց է։ Պալատի ճակատին մինչ օրս կարելի է տեսնել Շահրիմանյանների Զինանշանը։
Իսկ ինչպե՞ս էին Շահրիմանյաններն իրենց դիրքերն ամրացրել Վենետիկում։
1. Նվիրատվություն – Շահրիմանյանները կիրառում էին «Նվիրատվության դիվանագիտություն»։ Նրանք երբեք ուղիղ չէին խնդրում, այլ նախապես տալիս էին՝ ինչպես արդեն կարդացիք 1696-ին Վենետիկին 72,000 դուկատ տալը։ Դա բանակցություն էր առանց բառերի, որի ուղերձը հետևյալն էր. «Տեսեք մեր հզորությունը և մեր հավատարմությունը։ Հիմա ձեր հերթն է մեզ արտոնություններ տալու»։ Եվ դա աշխատում էր։ Կոպիտ ասած “մարդիկ վճարում էին ու գնում իրենց տիտղոսը”։
2. Ուղղահայաց ինտեգրում. Նրանք չէին վստահում ուրիշի նավերին, այլ գնում են սեփական նավերը։ Երբ դու ունես քո նավը, դու չես վճարում բեռնափոխադրման համար և կարող ես ապրանքը վաճառել ավելի էժան, քան մրցակիցը, կամ ստանալ ավելի մեծ շահույթ։
3. Կրոնական ադապտացիա. Ընդունելով կաթոլիկություն՝ նրանք հանեցին իրենց վրայից «օտարի» պիտակը։ Վենետիկում հրեաները կամ ուղղափառ հույները ունեին սահմանափակումներ, իսկ կաթոլիկ Շահրիմանյանները՝ ոչ։
4. Դիվերսիֆիկացիա. Եթե մետաքսի գինը ընկնում էր, նրանք վաճառում էին ադամանդ։ Եթե ծովում փոթորիկ էր, նրանք տեղացի հարուստներին պարտքով փող էին տալիս, բայց տոկոսով։ Երբ դու գիտես, որ Վենետիկի Դոժը (ղեկավարը) քեզ պարտք է միլիոններ, դու բանակցում ես շատ հանգիստ։ Նրանք չէին խնդրում արտոնություններ, նրանք գնում էին դրանք։ Նրանք հասկացան մի պարզ բան. Եվրոպայի թագավորներին և դքսերին ադամանդ վաճառելու համար դու չես կարող լինել «փողոցի վաճառական»։ Դու պետք է լինես նրանցից մեկը։ Գնելով կոմսի տիտղոս և կառուցելով պալատ՝ նրանք իրենց ապրանքը (ադամանդը) դարձրին «էլիտար»։ Երբ կոմս Շահրիմանյանն էր առաջարկում քարը, դա ընկալվում էր որպես արվեստի գործ, ոչ թե ապրանք։ Սա թույլ էր տալիս բարձրացնել առաջարկվող պրոդուկտի գինը։ Նրանք հաճախ չէին վաճառում միայն ապրանք։ Նրանք վաճառում էին Ապրանք + Վարկ։ Վենետիկի ազնվականները հաճախ կանխիկ փող չունեին։ Շահրիմանյանները ասում էին. «Վերցրեք այս մետաքսը հիմա, կվճարեք 6 ամիս հետո, բայց տոկոսով»։ Արդյունքում նրանք շահում էին երկու անգամ՝ և՛ ապրանքից, և՛ վարկի տոկոսից։
Եթե որևէ վաճառական «փորձում էր պարտքը չտալ» Շահրիմանյաններին, ապա նրանք օգտագործում էին իրենց կապերը։ Մեկ օրում այդ մարդու անունը հայտնվում էր «Սև ցուցակում» Զմյուռնիայից մինչև Ամստերդամ։ Ոչ ոք նրա հետ գործ չէր բռնում։ Սնանկացումը երաշխավորված էր։ Վենետիկն ուներ շատ զարգացած առևտրային դատարան։ Շահրիմանյանները ունեին լավագույն փաստաբանները։ Նրանք պահում էին բոլոր թղթերը, ստացականները։ Դատարանում նրանք գրեթե միշտ հաղթում էին, որովհետև դատավորները հաճախ նրանց ընկերներն էին կամ նույնպես պարտք էին նրանց։ Եթե Վենետիկի Հանրապետությունը չէր կարողանում վերադարձնել պարտքը (ինչը հաճախ էր լինում), Շահրիմանյանները պարտքը փոխարկում էին արտոնությունների։
«Փողը չունե՞ք։ Ոչինչ։ Դրա փոխարեն ազատեք մեր նավերը մաքսատուրքից 10 տարով»։ Սա հաճախ ավելի ձեռնտու էր, քան կանխիկ գումարը։
Շահրիմանյանների անկումը կապված էր Վենետիկի Հանրապետության անկման հետ։ Երբ 1797 թվականին Նապոլեոնը գրավում է Վենետիկը, նա վերացնում է Հանրապետությունը։ Պետական պարտատոմսերը, որոնց մեջ Շահրիմանյանները պահում էին իրենց միլիոնները, արժեզրկվում են։ Նրանք հսկայական գումարներ են կորցնում։ Մյուս ու ավելի ցավոտ վիճակը կապված էր ձուլման հետ։ 19-րդ դարում Շահրիմանյանների սերունդներն արդեն խոսում էին միայն իտալերեն, ամուսնանում էին իտալացի ազնվականների հետ։ Նրանք դարձել էին «Sceriman» (Շերիման) և կամաց-կամաց կտրվել հայկական արմատներից։ Նրանց սերունդներից շատերը դարձան հայտնի իտալացի ճարտարապետներ, գիտնականներ։ Օրինակ՝ Լուչիանո Սկերիմանը (Luciano Sceriman) 20-րդ դարի հայտնի ճարտարապետ էր։
Շահրիմանյանները ապացուցեցին, որ հայ վաճառականը կարող է դառնալ եվրոպական արիստոկրատ։ Նրանք գնեցին իրենց տեղը պատմության մեջ՝ փոխանակելով «Նոր Ջուղայի մետաքսը» «Վենետիկյան ազնվականության» հետ։ Նրանց պալատը Վենետիկում մինչ օրս անցորդներին հիշեցնում է հզոր հայկական ընտանիքի մասին։
Նրանց հարաբերությունները հայության հետ բարդ էին՝ կրոնական տարբերության պատճառով (Կաթոլիկն ընդդեմ Առաքելականի), բայց նրանք մեծ հայրենասերներ էին մշակութային առումով։ Շահրիմանյանները Մխիթարյան Միաբանության հովանավորն էին, որը նրանց ամենամեծ ներդրումն է։ Երբ Մխիթար Սեբաստացին եկավ Վենետիկ, հենց Շահրիմանյաններն էին, որ իրենց կապերով և փողով օգնեցին նրան ստանալ Սուրբ Ղազար կղզին։ Առանց Շահրիմանյանների՝ այսօր չէր լինի Մխիթարյան միաբանությունը։
Քանի որ Շահրիմանյանները Վենետիկի բարձրագույն ազնվականություն էին, նրանք թաղված են ոչ թե հասարակ գերեզմանատանը, այլ քաղաքի կենտրոնական եկեղեցիներից մեկում՝ Սան Ջուլիանո եկեղեցի (Chiesa di San Zulian). Սա Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակին շատ մոտ գտնվող եկեղեցի է, որտեղ գտնվում է Շահրիմանյանների ընտանեկան մատուռը (Capella Sceriman)։ Գետնին և պատերին կարելի է տեսնել նրանց տապանաքարերը՝ հայերեն և լատիներեն գրություններով, ինչպես նաև նրանց ընտանեկան զինանշանը։