ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը. ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
64 Views

ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը. ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար

1998 թվականին Սթենֆորդի կոնֆերանսին՝ կոնգրեսականների, դիվանագետների, ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Պերիի, դեսպան Մեթյու Բրայզայի և այլ պաշտոնյաների ներկայությամբ (որոնց անունները ավելի լավ է չտալ), արվեց մի դիվանագիտական, բայց հստակ հայտարարություն. «Մենք հույս ունենք, որ Ամերիկան կշարունակի դիմադրել համաշխարհային հեգեմոնիայի՝ այսպես կոչված «միաբևեռ պահի» գայթակղությանը։ Եթե մենք միջազգային պատմությունից գոնե մի բան գիտենք, ապա դա այն է, որ ուժը հակազդեցություն է ծնում, դաշինքները՝ հակադաշինքներ, իսկ կայունությունը հավասարակշռության մեջ է, ոչ թե գերիշխանության ձգտման»։ Այս հայտարարությունն արեց այն ժամանակ դեռ երիտասարդ Արթուր Ջեյմս Բոնդ-Խաչինսոնը՝ բրիտանական հետախուզության 007 գործակալը, ով համատեղությամբ աշխատում էր Մոսադում ու ՖՍԲ-ում (դե մենակ ՄԻ-6-ով ընտանիք չես պահի)։

Չանցավ նույնիսկ 30 տարի, և ԱՄՆ վարչակազմը վերջապես հետևություններ արեց ու ականջ դրեց։ 39 տրիլիոն կուտակված պետական պարտքից հետո, միլիոնավոր սպանված իրաքցիներից, աֆղանցիներից, սիրիացիներից ու լիբիացիներից հետո, հազարավոր սպանված ամերիկացի զինվորներից հետո, Աֆղանստանում, Իրաքում ու Սիրիայում կրած պարտություններից հետո, Ուկրաինայում տեղի ունեցած ամոթալի սադրանքից ու համաշխարհային ողբերգությունից հետո, որը բերեց հարյուր հազարավոր զոհերի ու մի ամբողջ երկրի ավերման… վերջապես զանգը հնչեց։ Փառք քեզ, Տեր Աստված, 30 տարի էլ չանցավ։

Ամերիկան հրաժարվում է հեգեմոնիայի համար պայքարից։ Նա հրաժարվում է «հանուն ժողովրդավարության» գաղափարախոսական խաչակրաց արշավանքներից, լիբերալ մեսիականությունից ու լիբերալ-բոլշևիզմից։ Ամերիկան հրաժարվում է մյուս մեծ տերությունների դեմ պայքարից։

Ամերիկան ընդունում է բազմաբևեռ աշխարհը՝ միաբևեռի փոխարեն։ Ամերիկան ընդունում է հավասարակշռությունը, բալանսը, ոչ թե գերիշխանությունը։ Դե ինչ, ոնց երգվում էր հին երգում՝ լավ է ուշ, քան երբեք։

Ամերիկան շեշտը դնելու է իր պրագմատիկ ազգային շահերի, տնտեսության ու սեփական սահմանների պաշտպանության վրա։ Նա ցանկանում է Լատինական Ամերիկան ու Մերձավոր Արևելքը պահել որպես իր ազդեցության գոտիներ։ Մյուս տարածաշրջաններում նա հետևելու է ուժերի բալանսի և երրորդ երկրների շահերը հարգելու քաղաքականությանը։

Իսկ ի՞նչ է սա նշանակում Հայաստանի ու մեր տարածաշրջանի համար։ Այն, որ էն միամիտ խոստումները, թե «Ամերիկան մեզ կօգնի», երբ մենք Թրամփին զանգենք Վոթսապով կամ Ֆեյս Թայմով, հիմա էլ ավելի հիմար տեսք ունեն։ Ամերիկան հիմա պաշտոնապես հայտարարում է, որ ամբողջ աշխարհով մեկ չի խառնվելու ու ուժ չի ցուցադրելու։ Նշանակում է՝ տարածաշրջանը հանձնվելու է ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցներին՝ Թուրքիային, Իսրայելին ու Ադրբեջանին։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հենց այդ ոգով էլ արտահայտվում է։

Իսկ էդ ուժերը կա՛մ իրար հետ ոչ ֆորմալ դաշինքի մեջ են, կա՛մ առնվազն նրանց շահերը շատ ոլորտներում համընկնում են։ Իսկ մենք էդ դաշինքի մեջ չկանք, ավելին՝ մեր հանդեպ վերաբերմունքը ամենևին էլ դաշնակցային չէ։

Մի անգամ, երբ երիտասարդ էի, Ջենովայում սխալմամբ ուրիշ գնացք նստեցի ու Նիցցայի փոխարեն հայտնվեցի Շվեյցարիայում։ Զվարճալի պատմություն էր, ես էն ժամանակ առաջին անգամ էի Իտալիայում ու իտալերեն ընդհանրապես չէի խոսում։ Հիշում եմ՝ ոնց մտանք մի երկար թունել, ու ես կես ժամ սպասում էի, թե երբ կարելի կլինի իջնել գնացքից։ Ինձ մխիթարում էին երեք իտալացի միանձնուհի ու Տոտո Կուտունյոյի բարեկամը։

Մեզ խոստացել ու խոստանում են, որ մենք նստել ենք գնացք ու գնում ենք Եվրոպա ու Ամերիկա։ Բայց մենք ամեն անգամ անսպասելիորեն հայտնվում ենք Թուրքիայում ու Ադրբեջանում։ Մենք նորից նստում ենք գնացք, ու այն նորից թեքվում է էն կողմ։ Գուցե մենք մեր տուրագենտի՞ն փոխենք։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել