Պարոն Լպուտյան, ինչպե՞ս ծնվեց «Գորիս Օփեն»-ի գաղափարը։
Վերջին ժամանակներս Սյունիքի շախմատի ֆեդերացիան բավական կազմակերպված է աշխատում և իր
ակտիվությամբ ուրախացնում է մեզ։ Տեսնելով այդ ակտիվությունը և մրցաշար անցկացելու ցանկությունը,
որոշվեց քննարկել Սյունիքի մարզում միջազգային մրցաշար իրականցնելու գաղափարը։ Հաշվի առնելով,
որ Սյունիքում երբևիցե միջազգային մրցաշար չի անցկացվել՝ բանակցություններից հետո, ի վերջո, որոշվեց,
իրականացնել “Գորիս Օփեն” միջազգային մրցաշարը, որը իմ կարծիքով մեծ ներդրում կունենա Սյունիքի
մարզում շախմատի մասսայականացման և զարգացման մեջ։
Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնության նշանակությունը Հայաստանի շախմատային
կյանքի և մարզական հեղինակության զարգացման համար։
Հայաստանում իրականացվող յուրաքանչյուր միջազգային մրցաշար շատ կարևորվում է Հայաստանի
շախմատի գործընթացի զարգացման համար։ Բացի այն, որ Հայաստան են գալիս մեծ քանակությամբ
շախմատիստներ՝ ներառյալ գրոսմայստերներ, մրցաշարերը նաև լավ հնարավորություն են այստեղի
շախմատների համար լավ փորձառություն ձեռք բերելու և իրենց հմտությունները զարգացնելու։
Նմանատիպ միջոցառումները գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում, ինչը իր հերթին
նպաստում է վերջինիս մասսայականցմանը։ Այս ամենը իր դրական ազդեցությունն է ունենում
հասարակության վերաբերմունքի վրա։ Այնպես որ, նմանատիպ մրցաշարերը բոլոր առումներով շատ
ցանկալի են մեզ համար։
Գորիսը առաջին անգամ է հյուրընկալելու նման մասշտաբի շախմատային միջոցառում։ Ինչո՞ւ
ընտրվեց հենց այս քաղաքը, և ի՞նչ արժեքային կամ խորհրդանշական նշանակություն ունի դա։
Ինչու ընտրվեց առանձնապես Գորիս քաղաքը, քանի որ Գորիսը այն քաղաքներից է որտեղ կան պայմաններ,
որոնք անհրաժեշտ են մրցաշարեր անցկացելիս։ Բացի այդ շախմատային ուժը բավական ակտիվ է
Գորիսում և տեղի իշխանությունը նույնպես ուներ մեծ ցանկություն, որպեսզի մրցաշարը անցկացվի հենց
այդ քաղաքում։
Ինչպիսի՞ միջազգային շախմատիստների մասնակցություն է ակնկալվում այս տարի, և արդյո՞ք
արդեն կան հաստատված անուններ։
Մասնակցային հայտերը դեռ շարունակաբար գալիս են։ Սակայն արդեն ունենք լավ և ճանաչված
գրոսմայստերներ այլ երկրներից, ինչը շատ ուրախալի է։
Որքա՞ն է մրցաշարի մրցանակային ֆոնդը և ի՞նչպես է այն ձևավորվում։
Անշուշտ, գումար հայթհայթելը բավականին դժվար աշխատանք է։ Սակայն այժմ Հայաստանի շախմատի
ակադեմիան և Սյունիքի շախմատի ֆեդերացիան միասնական աշխատանք են իրականացնում այդ
ուղղությամբ։ Փորձում ենք շատ կազմակերպություններ ներգրավվել և հույս ունենք, որ կկարողանանք
հայթայթել այդ գումարը։
Կարո՞ղ ենք ասել, որ «Գորիս Օփեն»-ը դառնալու է ամենամյա ավանդական մրցաշար՝ միջազգային
շախմատային օրացույցի անբաժանելի մաս։
Երբ որոշվեց իրականացնել “Գորիս Օփեն”-ը, մեր հիմնականն ցանկություններից մեկն էր դարձնել այն
ամենամյա։
Ինչպե՞ս եք պատկերացնում այս մրցաշարի ազդեցությունը Սյունիքի մարզի և հատկապես Գորիս
քաղաքի մշակութային և զբոսաշրջային զարգացման վրա։
Առաջին հերթին ցանկացած մրցաշար իրականացնելիս այն մտնում է միջազգային օրացույցի մեջ։ Արդեն
կես տարի է ինչ Գորիսի անունը տարածվում է աշխարհով մեկ և շատ շախմատասերներ հետաքրքրվում են
«Գորիս Օփեն» մրցաշարով։ Ինչպես նաև մենք ակնկալում ենք մասնակիցների շուրջ 10 երկրներից։ Անխոս,
նմանատիպ մրցաշարերը հնարավորություն են տալիս ճանաչել քաղաքը, խթանում են տվայլ վայրի
զբոսաշրջության և մշակույթի զարգացմանը։
Շախմատն արդեն վաղուց Հայաստանում ընկալվում է ոչ միայն որպես սպորտ, այլև կրթության և
մտածողության մշակույթի մաս։ Ինչպե՞ս է այս մրցաշարը նպաստելու այդ մշակույթի տարածմանը։
Հայաստանը այսօր շախմատային աշխարհի համար հետաքրքիր է ոչ միայն իր սպորտային, այլ նաև
կրթական գործունեությամբ։ Հայաստանում արդեն 14 տարի է դասավանդվում է շախմատը որպես առարկա,
որը շատ լավ օրինակ է այն երկրների համար, որոնք ցանկանում են ներդնել շախմատը կրթական
համակարգում։
Գորիսը հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետությամբ և պատմական միջավայրով։ Ի՞նչ դեր է
խաղում քաղաքի այդ մթնոլորտը մրցաշարի գաղափարախոսության մեջ։
Գորիսը շատ յուրահատուկ է իր տեսակով և ճարտարապետությամբ։ Իր յուրօրինակ ոճը հետաքրքիր է
բոլորի համար և մենք կփորձենք այն յուրովի փոխանցել այդ ամբողջ գեղեցկությունն ու պատմությունը մեր
մասնակիցներին։
Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի շախմատային ակադեմիայի առաքելությունը նման ձևաչափի
միջոցառումների կազմակերպման մեջ՝ ոչ միայն Երևանում, այլև մարզերում։
Շատ վաղուց ակադեմիայի գործունեության հիմնական ուղղություններից մեկը միջազգային մրցաշարերի
կազմակերպումն է։ Իր գործունեության տարիներին ակադեմիան անցկացրել է 80-ից ավել միջազգային
մրցաշար։ Եվ այժմ մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք Սյունիքի շախմատի ֆեդերացիայի հետ
համատեղ իրականացնել այդ բարդ միջոցառումը և, իհարկե, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել
ֆեդերացիայի նախագահ Արթուր Խոջաբաղյանին իր մեծ ակտիվության և նվիրական աշխատանքի համար։
Եվ վերջում՝ ի՞նչ եք ցանկանում, որ մասնակիցներն ու հյուրերը իրենց հետ տանեն Գորիսից՝ ոչ
միայն որպես խաղացողներ, այլ որպես Հայաստանի մշակույթի դեսպաններ։
Ցանկացած մրցաշարի անցկացման ընթացքում մեր ամենակարևոր նպատակն է փորձել բոլոր
մասնակիցներին դարձնել մեկ ընտանիք։ Աշխարհը միայն միասնության և սիրո մեջ է գեղեցիկ։
Նմանատիպ մրցաշարերը կարող են շատ օգտակար լինել այդ կարևոր առաքոլության իրագործման
գործընթացում։