Երբ Մուղանջուղը դարձավ Այգեձոր

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
141 Views

ՄՈՒՂԱՆ ՃՅՈՒՂ (Մաղանջուղ)

Ձորի լանջին` ժայռերի մեջ, քարակույտեր են ծխում։ Ընկեր Մուշեղը մեզ ասում է, որ դա մեր՝ Զանգեզուր գավառի Գորիսի շրջանի Մաղանջուղ գյուղն է։

Հալևորն ասում է.

-Մեր շենի անունը Մաղանջուղ չի, է՛, ա՛յ որդի, սխալ են ասում։ Մեր շենի անունը Մուղանճյուղ է, Մուղանի ճյուղ։ Իմացա՞ր։

Արևը կպել է ձյուներին. Բայց դարձյալ ցուրտ է։

1953, մարտ։-Հին արահետի տեղը խճուղի է՝ եզրերին կեռասենիներ՝ մեկ երկու… հինգ հարյուր։ Գյուղը հին է, ինչպես տեսել եմ քսանչորս տարի առաջ, այսպիսի մի գարնանամուտի օր, երբ հիսունմեկ ծուխ-ընտանիք ուներ։ Հիմա փոքրացել է՝ քառասունվեց ծուխ դարձել՝ 232 բնակչով։ Փոփոխության պատկերը սա է. 1831-ին ունեցել է 36 բնակիչ, 1873-ին՝ 182, 1914-ին՝ 225, 1931 թվին՝ 323:

Ձորի լանջերին ժայռերի քարակույտներ են ծխում, հին հանգով։

Երեք տարի առաջ գյուղի անունը փոխել, Այգեձոր են դրել։ Ափսոս, Մուղանճուղը թաղվեց։ Այս գյուղի բնակչության մի մասը բնիկ է, մի մասը եկել է հայոց Մուղան մեծ դաշտից, մի փոքր մասն էլ՝ Խոյից։ Պարսկահայքի Խոյ գավառում մինչև վերջերս էլ Մաղանջուղ հայոց գյուղ կար:

Հնարավոր է, որ այդտեղից գաղթած-եկածները բերել են գյուղիս անունը։ Տասնյոթերորդ դարասկզբին սա «մեծ շեն» էր և կոչվում էր Մուղանջուկ։ Սրան գրեթե կից էր Տանձավեր գյուղը, որ հիմա չկա։ Այդ մեկն էլ Օրբելյանի ցուցակի Տանձյակ գյուղն էր։

Այգեձորը շտապում է դուրս գալ ժայռերի մթին խոռոչներից։

1966, նոյեմբեր։ -Մաղանջուղ-Այգեձորը նորից է փոքրացել, մնացել են ընդամենը երեսունութ ծուխ՝ 226 շնչով։ Բաց հորիզոն դաշտում արդեն նոր տնատեղիների հիմքեր են գցել։

(շարունակելի)

Ս. Խանզադյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել