Զենիթային հրամանատարը՝ Յայջիից․ Աստղիկ Գալստյանի հերոսական ուղին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
96 Views

Մեծ Հաղթանակի տոնին ընդառաջ Syunik Times-ը հրապարակում է մեր սյունեցի ընթերցողների պատմությունները իրենց քաջարի նախնիների մասին

Աստղիկ Սահակի Գալստյան

1921 թվականի գարնանը թուրք –թաթարական զինված կազմավորումները շարունակում էին հարձակումները Զանգեզուրի գյուղերի վրա և անզեն բնակչությունը հարկադրաբար հեռանում էր իրենց բնակավայրերից…

Որոտան գետը գարնանային ձնահալքից վարարել՝ ափերից դուրս էր եկել: Մոլեգնած ջրերը սպառնալից զարկվում էին ափերին, սակայն գետի ափին հավաքված կանանց և երեխաների բազմությունը չէր շտապում ափից հեռանալ: Նրանք տագնապով հետևում էին գետի հորձանուտում հայտնված եզանը: Կենդանին փորձում էր պահել հավասարակշությունը և կուլ չգնալ ալիքներին: Նրա պոչից ամուր կառչել էր երիտասարդ մի կին՝ երեխային մեջքին կապած: Մայր ու զավակ տարուբերվում էին կենդանու շարժումներից՝ մերթընդմերթ անհետանալով տեսադաշտից, ապա՝ նորից հայտնվելով: Ի վերջո կենդանին, գերբնական ճիգեր գործադրելով, ափ է հասնում… Կինը վախով բացում է երեխային փաթաթած շալի ծալքերը… Բազմությունը ախ ու վախով հետևում էր կնոջ շարժումներին…Երեխան կենդանության նշաններ ցույց չէր տալիս… Մայրը երեսնիվայր շրջում է դստերը, կուլ տված ջուրը թափվում է երեխայի բերանից և նա վերակենդանանում է…

Այդ մանկահասակ երեխան Աստղիկ Սահակի Գալստյանն էր՝ իմ ապագա մայրը…

Աստղիկ Գալստյանը ծնվել է 1920 թվականին մարտի 28-ին Գորիսի շրջանի Յայջի, ներկայիս՝ Հարժիս գյուղում: Դեռ փոքրուց աչքի էր ընկել իր ուշիմությամբ, գյուղի տարրական դպրոցը վերջացնելուց հետո, հայրը նրան ուղարկում է Տաթև՝ ուսումն այնտեղ շարունակելու: Տաթևի ութամյա դպրոցն ավարտելուց հետո սովորում է Գորիսի մանկավարժական տեխնիկումում, այնուհետև գործուղվում է հայրենի Յայջի (Հարժիս) գյուղը՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: Հետագայում դառնում է դպրոցի ուսմասվարը, իսկ 18 տարեկանում՝ տնօրեն․․․

1941թ. Աստղիկ Գալստյանը Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի էր: Հունիսի 22-ի վաղ լուսաբացին նրան արթնացրեց ռադիոն, Լևիտանի ահեղ ձայնը հաղորդում էր Հայրենական Մեծ պատերազմ սկսվելու գույժը: Նույն օրը Աստղիկը ինստիտուտի դեկանատում էր՝ ուսումը կիսատ թողնելու և գյուղ վերադառնալու դիմումը ձեռքին: Դեկանատում փորձում էին համոզել, որ այդ քայլին չդիմի, սակայն նա հաստատակամ էր իր որոշման մեջ: Տարբեր առարկություններին նրա պատասխանը հստակ էր․ «Գյուղն իմ կարիքն ունի»:

Գյուղում տղամարդկանց մեծ մասը զորակոչվել էին բանակ, նրանց թվում էին նաև դպրոցի տղամարդ ուսուցիչները: Աստղիկ Գալստյանը շարունակում էր դասավանդել, միաժամանակ զբաղեցնելով դպրոցի տնօրենի պաշտոնը:

Աստղիկը տագնապով հետևում էր ռազմաճակատից եկող լուրերին: Դրանք հուսադրող չէին, պատերազմն օր-օրի մոտենում էր Անդրկովկասին: Թուրքական զորքերը կենտրոնացել էին երկրի սահմանների մոտ:

Աստղիկն անքուն գիշերներ էր անցկացնում,«Հայրենիքը վտանգի մեջ է, նա բոլորիս կարիքն ունի»,- մտմտում էր ինքն իրեն…

Տեղի երիտասարդական հերթական հավաքին Աստղիկ Գալստյանը ելույթ է ունենում՝ կոչ անելով կամավորական խմբեր կազմել և միանալ ռազմաճակատ մեկնած հայրենակիցներին։ 1942թ. դեկտեմբերի 12ին, չնայած ցրտաշունց եղանակին, Գորիս քաղաքի զինկոմիսարիատի մոտ մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել: Նրանք պատերազմ էին ճանապարհում իրենց դուստրերին, քույրերին… գրկախառնւթյուներ, համբույրներ, հրաժեշտի վերջին խոսքեր… Աստղիկի հարազատները ճանապարհողների մեջ չէին, նա ինքն էր հորդորել նրանց, որ իրեն ճանապարհելու չգան.․. Չէր ցանկանում տեսնել հարազատների թաց աչքերը․․․

Այդ օրը Գորիսի շրջանի 35 հայուհիներ կամավոր ռազմաճակատ մեկնեցին:

Աստղիկ Գալստյանն իր մարտական ծառայությունը սկսում է ՀՕՊ զորքերում: Նա զենիթային մարտկոցի հաշվարկի հրամանատար էր:

1943 թվականի հունվարի 2-ին Անդրկովկասի ռազմաճակատի զորամասերը հակահարձակման անցան: Հարձակողական մարտերը, ծավալվեցին մինչև 1943 թվականի հոկտեմբերի 9 ֊ը , երբ թշնամու վերջին զինվորը դուրս քշվեց Կովկասից:

Հակահարձակման գործողություններում մեծ դերակատարում ունեցավ ՀՕՊ հրետանին:

Կռվելով թիկունքից՝ Աստղիկ Գալստյանը զենիթային հրանոթի անձնակազմի մյուս անդամների հետ աչալրջորեն կատարում էր մարտական առաջադրանքները:

Աստղիկ Գալստյանի մարտական ծառայության երկրորդ փուլը անցնում էր Հեռավոր Արևելքում:

Մնում էին անտառում, գետնափոր տնակներում:Ամիսներ շարունակ միայն ձուկ էին ուտում…

1945 թվականի մայիսի 9-ին եֆրեյտոր Աստղիկ Գալստյանը հերթապահում էր հեռախոսի մոտ: Դիվիզիոնից զանգ եկավ՝ հայտնելով երկար սպասված հաղթանակի մասին:Աստղիկը «Հաղթանակ» գոչելով դուրս թռավ գրասենյակից և շնչակտուր վազեց զորքի կողմը՝ ավետելու բարի լուրը…

Մայիսի 9-ը Աստղիկ Գալստյանի համար այլևս սովորական օր չէր: Նրա համար այդ օրը հաղթանակի, ազգային հպարտության խորհրդանիշ.էր..

1945 թվականի օգոստոսի 8-ին Խորհրդային Միությունը պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ Ռազմական գործողությունները սկսվեցին օգոստոսի 8-ի գիշերը։

Աստղիկ Գալստյանը կռվում էր 133 ՀՕՊ բրիգադի կազմում: Հարձակումն ընթանում էր ավելի քան 5 հազար կմ ճակատով։ 1945 թվականի սեպտեմբերի 2-ին Ճապոնիան ստորագրում է անվերապահ կապիտուլյացիայի ակտը:

Աստղիկ Գալստյանը զորացրվեց 1945 թվականի հոկտեմբերի 20-ին: Նա պարգևատրվել էր «Կովկասի պաշտպանության» և «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի» համար մեդալներով և լավագույն ծառայության համար շնորհակալագրերով:

Աստղիկ Գալստյանը զորացրվել է կրտսեր սերժանտի կոչումով, և Գորիս քաղաքի դպրոցներից մեկում շարունակել մանկավարժական գործունեությունը: 1949 թվականին ամուսնանում է Զաքար Խոջաբաղյանի հետ, ով նույնպես մանկավարժ էր: Զաքար Խոջաբաղյանը ծառայել էր բանակում 7 տարի և կապիտանի կոչումով վերադարձել հայրենի Գորիս քաղաքը: Համատեղ կյանքում ունեցել են 4 զավակներ, որոնց դաստիարակել են ազգային ոգով և հայրենասիրական գաղափարներով:

1980 թվականի դեկտեմբերի 6-ին Զաքար Խոջաբաղյանը ծանր հիվանդությունից հետո կնքեց իր մահկանացուն: Ամուսնու կորստի վիշտը չընկճեց Աստղիկ Գալստյանին: Նա ստանձնեց ընտանիքի ղեկը և նրա հոգածության տակ ընտանիքն հաղթահարեց հետագա դժվարություններն ու փորձությունները…

Արցախյան պատերազմը դաժան քննություն էր երկրի համար: Ցուրտ ու մութ տարիներ էին: Սննդի պակասություն կար: Աստղիկ Գալստյանը, ով արդեն տատիկ էր, հաճախ էր հրաժարվում ուտելուց, որպեսզի թոռներին ավելի շատ ուտելիք հասներ…

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման հաղթանակը, նրա ասելով, իրեն երկրորդ կյանք պարգևեց…

Աստղիկ Գալստյանը հաճախ նշում էր, որ պատերազմը խլում է ազգի սերուցքը, լավագույներին…Ինքն էլ իրեն բաժին հասած պատերազմում կորցրել էր բազմաթիվ հարազատների, ընկերների, կոլեգաների: Նա այդպես էլ չհաշտվեց հորաքրոջ միակ որդու և մորաքրոջ որդիների կորուստի հետ…

2018 թվականի մայիսի 9-ը Աստղիկ Գալստյանը անկողնում գամված դիմավորեց: Նրա պահանջով հարազատները տոնական սեղան էին պատրաստել այդ օրը որպես տոն նշելու համար…

Երեք օր անց՝ մայիսի 11-ին, Աստղիկ Գալստյանը հավերժի ճամփան բռնեց․․․ Նրա վերջին խոսքերն էին. «Շնորհակալ եմ իմ գերդաստանին՝ ինձ այսքան երկար կյանք պարգևելու համար…»…

Սիլվա Խոջաբաղյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել