Վարչապետին ուղղված բաց հրավեր Գորիսի պետական քոլեջից

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
157 Views

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՐԱՎԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ ԱԼՑԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

Մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ առաջիկայում այցելելու եք Սյունիք:

Մեկ ամսում երկու այց Սյունիք. դա, իհարկե, վկայում է մեր երկրամասի հանդեպ Ձեր աճող ուշադրության մասին, ինչը ողջունում ենք:

Սակայն կարևոր ենք համարում նշել՝ եթե այս անգամ ևս Դուք Սյունիքի մասին պատկերացումներ պիտիկազմեք գործող մարզպետի, սյունեցի՝ Ձեր կուսակից պատգամավորների տված տեղեկությունների հիման վրա, ապա վերստին անլիարժեք ու միակողմանի կլինի Ձեր պատկերացումը սյունիքյան իրականության մասին,և այցը նույնիսկ կարող է տալ հակառակ արդյունք:

Պատճառն այն է, որ նրանք, որպես կանոն, երկրի, պետության հակառակորդների շարքն են դասում իրենց անձը մերժողներին, իրենց գործունեությունը քննադատողներին և իրենց վնասակար գործունեությունը չծափահարողներին: Ու այդպես էլ հրամցնում են Ձեզ,և դա էլ հաճախ դառնում է կառավարության սյունիքյան քաղաքականության հիմք:

Ուստի և արժեր Ձեր այցելության ու շփումների ձևաչափը փոխել՝ ծուռ հայելիների թագավորությունում չհայտնվելու համար:

ՈղջունելովՀՀ վարչապետի հերթական այցը Սյունիք՝ Ձեզ հրավիրում ենք Գորիսի պետական քոլեջ:

Վերջին շրջանում երկու դիմում ենք հղել Ձեզ (2025 թ, մարտի 24-ին և ապրիլի 4-ին):

Մի անգամ էլ Գորիս համայնքի ավագանու մեծամասնությունն է (խնդրո առարկայի վերաբերյալ) դիմում ուղղել Ձեզ (08.04.2025 թ.):

Այնուհետև իրազեկման գիր ենք Ձեզ ուղարկել ս.թ. ապրիլի 21-ին՝ տեղեկացնելով քոլեջում պատրաստվող գործադուլի և դասադուլի մասին.այդ փաստաթղթում արտահայտված պահանջները շարունակում են մնալ ուժի մեջ, և ամեն պահի (կախված ԿԳՄՍ նախարարության քայլերից) կարող ենք սկսել անժամկետ գործադուլ ու դասադուլ:

Բոլոր այդ փաստաթղթերում ներկայացվել են Գորիսի պետական քոլեջի դեմ հրահրված խարդավանքները, որի հետևանքով, ի վերջո, կառավարության որոշմամբ ասպարեզից դուրս է մղվում հարյուրամյա այդ կրթօջախը:

Եվ ոչ մի անգամ, ցավոք, Դուք չեք արձագանքել վերոնշյալ դիմումներին: Ու միշտ էլ այդ փաստաթղթերը, ի վերջո, հայտնվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի սեղանին, ով տեղի ունեցած ու տեղի ունեցող խառնաշփոթի ու խարդավանքների հեղինակներից է:

Ուստիև խնդրում ենք Ձեզ՝ անպայման այցելել Գորիսի պետական քոլեջ, մարդիկ հարցեր ունեն Ձեզ ուղղելու և ակնկալիք՝ ստանալու դրանց պատասխանը:

Ընդ որում՝ Հայաստանում, ինչպես համոզվեցինք այս ընթացքում, չկա մեկ ուրիշ պաշտոնյա (Ձեզանից բացի), ով կկարողանար պատասխանել մեր խնդիրներին ու մտահոգություններին, ինչի համար էլ հենց Ձեզ ենք հրավիրում:

Ձեզ համար էլ, անկեղծ լինենք, պատիվ կլիներ այցելել մեր կրթօջախ, որտեղ տասնամյակների ընթացքում կրթություն են ստացել հայ ժողովրդին պատիվ բերած բազմաթիվ նշանավոր դեմքեր:

Եվ, այդուհանդերձ, մի փոքրիկ պայման-խնդրանք ենք ավելացնում մեր հրավերին…

Որպեսզի մեր զրույցն ընթանա անկեղծության մթնոլորտում և երկուստեք օգտակար լինի, որպեսզի Դուք առերեսվեք իրականությանը (ինչին, կարծում ենք, Ձգտումեք), ապա շատ կարևոր է, որ ակնկալվող հանդիպմանը ներկա չգտնվեն Սյունիքի մարզպետը, ԱԺ սյունեցի ձեր կուսակից պատգամավորները՝ մասնավորապես Արմեն Խաչատրյանը, նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նրանց այցը մեր կրթօջախ, որ հարյուր տարի շարունակ իբրև տաճար է եղել ու կա գորիսեցիների ընկալումներում, անարգանքի պես մի բան կդիտարկվի:

Այսպիսով, հարգելի պարոն վարչապետ, Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվը Ձեզ հանդիպման է հրավիրում:

Մենք ափսոսանք կապրենք, եթե Դուք մերժեք մեր հրավեր-առաջարկը:

Ձեր մերժումը (ուզում ենք մինչև վերջ անկեղծ լինել) կընկալենք իբրև քաջալերանք Սյունիքի մարզպետինև Արմեն Խաչատրյանին, որոնց անձնական մղումներով Գորիսի պետական քոլեջի շուրջ հյուսվել է ներկայիս խառնաշփոթը:

Եվ, այդ ամենով հանդերձ, ուզում ենք հավատալ, որ Դուք անպայման կայցելեք Գորիսի պետական քոլեջ, որտեղ Ձեզ սպասում է անկեղծ, սրտաբաց խոսակցություն:

Հարգանքով

Գորիսի պետական քոլեջի համակարգող խումբ

28 ապրիլի 2025 թ.

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել