Մարտի 8-ին Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Գորիսի ստեղծագործ կանանց աշխատանքները» խորագրով ցուցահանդես-միջոցառում։ Այն գեղեցիկ առիթ դարձավ՝ համախմբելու համայնքի տարբեր ոլորտներում գործող տաղանդավոր կանանց:
Ցուցահանդեսում ներկայացված էին տարբեր ուղղությունների արվեստի գործեր՝ գործվածքներ, ասեղնագործություններ, խեցեգործական աշխատանքներ, նկարներ և այլ ձեռքի աշխատանքներ, որոնք ցուցադրում էին Գորիսի կանանց վարպետությունն ու ստեղծագործական ներուժը:
Միջոցառմանը համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից ծաղիկներ բաժանվեցին բոլոր մասնակից կանանց։ Հնչեցին մեծարանքի և երախտագիտության խոսքեր:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր նաև հյուրասիրություն, իսկ տոնական մթնոլորտն ավելի էր ջերմացնում թատրոնի դահլիճում հնչող հայկական երգ- երաժշտությունը: Համայնքապետարանը ստեղծել էր բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ցուցահանդեսի մասնակիցների և հյուրերի համար հաճելի օր ապահովելու համար: