Պետական մինգամից մի քանի ինստիտուտներ՝ ընդդեմ փոքր բիզնեսի. կամ ինչպես մսխել ռեսուրսները 56,000 դրամի համար։
Կայթն իր գործունեության ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել ավելի քան 51,000,000 (հիսունմեկ միլիոն) դրամ հարկ։ Թվում է՝ պետությունը պետք է գնահատի հարկատուին և ցանկացած խնդրի դեպքում գործի համաչափ ու տրամաբանված։ Բայց արի ու տես, որ ընդամենը 56,000 դրամի (մոտ 140 դոլար), սրանից երեք ամիս առաջ էլ 9,000 դրամի, հարկային պարտքի պատճառով պետական մեքենան որոշում է «բուլդոզերով անցնել» փոքր բիզնեսի վրայով։ Պատկերացնում եք, մարդը գնացել է Ջերմուկ գործուղման՝ նվագելու, հետադարձին, գիշերվա 1-ին, ասում են չես կարող գնալ տուն 9 000 դրամ պարտք ունի կազմակերպությունը։
Ի՞նչ է անում պետությունը՝ հարկային ու ԴԱՀԿ համակարգերը, այս չնչին գումարը գանձելու համար.
Արգելադրում է կազմակերպության հաշիվները երկու տարբեր բանկերում։ Այսինքն՝ 56,000 դրամի պահանջի դիմաց արդեն իսկ սառեցվել է կրկնակի գումար բանկերում, այսպիսով 100% ապահովագրվելով, որ կստանա այդ գումարը։
Արգելանք է դնում գույքի վրա։ Ասես դրամական միջոցների սառեցումը բավարար չէր։
Հետախուզում է հայտարարում շարժական գույքի նկատմամբ։ Այսինքն զբաղոցնում է նաև պարեկային ծառայությանը, որոնք անվտանգություն ապահովելու փոխարեն պետք է կազակերպության մեքենան գտնեն ու տանեն հատուկ պահպանվող տարածք։
Եկեք հասկանանք այս աբսուրդի իրական մասշտաբն ու վնասը։ Պետական ապարատն աշխատում է աննկարագրելի անարդյունավետությամբ։ Այս մի կաթիլ գումարի համար, որը բանկում արդեն իսկ կրկնակի արգելադրված է հօգուտ պետութայն, արհեստականորեն ծանրաբեռնվում են՝
ՊԵԿ-ը, որը գեներացնում և ուղարկում է պահանջը, հերիք չի հարկատուին մի հատ էլ ԴԱՀԿ։
ԴԱՀԿ-ն, որի համակարգը «կույրի» պես բոլոր կոճակները սեղմում է միանգամից։
Բիզնեսը, որը ստիպված է թողնել բուն գործն ու ընկնել անիմաստ թղթաբանության և նյարդային քաշքշուկների հետևից, քանի որ համակարգերն ավտոմատացված չեն, դու կարող ես շաբաթից ավել ընկնես դռնեդուռ որ էդ արգելադրումներն հանեն։
Եվ վերջապես՝ Պարեկային ծառայությունը, որը հիմա պետք է պետական ռեսուրս ու ժամանակ ծախսի գույքը գտնելու ու հատուկ պահպանվող տարածք տանելու համար, այն դեպքում, երբ գումարն արդեն իսկ սառեցված է բանկերում։ Այն դեպքում, որ հենց այդ գույքն է աշխատում, որ կարողանա վճարել հարկային գումարները։
Հասկանում եք չէ, առգելադրում է գույքը, որը պիտի աշխատի գումար, որպեսզի տնտեսվարողը վճարի հարկերը։
Հարգելի գործընկերներ` ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia, ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia, ՀՀ ֆինանսների նախարարություն Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ։ Սա ո՛չ արդյունավետ է, ո՛չ օգտակար, ո՛չ էլ օրինաչափ։ Սա համաչափության սկզբունքի կոպտագույն խախտում է և վարչական ծայրահեղություն։
Մենք անընդհատ խոսում ենք տնտեսության զարգացման մասին, բայց երբ պետական համակարգն իր անսարք ավտոմատիզացիայի և անտրամաբանական ալգորիթմների պատճառով սկսում է անիմաստ տեղը ռեսուրս մսխել ու կաթվածահար անել բիզնեսը, մնում է միայն զարմանալ, թե ինչ նպատակ է սա հետապնդում։
Ե՞րբ ենք ունենալու ադեկվատ համակարգ, որը հարկատուին կդիտարկի որպես գործընկեր, և ոչ թե թիրախ, որի վրայով կարելի է բուլդոզերով անցնել ամեն անգամ ամենաչնչին առիթի դեպքում։