Սյունիքի մարզում հղիների նախածննդյան հսկողության կազմակերպումը և բնական ուղիներով ծննդաբերությունների ցուցանիշները գոհացուցիչ են. Արմեն Գասպարյան
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հանդիպել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բժշկական կազմակերպությունների տնօրենների, նույն կազմակերպությունների մանկական և մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների պատասխանատուների հետ:
Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուները ներկայացրել են մարզային կտրվածքով ծառայությունների, ներդրված սքրինինգային ծրագրերի ցուցանիշները, քննարկել աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրները:
Անդրադարձ է եղել հղիների նախածննդյան հսկողության ծրագրերի բարելավմանը, կեսարյան հատման ցուցանիշներին և դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումներին: Ընդգծվել է, որ բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ, ըստ կնոջ ցանկության, պետության կողմից փոխհատուցվում է էպիդուրալ անզգայացման արժեքը` դրանով իսկ օգնելով կանանց հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերն ու հոգեբանական խնդիրները:
Կարևորվել է նորածնային և մանկական ծառայությունների կազմակերպման առանձնահատկությունները, նորածնային սքրինինգային հետազոտությունների կատարողականի անհրաժեշտությունը:
Ամփոփելով հանդիպումը` Արմեն Գասպարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում հղիների նախածննդյան հսկողության կազմակերպումը և բնական ուղիներով ծննդաբերությունների ցուցանիշները գոհացուցիչ են:
Մարզային և երևանյան բժշկական կազմակերպությունների հետ հանդիպումները լինելու են շարունակական: