ՍԱՐՈՅԱՆ- Վահա՛գն,պզտիկ պատմությունն մը ընեմ, լսե… Օր մը մորաքրոջս որդի Սիփան Բաղդասարյանի հետ Նյու- Յորքեն ինքնաշարժով Ֆրեզնո կուգայինք… Երկա՜ր ճամփա… Քիթիս տակ սկսեցի երգ մը տնտնալ: Անդրադարձա, որ այդ եղանակ ուրիշ տեղ լսած չեմ, ներսես կուգա: Մեր հայկական հին երգերուն կնմանի:Սիփան միացավ ինձի, ու ան ալ սկսավ երգել… Երգեցինք, բան մը ան փոխեց, բան մը ավելցուց, աղվոր եղանակ մը ստացվավ… Տեղն ու տեղը բառեր շինեցի այդ եղանակին համար: <<Եկուր իմ պզտիկ տունս, քեզի չամիչ տամ.>>… այդպես կկոչվի երգ: Հազարավոր դիսկ հանեցինք: Ամերիկացիներ այդ շատ սիրեցին, դիսկեր իսկույն վաճառվեցան: Եթե ըսեմ, թե այդ մեկ երգեն մեկ միլիոն տալեր շահեցինք, պիտի հասկնաք, թե ինչ ապուշ երկրի մեջ կապրինք: Կես միլիոն տվի Սիփան Բաղդասարյանին:Գինիի գործարան մը բացավ: Ինձնեն հարուստ եղավ: Բայց ափսո՜ս , շուտ մեռավ Սիփան, այդ հարստության մեջ մեռավ: Ամերիկացիք մինչև հիմա ալ կերգեն այդ երգ. << Եկուր իմ պզտիկ տունս>>…
… ՈՒ Սարոյանը երգեց այդ երգը: Տաք, արևելյան ծորուն թախիծ կար այդ երգի մեջ, թախիծ, հեռավոր, փոքրիկ տան համար…
Վահագն Դավթյանի <<ԲԱՐԻ ՀՍԿԱՆ>> գրքից.
երգում է Սարոյանը տեսահոլովակում․