«Մեր համագործակցությունը Իրանի հետ ամերիկացիներին դուր չէր գալիս, բայց մենք չէինք պատրաստվում դրա պատճառով զոհաբերել մեր կենսական շահերը»։
Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքից։
«Մենք բացահայտ ասում էինք ամերիկացիներին․ չնայած պատժամիջոցներին, մենք մտադիր ենք զարգացնել հարաբերությունները Իրանի հետ, քանի որ դա մեզ համար կենսական նշանակություն ունի։ Մեր հիմնական ռազմավարական խնդիրներից էին Իրանից Հայաստան երկաթուղու կառուցումը և Իրան–Հայաստան գազատարի անցկացումը։
Էներգետիկ անվտանգության տեսանկյունից սխալ է կախված լինել միայն Ռուսաստանից եկող մեկ գազատարից, ինչպես նաև դա սահմանափակում է գազի շուկայական գների ձևավորման հնարավորությունները։ Ես ամերիկացիներին առաջարկեցի գազատարը դարձնել համատեղ նախագիծ։ Նրանք լսեցին ինձ և քաղաքավարի պատասխանեցին․ «Այո, մենք հասկանում ենք ձեր մտահոգությունները, բայց չենք կարող մասնակցել այս նախագծին»։
Միաժամանակ մենք սկսեցինք բանակցություններ ռուսական «Գազպրոմի» հետ։ Քանի որ խոսքերից բացի ոչինչ չէր տեղի ունենում, ես հասկացա, որ դա իրականում մերժում է։
Իրանի հետ մեզ հաջողվեց գտնել փոխշահավետ լուծում․ մենք նրանցից ստանում ենք գազ, արտադրում էլեկտրաէներգիա, դրա մի մասը վերադարձնում ենք Իրան, իսկ գազի մի մասը մնում է մեզ՝ որպես դրա դիմաց վճարում։ Շինարարության համար վարկ վերցնելու հարցում նույնպես պայմանավորվեցինք իրանցիների հետ։ Նրանք էլ իրենց կողմից պետք է գազատարը հասցնեին մինչև Հայաստանի սահման։
Շինարարությունն ընթանում էր արագ տեմպերով, ինչը լուրջ անհանգստություն առաջացրեց ԱՄՆ Պետդեպարտամենտում։ Երբ մենք Ահմադինեժադի հետ պայմանավորվեցինք գազատարի առաջին ճյուղի հանդիսավոր բացման մասին, ԱՄՆ դեսպանը շտապեց մեր արտգործնախարար Վարդան Օսկանյանի մոտ՝ խնդրելով ինձ փոխանցել մի նամակ։ Նամակի տեքստը շատ էր հիշեցնում նախկին ԽՍՀՄ Կոմկուսի կենտրոնական կոմիտեի շրջաբերականները։
Երբ պարզ դարձավ, որ գազատարը հաստատ կառուցվելու է, «Գազպրոմը» հանկարծ սկսեց մեծ հետաքրքրություն ցուցաբերել նախագծի նկատմամբ։ Մենք ասացինք, որ պատրաստ ենք այն փոխանցել «Գազպրոմին», բայց միայն ամբողջ նախագծով՝ ներառյալ հինգերորդ էներգաբլոկի կառուցումը։ Նրանք համաձայնեցին և պետք է ընդունել, որ պատշաճ կերպով կատարեցին իրենց պարտավորությունները՝ նույնիսկ արդիականացնելով սկզբնական նախագիծը։ Ընդհանուր առմամբ «Գազպրոմը» ներդրեց մոտ 500 միլիոն դոլար։
Այսպես էլ հայտնվեց Իրան–Հայաստան գազատարը, որի կառուցմանը սկզբում քիչ մարդ էր հավատում, և որի համար մենք, վերջիվերջո, գրեթե ոչինչ չծախսեցինք»։