Պատմական հաջողություն AI-ի համաշխարհային հարթակում. Հայկական լաբորատորիայի 3 հոդվածն ընդունվել է NeurIPS կոնֆերանսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

AI-ի աշխարհի ամենաազդեցիկ ու ամենամեծ կոնֆերանսը կոչվում ա NeurIPS, 1987 թվից ամեն տարի լինում ա: Մենք, ինչպես և էս ոլորտի ցանկացած գիտական խումբ, միշտ նպատակ ենք ունեցել էդտեղ հոդված ունենալ: Նոր նայեցի, 2021 թվականից սկսած գրեթե ամեն տարի փորձել ենք, բայց միշտ մերժվել ենք:

Էս տարի 4 հոդված էինք ուղարկել, ու վերջերս իմացանք, որ 4-ից 3-ը ընդունվել ա! Սա մեր լաբի համար արտակարգ մեծ քայլ ա, որ արդեն լրիվ փոխել ա մեր ստանդարտները ու մեր՝ մեզնից ունեցած ակնկալիքները:

Շատերը հարցնում են, թե ոնց եղավ, որ հենց էս տարի ստացվեց:

Էս երեք հոդվածներից ամեն մեկը մի պրոյեկտից ա դուրս եկել, ու երեք պրոյեկտներն էլ ֆինանսավորվում են առանձին գրանտներով: Դրանցից երկուսը «հեռավար լաբորատորիայի» գրանտեր են, երրորդը՝ «հեռանկարային հետազոտությունների»: Ի դեպ, էդ գրանտները «ծնվել են» 2022-2023 թվերին, մինչև էդ սենց գրանտներ Հայաստանում չեն եղել: Այսինքն արդեն բոլոր ուղղություններով էլ առաջին տարին չի, որ աշխատում ենք, արդեն տեմպ էր հավաքվում:

Հետո ֆինանսական ասպեկտը: Էս գրանտների ու մեր մի քանի դոնորների շնորհիվ էս տարի ես գիշեր ցերեկ դրամահավաք չեմ անում, ավելի շատ եմ կարողանում բուն գործով զբաղվել: Եթե նայեք էս գրաֆիկը, մեր լաբի տարեկան բյուջեն ամեն տարի աճում ա, բայց է՛լ ավելի արագ աճում ա դրանում պետական մասնակցությունը: 2026 թվին հարկատուների փողերով արդեն մեր լաբի գործունեության կեսից ավելն ա ֆինանսավորվում: Սա հետևանքն ա էդ նոր ստեղծված գրանտների, ու մասամբ նաև բազային աշխատավարձերի բարձրացման:

Հետո կոմպը: Էս տարվանից գործում ա ԵՊՀ գերհամակարգիչը ու մենք մանրամասն չափում ենք, թե որ պրոյեկտի վրա ինչքան հաշվողական ռեսուրս ա գնում: Էս հոդվածներից ամեն մեկի վրա երեք ամսում ծախսվել ա առնվազն 10000 GPU-ժամ: Անցած տարի ԵՊՀ-ում եղած կոմպերը եթե ուրիշ ոչինչ չանեին, էս հոդվածներից երկուսի համար անհրաժեշտ աշխատանքը իրար հետ չէին «տեղավորվի»: Իսկ էս տարի, բացի էս երեքից էլ լիքը զուգահեռ նախագծեր են արվել: Էս գերհամակարգիչն էլ, ինչպես նաև նախորդ մեծ կոմպը, Գիտության կոմիտեի բյուջեով ու Գիտության կոմիտեի կազմակերպելով ա ստացվել:

Վերջերս Գիտության կոմիտեի նախագահ Հայոցյանը հրաժարական տվեց, ու ինձ արդեն հասցրել են զարմանք հայտնել, թե ինչի ա գիտական համայնքը սենց աղմկոտ/դժգոհ արձագանքում էդ փաստին: Պատճառը մեր լաբի օրինակ ցույց տվեցի․ Հայաստանում ինչքան ենթակառուցվածք կա (գրանտային, թե սարքավորումների տեսակետից) որ հնարավորություն ա ստեղծում գոնե ինչ-որ չափով գլոբալ մրցունակ գիտական արդյունք տալու, ստեղծվել ա վերջին 5-6 տարիների ընթացքում, երբ ԳԿ նախագահը Հայոցյանն էր:

2021-2024-ին գիտության պետական ֆինանսավորումը էապես աճեց, որից հետո աճը, ինչպես տեսնում եք գրաֆիկից, կանգնել ա: Էս ընթացքում գիտական համակարգը սովորում էր «մարսել» էս ավելացած գումարները ու դա վերածել որակական արդյունքի: Զուգահեռաբար, ԳԿ-ն սկսեց մշակել գիտության ռազմավարությունը, որ հաջորդ տարիների գործողությունները էլ ավելի թիրախային ու մտածված լինեն: Իմ կարծիքով Հայոցյանի արած ամենամեծ գործը հենց էդ փաստաթուղթն ա, որ ինստիտուցիոնալ հիմք ա դնում զարգացման համար:

Ռազմավարությունը էս տարի ընդունվեց կառավարության կողմից, ու մեջը շատ կոնկրետ թվեր կան: 2030-ին գիտնականների թիվը պիտի կրկնապատկված լինի, իսկ պետական ֆինանսավորումը հասնի ՀՆԱ 0.75%-ին, որը մոտ 3x ավել ա, քան հիմա կա: Ահավոր ամբիցիոզ պլան ա:

Սրա ուղերձը մեր պես նոր աճող լաբերին հստակ ա․ մեզ պետք են մեծ թվով նոր գիտնականներ, պետք ա թե՛ դրսից բերել, ու թե՛ նոր ուսանողների վերցնել ու աճացնել: Ընկերս, օրինակ, շատ արագ արձագանքեց․ գտավ մի քանի երիտասարդ գիտնական ՌԴում ու Իրանում, կազմակերպեց որ դիմեն պոստդոկի գրանտին, որ տեղափոխվեն Հայաստան: Անցած տարիներին էդ գրանտով Հայաստան եկած մի քանիսն էլ էս տարի արդեն դիմել են «ինտեգրման գրանտին», որի միջոցով 5 տարով Հայաստանում նոր գիտական խումբ ստեղծելու պարտավորություն են վերցնում: Երևի արդեն գուշակեցիք, որ վերոհիշյալ երկու գրանտները ևս առաջացել են վերջին 4 տարվա մեջ՝ Հայոցյանի ղեկավարության ներքո:

Հիմա ինչ ա պարզվում: 2026 թվականին հայտարարված պոստդոկի ու ինտեգրման գրանտների արդյունքները դեռ չեն հրապարակում, քանի որ գիտությանը հատկացված բյուջեում գումարը վերջացել ա (լրիվ ծախսվել ա), իսկ էն նախորոք տրված խոստումը, որ տարվա ընթացքում հնարավոր կլինի ավելացնել, փաստացի (լիարժեք?!) չի արվել: Ու սա հերիք չի, 2027-ի բյուջեի նախագծում էլ գրանտային գումարների ավելացում նախատեսված չի:

Գիտնականների շրջանում մի միտք էր պտտվում, որ պիտի գնանք Կառավարությանը ուղիղ հարցնենք․ հիմա դուք ձեր ընդունած ռազմավարությունը անում ե՞ք, թե չէ: Եթե չեք անելու, գլուխ մի տարեք, ուղիղ ասեք, մենք էլ մեր անելիքը իմանանք:

Ես էս մոտեցման հետ համաձայն չեմ: Իմ համոզմամբ երկընտրանք իրականում չկա: Ռազմավարությունը անպայման պետք ա իրականացվի, գիտնականների քանակը պիտի ավելացվի, դրսից գիտնականներ բերելու ծրագրերը պիտի ուժեղացվեն, նոր լաբեր պիտի ստեղծվեն՝ թե՛ ներսում եղածներից առանձնանալու միջոցով, թե՛ դրսից ղեկավարներ բերելու: Ես ինքս դրանով զբաղվում եմ․ երեկ Լոս Անջելեսում էլ եմ ասել, դեկտեմբերին NeurIPS կոնֆերանսին էլ եմ բոլորին ասելու՝ եկեք Հայաստան․ գրանտները կան, հաշվողական ռեսուրսները կան, ուսանողները կան:

Էս ամբողջ պրոցեսի ճարտարապետը արդեն դուրս եկավ, բայց դա էլ պատրվակ չի գործը չանելու: Ով էլ նշանակվի իրա փոխարեն, պիտի 2027-ին ավելի մեծ բյուջե ունենա, քան 2026-ին էր, որ կարողանա ռազմավարությունը իրականացնել: Կոմիտեն էլ, ԲՏԱ նախարարությունն էլ, պիտի է՛լ ավելի մեծ բյուջե տրամադրեն աճող գիտությունն ու ինդուստրիան կապելուն, գիտությունը պետական կարիքներին ծառայեցնելուն — հատկապես երկրորդը ինքն իրան չի լինելու, նոր ջանքեր ու ռեսուրսներ ա պետք հատկացնել:

(երկրորդ նկարը մեր հոդվածների ու վորքշոփային պոստեռների քանակներն ա վերջին տարիներին)

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել