Ոտքի, դատարանն է գալիս
…Դատարանի դահլիճում գտնվողների հայացքներն ուղղվեցին Արամի կողմը: Անտարբեր, ոչինչ չասող հայացքները տագնապի զգացում առաջացրեցին Արամի մոտ և նրա ծնկներն ակամայից ծալվեցին…
Արամին սթափեցրեց դատավորի ազդու ձայնը․
– Ձեզ մեղադրանք է առաջադրվել ազգային, ռասսայական, կրոնական թշնամանք հարուցելու հանցանքի համար:
-Պարոն դատավոր, դուք ինձ մեղադրում եք մի հանցանքի համար, որը ես չեմ կատարել,- հակադարձեց Արամը՝ նվաղած ձայնով:
-Ձեր գործին կցված ձայնագրությունները, տեսագրությունները, բնակարանի խուզարկության ժամանակ գտնված իրեղեն ապացույցները բավարար են քրեական գործ հարուցելու համար:
Ձեր հիշողությունը թարմացնելու համար կներկայացնեմ տասնյակի հասնող հանցանշաններից մի քանիսը.
•Ձեր բնակարանի խուզարկության ժամանակ առգրավվել են գրքեր, որոնց հեղինակները արգելված են մեր նորանկախերկրում:
•Ձեր բնակարանում հայտնաբերվել են անցանկալի անձանց լուսանկարներ ու դիմանկարներ:
•Ընտանեական միջոցառումների տեսագրություններում դուք անհարգալից կարծիք եք հայտնում այլադավանության, այլոց մշակութային արժեքների վերաբերյալ:
•Ձեր նոր հարևանները բողոք են ներկայացրել, որ դուք դեմ առ դեմ հանդիպելու ժամանակ խոժոռում եք ձեր դեմքը և խուսափում նրանց բարևելուց…
-Պարոն դատավոր,-բացականչեց ապշահար Արամը .
-Ձեր նշած արգելված հեղինակների գրքերը պապերիցս փոխանցված ժառանգություն է:
Ձեր հիշատակած անցանկանալի անձիք մեր ազգային հերոսներն ու հայրենիքի պաշտպաններ են:
Ընտանեական միջոցառմանը կարծիք հայտնելը օրենքի խախտում չէ:
Հարևաններին բարևելուց խուսափելը խտրականության դրսևորման հանցանշան չի կարող համարվել …
Դատավորի սպառնալից ձայնը ընդհատեց Արամի խոսքը.
– Մեղադրյալ, նոր ժամանակները նոր պահանջներ են թելադրում: Մենք պետք է ժամանակին համընթաց քայլենք, անցյալը մերժելով՝ նոր գաղափարախոսություն, նոր տեսլականներ առաջարկենք հանրությանը:
Մեր երկիրը խաղաղության դարաշրջան է թևակոխել, մենք այլևս պաշտպանության կարիք չունենք: Անցյալում հերոս համարվող անձինք այլևս մեր հերոսները չեն: Նոր ժամանակների հերոսը սին պատրանքներից զերծ անխոնջ աշխատավորն է:
Մեր բազմազգ, բազմադավան, բազմամշակութային երկրում դավանանքի, մշակույթի նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում՝ խոսքի, բազմադիմի կարծիքի, քողարկված դիտավորության տեսքով քրեապես պատժելի արարք է համարվում…
Ուստի դատարանը հիմնավոր է համարում նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները և ձեզ մեղավոր է ճանաչում…
«ԱՅՈ՜, այո՜, պատժե՛լ հանցագործին»,- միահունչ պոռթկաց մինչ այդ դատավարությանը լուռ հետևող անդեմ բազմությունը…
-Ես արդար դատաքննություն եմ պահանջում, ես անմեղ եմ,- գոռաց Արամը …
Արամը կտրուկ «վեր թռավ» քնից: Սիրտը անկանոն բաբախում էր, չնայած աչքերը լայն բացած էին, չէր գիտակցում թե ինքը որտեղ է գտնվում: Նա դեռ երազի տպավորության տակ էր, վախենում էր աչքերը փակել, որ երազը չվերադառնա…
Արամը միացրեց լուսամփոփը, բացեց պատշգամբ տանող դուռը և դուրս եկավ ննջասենյակից: Գիշերային թարմ օդը զգաստացրեց, և նա փորձեց սթափ գլխով հասկանալ, թե ինչ կարող էր նշանակել իր երազը: Նա հստակ հիշում էր երազի բովանդակությունը բոլոր մանրամասնություններով, նաև«դատավարության» ամսաթիվը՝ 24 ապրիլի 2030 թվական: Երազի առաջացման սկզբնաղբյուրը գտնելու համար նա մտովի տեղափոխվեց ոչ հեռավոր անցյալ՝ 2018 թվականի ապրիլ ամիս…
Ժողովուրդը համակված էր հեղափոխական տրամադրությամբ: Երկրով մեկ բազմամարդ հանրահավաքներ, երթեր, ցույցեր էին տեղի ունենում: Արամը հեղափոխության առաջամարտիկ էր, մասնակցում էր բողոքի տարատեսակ գործողությունների, ճանապարհների, փողոցների, մայրուղիների փակմանը, դատարանների մուտքի և ելքի արգելափակմանը: Շատ հազվադեպ նա կասկածի տակ էր դնում իր գործողությունների օրինականությունը, սակայն անմիջապես փարատում էր կասկածները՝ համարելով, որ արդարության և պայծառ ապագա տանող բոլոր ճանապարհները ընդունելի են…
Հեռախոսի զանգը կտրեց Արամի մտքի թելը: Զանգողը կինն էր՝ Հռիփսիմեն. «Ներիր ուշ զանգի համար, երեխաները կարոտել են քեզ , խոստացել եմ, որ վաղը նրանց այցի կգաս…» …
Կնոջ երկար սպասված զանգը տակնուվրա արեց Արամի հոգին: Մեկ տարուց ավելի է, ինչ չէր տեսել երեխաներին: Ոչ շատ վաղուց նրանք հաշտ ու համերաշխ ընտանիք էին:
Պատերազմից հետո խաթարվել էր նրանց ընտանիքի խաղաղությունն ու անդորրը և խոր անջրպետ առաջացել իր և կնոջ՝ հարաբերություններում: Պատերազմում եղբորը կորցրած Հռիփսիմեն կորցրել էր նաև հավատն ու վստահությունը գործող իշխանությունների հանդեպ: Նա ակտիվորեն մասնակցում էր ընդդեմ իշխանությունների բողոքի ցույցերին ու հանրահավաքներին: Նրա անբաժան ուղեկիցն էր պատերազմի հետևանքով անվասալյակին գամված Արամի կրտսեր եղբայրը: Արամը ծանր էր տանում կնոջ և եղբոր մասնակցությունը «հակաիրավական»գործողություններին, համարելով որ այդ գործողությունները միտված են պետականության հիմքերի խարխլմանը…
Ժամանակի հետ հարաբերությունների խզումը կնոջ և եղբոր հետ ավելի խորացավ, ի վերջո կինը երեխաների հետ հեռացավ Արամից, ծանր խոսակցությունից հետո՝ եղբայրն էլ լքեց Արամին…
Արամը ծանր էր տանում կնոջ, երեխաների, եղբոր բացակայությունն իր կյանքում, սակայն այդ հանգամանքը չէր սասանում նրա նվիրվածությունը հեղափոխության արժեքներին: Ցանկացած այլակարծության դրսևորում անձնական վիրավորանք էր համարում և բազմաթիվ փաստարկներ էր բերում՝ իր տեսակետը հիմնավորելու համար…
Ժամանակն աննկատ սահում էր, օրերը դառնում էին ամիսներ, ամիսները՝ տարիներ, սակայն Արամի երազած ապագան դեռ չէր երևում: Նրա հայրենակիցները փողոց էին դուրս գալիս ազգային արժեքների պաշտպանության համար, Արամը լուռ էր: Երկիրը շագրենի կաշվի պես փոքրանում էր, իսկ նա չէր հավատում իր տեսածին: Երկրում թափ էր առնում ձերբակալությունների ալիքը, իսկ նա արդարացումներ էր փնտրում …
…Լուսաբացը մոտենում էր: Աստղերը մեկիկ-մեկիկ խամրում, հանգում էին երկնքի ծիրում: Հեռացող լուսինն իր հետ տանում էր խավարի հետքերը: Ծագող արեգակը նոր օր էր ավետում Արամի համար: Նա գիտակցում էր, որ իր երազն ու կնոջ անսպասելի զանգը սոսկ զուգադիպություն չեն, այլ խորհրդանշանական իմաստ ունեն և այդ խորհուրդը ապաշխարությունն է…
Արամը համոզված էր, որ կինն ու եղբայրը կներեն իրեն, իսկ նա երբևէ կների՞ ինքն իրեն․․․՝ ժամանակը ցույց կտա