1- Առաջին Մայիսյան հերոսամարտը սկսողը Անդրանիկն էր։ Մայիսի 16-ին իր սակավ ուժերով հակագրոհի անցնելով տասնապատիկ անգամ մեծ ուժերի դեմ՝ ներկայիս Գյումրիից 24 կմ հեռավորություն վրա նա մի ամբողջ օր կասեցնել է թշնամու առաջընթացը։
2 – Այն օրերին, երբ Գյումրիյում անակնկալի եկած գլխավոր կորպուսն իր հիմնական ուժերով խուճապահար նահաջում էր և դեռ որոշում չէր կայացվել դիմադրել Սարդարապատի կամ Ապարանի ճակատներում, իսկ Երևանի քաղաքային դուման ընդունել էր քաղաքը հանձնելու առաջարկը, Անդրանիկը՝ բազմահազար գաղթականների բեռը ուսերին, շարունակում էր մարտնչել և կոտրելով շուրջ 20 թուրքական գյուղերի դիմադրություն՝ գաղթականներին անց է կացրել Լոռի։
3- Ժողովրդական առաջին լուրջ հակահարվածին թուրքական զորքերը հանդիպել են ոչ թե Սարդարապատում կամ Ապարանում, այլ Ստեփանավանում, որտեղ Մայիսի 20-22-ին տեղաբնակները՝ միացած Անդրանիկի զորքին, մեծ ճակատամարտ են մղել թշնամու 5-րդ դիվիզիայի դեմ։
4- Ոչ թե Անդրանիկն է զորքով նահաջել Ստեփանավանից՝ մերկացնելով Ղարաքիլիսայի թիկունքը, այլ Գյումրիից Ղարաքիլիսայի զորքն է առաջինը նահանջում առանց պահելու ստրատեգիական առումով շատ բարենպաստ Ջաջուռի լեռնանցքը, առանց պահելու Սպիտակն ու Ապարան տանող խճուղին՝ մերկացնելով Անդրանիկի թիկունքը։ Ավելի լավ պատկերացնելու համար էս վիճակը արժի նշել, որ Անդրանիկն ուներ ընդամենը 3000 զինվոր, մինչդեռ լեռնանցքը պահելու Նազարբեկյանի հրամանը չկատարած և այդ նեղ պահին արձակուրդ մեկնած գեներալ Արեշյանի 5000-ոց զորքից մնացել էր 800-ը՝ դասալքության պատճառով։ Միևնույն ժամանակ, Նազարբեկյանի ավելի մեծ զորքը ևս չի պահում լեռնանցքը՝ հույսը դնելով Արեշյանի վրա և խուճապով անցնում է մինչև Դիլիջան։ Ի դեպ, զինվորների կողմից Նազարբեկյանին առաջրկներ եղել են՝ թե՛ լեռնանցքը պահելու, թե՛ Ապարանի ճանապարհին հրանոթներով դիրքավերվելու։ Վերջինի մասին դիմել էր հրետանավոր կապիտան Գուրգեն Տեր Մովսիսյանը, որի համբերությունը ի վերջո հատում է Դիլիջանում՝ Բեյ Մամիկոնյանի կապիտուլացիայի պահանջից։
5- Ստեղծված իրավիճակում Ստեփանավանից Դսեղ Անդրանիկի շարժվելը միակ ճիշտ որոշումն էր շրջափակումից խուսափելու, երկաթուղին պահելու և Թիֆլիսի կոտորածը կանխելու համար։ Կռվելով իրեն հետապնդող թուրքական 5-րդ դիվիզաիյի դեմ Անդրանիկը կարող էր շրջափակման մեջ ընկնել Նազարբեկյանին հետապնդող 9-րդ և 11-րդ դիվիզաիների կողմից, որոնցից մեկը հետագայում ուղիղ գծով շարժվում է դեպի Վանաձոր, մյուսը՝ իջնում է Ապարան, ինչպես որ Գուրգենն էր պատկերացնում։
6- Անդրանիկի ճիշտ որոշման մասին է վկայում նաև Դսեղում երկաթուղին պահելու Նազարբեկյանի հրամանը, թեպետ մի կողմից էլ այդ քայլով Անդրանիկին լուրջ մարտական գործողություններից հեռու պահելու միտում կար՝ Բաթումում կնքվող բանակցությունների շեմին ինքնագլուխ գործելու պատրաստ գեներալից խոչընդոտների չհանդիպելու համար։ Դա էր պատճառը, որ ճակատը չհանձնվեց Անդրանիկին, ոչ էլ Նժդեհին, Ղորղանյանին, Սամարցյանին, այլ ամենաապիկար հրամանատարին՝ Բեյ Մամիկոնյանին, որը հանդես եկավ թուրքերի բոլոր պահանջներն ընդունելու կոչով։
7- Ղարաքիլիսայի եռօրյա մարտերի ձախողման օրը միայն Բեյ Մամիկոնյանը ֆիկտիվ մի նամակ է ուղարկում Անդրանիկին՝ Ղորղանյանի աջ թևը անցնելու ԽՆԴՐԱՆՔՈՎ։ Ունենալով Նազարբեկյանի հրամանը՝ Անդրանիկը պարտավոր չէր ընդունել իրեն ոչ վերադաս մեկի խնդրանքը, միևնույն ժամանակ՝ լավ հասկանալով, որ չի կարող իր ուժերը դնել մի ապիկարի տրամադրության տակ և փոշիացնել, ինչը որ եղավ Վանաձորի ուժերի հետ։ Ինչպես որ ցույց են տալիս Ղարաքիլիսայի մասնակից հրամանատարների արխիվային զեկուցագրերը՝ Անդրանիկին իբրև թե սպասելու օրը, առավոտվանից հրաման է եղել տարհանելու Ղարաքիլիսայի ռազմամթերքը, ինչը նշանակում է, որ հետագա դիմադրության միտում այլևս չի եղել։ Անդրանիկի զինվորների հաշվին ուզում էին ավելի ապահով դարձնել իրենց նահանջը։ Բեյ Մամիկոնյանը ավտոմոբիլով առաջին փախչողներից էր՝ առանց հարկ եղած կազմակերպելու զորքի կանոնավոր նահանջը։
8- Ունենալով մանևրելու մեծ դժվարություններ՝ շուրջ 20 000 գաղթականներով ծանրաբեռնված լինելու պատճառով, Մայիսյան կռիվների ողջ ընթացքում Անդրանիկն իր նահանջի ճանապարհին կազմակերպել է բնակչության տարհանումը, անտեր թողել է միայն կամովին թուրքերին հանձնվելու պատրաստ մարդկանց։ Մինչդեռ Վանաձորի 7000-ոց զորքը պարտություն կրելուց հետո իրեն կորցրած փորձել է փախչել դեպի Թիֆլիս, ինչի հետևանքով նրանցից 5000-ը բորչալուի թաթարների զոհն են դառել, իսկ Վանաձորի 6-7000 բնակչությունը մնալով անպաշտպան՝ կոտորվել է։
9- Ղարաքիլիսայի ճակատամարտը նշանակալից եղավ Սարդարապատի և Ապարանի հաղթանակների համար, բայց Երևանի թիկունքն ի վերջո պահել է ոչ թե այդ ճակատում կռվող զորքը, որոնց պաշտպանությունը թուրքերը ճեղքել էին, այլ Անդրանիկի զորամասը, որն անցնելով Դիլիջան հասցրել է ամրություններ սարքել ու պատրաստվել դիմադրության։ Վերջին պատնեշը թուքրերի առջև եղել է Դիլիջանը։
10 – Մայիսյան հերոսամարտերից հետո Անդրանիկն անցնելով Բաթումի պայմանագրով թշնամուն հանձնված տարածնքերի պաշտպանությանը՝ ամիսներ շարունակ մարտնչել է Նախիջևանի, հետո Սյունիքի և Արցախի համար։ Այս շրջանի հերոսականը բախտորոշ նշանակություն ունեցավ հայության համար, քանի որ աշխարհամարտում պարտվելուց հետո էլ թուրքերը ամբողջովին չհեռացան իրենց գրաված տարածքներից և, եթե հայ բնակչությանը կոտորելով ու տեղահանելով՝ նվաճած լինեին արդեն թղթով իրենց հանձնված Սյունիքն ու Արցախը՝ տարածքները լցնելով մուսուլմաններով՝ հետ խլելը անհնար կլիներ, քանի որ ինչպես հետագան ցույց տվեց՝ 19-20 թվականներին հազիվ հնարավոր եղավ դրանք պաշտպանել իրենց հայկական վիճակում։
Հ․ Գ․
Մայիսյան հերոսամարտերին Անդրանկի բացառիկ կարևոր վաստակի մասին այն օրերին հստակ նշում էին։ Այդ թվում նշում էր դաշնակցության հիմնադիրներից՝ Ռոստոմի խմբագրած թերթը։
Մինչդեռ մեր օրերում էս ամենը շրջանցվել ու մոռացության է մատնվել, եթե չասենք, որ միտումնավոր խեղաթյուրվել է։
Պատմական ճշմարտությունը համարժեք դասեր քաղելու և արժնապատիվ ապագա կերտելու բանալին է։
Դավիթ Ստեփանյան-ի էջից