Մի գուցե մարզերի բնակիչները կոշիկները Երևանի մուտքի մոտ հանեն ու ոտաբոբիկ մտնեն իրենց մայրաքաղաք։ Այսինքն
Երևանը միայն երևանցիների՞ մայրաքաղաքն է…
Խայտառակությո՛ւն։
Ի՞նչ է նշանակում՝ մարզերում գրանցված մեքենաները չեն կարող մուտք գործել Երևան։ Ո՞րն է այդ սահմանափակման առավելությունը, և ինչո՞վ են մեղավոր մարզերի բնակիչները։
Ի՞նչ եք ուզում՝ մարդիկ վաճառեն իրենց տները, թողնեն իրենց բնակավայրերն ու տեղափոխվեն Երևա՞ն, որպեսզի կարողանան ազատ տեղաշարժվել և այցելել մայրաքաղաքում իրենց անհրաժեշտ վայրերը։
Երևանը միայն երևանցիներինը չէ։ Այն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն հավասար իրավունքներով զգա սեփական երկրի մայրաքաղաքում։
Մարզերի բնակիչներն էլ հարկեր վճարող, իրավունքներ ունեցող ՀՀ քաղաքացիներ են։ Նրանք նույնպես պետք է կարողանան գալ Երևան ու ազատ տեղաշարժվեն իրենց Հայրենիքում,` առանց անհիմն խոչընդոտների։
Եթե նման սահմանափակումներ են նախատեսվում, ապա հասարակությանը պետք է հստակ բացատրել դրանց իրավական հիմքը, նպատակը և ազդեցությունը քաղաքացիների իրավունքների վրա։
Հայաստանը բոլորինս է, իսկ Երևանը՝ բոլոր հայերի մայրաքաղաքը։
Մարզերի բնակիչներին երկրորդ կարգի քաղաքացիների տեղ դնելն անընդունելի է։
Իսկ եթե ցանկանում եք կարգավորել երթևեկությունը, ապա նախ ուսումնասիրե՛ք միջազգային փորձը։ Տասնյակ միլիոնավոր բնակիչ ունեցող քաղաքներում երթևեկությունը կազմակերպում են խելամիտ քաղաքականությամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ և հասարակական տրանսպորտի բարելավմամբ, ոչ թե մարդկանց բնակության վայրով պայմանավորված խոչընդոտներ ստեղծելով։
Միջազգային փորձ սովորե՛ք պարոնայք (սովորելն ամոթ բան չի) և կիրառե՛ք արդյունավետ լուծումներ, ոչ թե սահմանափակե՛ք մարզերի բնակիչների իրավունքները։
Մի գուցե մարզերի բնակիչները կոշիկները Երևանի մուտքի մոտ հանեն ու ոտաբոբիկ մտնեն իրենց մայրաքաղաք, ի՞նչ կասեք պարոն փոխքաղաքապետ։