Տանից դուրս եկա, քայլելով իջա Տաթևի վանք: Մոմ վառեցի, հետո մտա Գրիգոր Տաթևացու դամբարան, կողքը նստեցի, մի քիչ զրուցեցի հետն ու դուրս եկա: Եկեղեցու դռնից դուրս գալուս պահին, դեռ դուրս չեկած, տեսարանի ականատես եղա, որ հիմա կանգնած ու մտածում եմ՝ «ինչքա՜ն մտածելու բան ունենք մենք»։
Ուզում եմ դրա մասին Ձեզ էլ պատմել: Պատմել հենց այն, ու հենց այնպես, ոնց տեսել եմ:
Եկեղեցուց դուրս գալուց, ելքի մոտ շրջվեցի դեպի խորան, խաչակնքվեմ ու նոր դուրս գամ:
մի երիտասարդ ընտանիք` դռան դրսի կողում էր, պատրաստվում էր ներս մտներ։ Ամուսինն էր, կինն ու իրենց փոքրիկը՝ մի 4 տարեկան հազիվ լիներ։
Տաթևից չէին, բայց կարծում եմ մեր շրջանից են, կողքի գյուղերից կամ քաղաքներից, որովհետև իրենց էլի մի քանի անգամ հանդիպած կամ վանքում:
Երիտասարդի ու իր կնոջ ձեռքին մոմեր կային: Երևի մտել էին տան մոմավաճառի մոտ, մոմ առել ու եկել էին որ մտնեն ներս։ Հայրը կանգնեց, կոպեկներ կար ձեռքին, կարծում եմ մոմերը գնելուց հետո մոմավաճառի հետ տված (զդաչին) – մանրադրամներն էր, տեղավորում էր գրպանում որ նոր մտնեն ներս։
Այդ պահին մի քանի կոպեկ ձեռքից ընկան գետնին։
Երեխան տեղնուտեղը կռացավ, արագ-արագ հավաքեց կոպեկներն ու ձեռքի մեջ պինդ պահեց։ Հայրը ձեռքը պարզեց, սպասում էր որ երեխան հիմա դրանք կտա իրեն, բայց չտվեց։ Շրջվեց ու կողքովս վազելով մտավ ներս` եկեղեցի։
Մինչև ծնողները կհասկանային՝ ինչ է կատարվում, երեխան արդեն եկեղեցու ներսում էր։ Աջ կողմում, պատի տակ եկեղեցու էն հանգանակության մեծ արկղն է դրված, ու էս պստոն ուղիղ վազեց դեպի էդ կողմը։ Հայրն ու մայրը հետևից մի երկու քայլ առաջացան, կանգնեցին համարյա կողքս ու ձայն տվեցին` «Կանգնի, սպասի, էդ ուր, արի՛ ստեղ…»։ Բայց հենց տեսան թե երեխան ինչ է անում, ձայները կտրվեցին։
Փոքրիկը կանգնեց արկղի մոտ ու իր հավաքած կոպեկները հերթով` հատիկ առ հատիկ գցեց արկղի մեջ։ Էնքան լուրջ ու կենտրոնացած էր դա անում, ոնց որ դա աշխարհի ամենակարևոր գործը լիներ իր համար։
Ես դուրս չեկա եկեղեցուց, ինձ հետաքրքիր էր հետոն: Հնեց ելքի մոտ, ներսի կողմից աջ ու ձախ կողմի պատերի տակ նստարաններ կա, նստեցի ու նայում եմ: Հայրը առաջացավ ու մոտեցավ երեխային, ոչինչ չասաց, ուղղակի կքանստեց նրա առաջ ու ամուր գրկեց։ Էնքան ջերմ ու երկար էր գրկել, որ զգացվում էր՝ էդ պահին ինքն էլ էր հուզվել, կամ հպարտացել, կամ էլ գուցե երկուսն էլ միասին։ Գրկած համբուրում էր երեխային: Մայրն էլ, որ կողքին կանգնած էր, ձեռքը դրած երեխայի գլխին մազերն էր շոյում։
Ես նստած նայում էի ու մտածում, որ մենք՝ մեծերս, եկեղեցի ենք գալիս, մոմ ենք վառում, ինչ-որ բաներ ենք խնդրում, հազար ու մի հաշվարկ ենք անում, բայց էս երեխան առանց ոչ մի բան ակնկալելու, առանց (գուցե ընկալելու ու հասկանալու), առանց երկար-բարակ մտածելու՝ արեց այն, ինչ պետք էր։
Նա այդ կոպեկները չպահեց իրեն, սովորաբար նման դեպքերում երբ երեխայի մոտ գումար է հայտնվում, մտածում են պահեն խաղալիք առնեն, կոնֆետ առնեն… և այլն: Իսկ ինքն ուղղակի տվեց վանքին։ Դրանք մեզ համար են կոպեկներ, երեխայի համար դրանք կոպեկներ չեն, դրանք գումար են` փող, քիչ-շատ չկա իրանց համար, հաշվարկ չկա, փողը փող է:
Ինչն ինքն արեց դա իր քայլն էր, իր ուզած քայլը։
Երեխաներն հաճախ են ինձ այսպես ապշեցնում: Նրանք առանց կրթության, առանդ դիպլոմների, առանց կյանքի փորձի, ուսուցիչ չլինելով, մեզ էնպիսի դասեր են տալիս, որ չես կարող չապշել։
Մենք ամեն ինչի մեջ ուզում ենք տրամաբանություն փնտրել, իմաստ գտնել, բայց իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Սա վառ օրինակ, Էդ փոքրիկն իր անմեղությամբ ցույց տվեց, ստիպեց կանգ առնել ու մտածել, թե ինչն է կյանքում իրականում կարևոր։
Նրանք երկար մնացին եկեղեցու ներսում, մոմ վառեցին, պտտվեցին, լուսանկարվեցին… Ու նրանց հայացքների մեջ այնպիսի հպարտություն, խաղաղություն ու սեր էի տեսնում այդ ամբողջ ընթացքում, որ ուղղակի խոսքերով չեմ կարող բացատրել։
Ես էլ… դուրս եկա եկեղեցուց, նստեցի ու գրեցի սա, տեղադրեցի այստեղ որ կարդաք: Իսկ հիմա էլ դուրս եմ գալիս վանքից, քայլելով հետ բարձրանամ տուն…
Երբեմն մենք երեխաներին տանում ենք եկեղեցի, որ նրանց իբրև թե մեր արևին ինչ-որ բան սովորեցնենք, բայց ստացվում է այնպես, որ իրենք են մեզ սովորեցնում…
Մեզնից յուրաքանչյուրը պիտի իր մեջ երեխայի ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ունենա… Շատ չէ: Գոնե մի քիչ…