Ցանկացած քրիստոնյա, որ քիչ թե շատ ծանոթ է սրբերի վարքին, հանդիպած կլինի այնպիսի դեպքերի, երբ հոգևորականները իրար հետ խնդիր ունենալու դեպքում աղոթել են միմյանց համար ու խնդիրը լավագույն լուծումն է ստացել:
Հիմա իմ համար շատ տարօրինակ է, երբ որևէ հոգևորական հայտարարում է, թե իր եպիսկոպոսի կամ Վեհափառի հետ անհամաձայնություն ունի և պատարագի ընթացքում աղոթքի մեջ չի հիշատակում նրանց անունները: Ստացվում է առաքելական ընկալումներից շեղում դեպի բողոքական եկեղեցու ընկալումներ, ինչպես Մարտին Լյութերի պարագայում էր Կաթոլիկ եկեղեցում:
Սրբերի վարքում նաև տեսել եմ, որ ինչ անարդարություն նրանց հետ կատարվել է, այլոց չեն մեղադրել ու արժանի են համարել իրենց բաժին հասած ամենատարբեր դժվարությունները, պատիժները, նեղությունները ու արդյունքում սրբացել են էս մարդիկ և ահռելի մեծ օգուտ են տվել թե´ ազգին, թե´ եկեղեցուն, թե´ իրենց նեղացնողներին:
Հիմա երբ ես տեսնում եմ հոգևորական, որ ասում է իմ հանդեպ անարդար են վարվել, հասկանում եմ, որ իր ներսի կրքեր հավասարակշռելու ուղղությամբ չի ընթանում այդ անձը, տեսնում եմ շեղում առաքելական ուղղադավան ընթացքից, տեսնում եմ, որ չի ցանկանում իր հպարտությունը բուժել խոնարհությամբ:
Առավել զարմանալի է, որ բողոքականությանը հատուկ դրսևորմամբ հանդես եկած անձիք իբրև թե հաշտ չեն Վեհափառի հետ ունեցած անհամաձայնության մասով, բայց տարօրինակ զուգադիպությամբ հաշտ են երկիրը կործանողի հետ, ոչ մի անհամաձայնություն չունեն ու դեռ մի բան էլ ցանկանում են օգտակար լինել Եկեղեցուն նեղություններ հասցնելու հարցում:
Լավ, էդ անհամաձայնությունն ունեիք, բողոքական Մարտին Լյութեր գտնվեցիք, բա Հայաստան, Արցախ աշխարհների ու հայ ազգի մասն ինչու՞ հանեցիք աղոթքից (կարդացի, որ դա էլ են հանել էս վերջին պատարագին), էդ ի՞նչ կապ ուներ ձեր անհամաձայնության հետ:
Եվ մնում է ասել` ինչ լինում է, Փառք Աստծո, թող լինի, թող մաքրվի եկեղեցին բողոքականության ավանդույթներով առաջնորդվողներից: Մերը Հայ Առաքելական եկեղեցին է, ի սկզբանե հպարտության կրքով կառավարվող բողոքականության հետ գործ չունենք:
Հ.Գ. Արդարության համար ասենք, որ յուրաքանչյուրս էլ սայթաքում ենք մեղքերի հարցում, ինչ որ ընթացքում տկարությունից բողոքում, բայց գիտենք ճշմարիտ ընթացքը ու համենայն դեպս ջանք ենք գործադրում հենց առաքելական ընկալումների համաձայն շտկվել, ապաշխարել: