Հիշում է 13-ից մեկը․ ընդհատակյա պայքար հանուն Արցախի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Նվարդ Սողոմոնյանի հարցազրույցը գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի հետ
13-Ի ՀԱՅՏՆԻ ՆԱՄԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ
31.01.2013 10:23
1988¬ի Ղարաբաղյան ազգային-ազատագրական զարթոնքը դատարկ տեղում չի ծնվել, նրա արմատներն ավելի խորն են, հասնում են մինչև 20-րդ դարասկիզբ, երբ հայկական այս տարածքը, որն իր դարավոր պատմության ընթացքում չի ենթարկվել օտար բռնավորներին, պահպանել է իր անկախությունն ու ազատությունը, խորհրդային նորաստեղծ իշխանության կողմից բռնակցվեց խորհրդային Ադրբեջանին։ Պայքարը Ղարաբաղի գաղութացման դեմ շարունակվեց յոթ տասնամյակ՝ կրելով բողոքների, նամակների, տարերային ցույցերի ու հանրահավաքների, Խորհրդային Միության կոմկուսի Կենտկոմ հղված զանգվածային ստորագրությունների ձև։ Ազգային-ազատագրական շարժման յուրաքանչյուր բարձրացած ալիք ճնշվում էր Խորհրդային Ադրբեջանի կողմից՝ Խորհրդային Կենտրոնի աջակցությամբ. գործադրվում էին թուրք-ազերական բռնակալ իշխանության պատմության մեջ հայտնի բոլոր ձևերը՝ բանտ, աքսոր, մտավորականության սերուցքի ջարդ, հալածանքներ, դուրսմղում հայրենական բնակավայրից։
Սակայն հալածանքներն ի զորու չէին մարելու արցախահայության ազգային-ազատագրական պայքարը, որի հուժկու ալիքը Գորբաչովի հռչակած վերակառուցման, ժողովրդավարության, հրապարակայնության ընձեռած պայմաններում հորձանք տվեց 1988¬ին։
1960-1965 թթ. արցախահայության պայքարը բացահայտ բնույթ կրեց։ Մարդկանց հիշողության մեջ այսօր էլ դեռ մնում է մարզի ավտոբազայի աշխատողների բողոքը. 350 հոգի նամակ հղեցին ԽՄԿԿ Կենտկոմ` պահանջելով Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Խորհրդային Հայաստանին։ Նամակում ծանրակշիռ փաստարկներ կային մարզի տնտեսության ծանր վիճակի, Ադրբեջանի ղեկավարների թշնամանքի և ազգային խտրականության մասին։ Սա համարվեց ազգայնամոլություն, դաշնակցական գաղափարախոսության արտահայտություն։ Շատ չուշացավ բողոքի հերթական ալիքը, որը պատմության մեջ մտավ ՙ13-ի նամակ՚ հայտնի անվանումով։ 1965թ. ամռանը մարզի ղեկավար աշխատողներից 13 հոգի ընդարձակ նամակով դիմեցին ԽՄԿԿ Կենտկոմ, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ և Մինիստրների խորհուրդ։ Նրանք հանգամանալից նկարագրում էին մարզի քաղաքական, տնտեսական, մշակութային անտանելի վիճակը 1921 թվականից ի վեր, և միակ փրկությունը տեսնում էին մարզը Հայաստանին միացնելու մեջ։
Հայտնի նամակն ստորագրողներից՝ 13-ի վերջին մոհիկանը գրող, հրապարակախոս, վաստակավոր լրագրող Մաքսիմ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է, ում դիմեցինք վերհիշելու այն օրերի իրադարձությունները, դեպքերը, որոնք նախապատրաստեցին 1988¬ի ազգային-ազատագրական շարժման հուժկու ալիքը։

  • Մաքսիմ Երվանդի, խորհրդային-ազերական գաղութային լծի պայմաններում հեշտ չէր ստորագրել նման նամակի տակ։ Ի՞նչ սպասումներ ունեիք։
  • Քրիստոսը հարություն առնելով՝ այցելում է իր առաքյալներին։ Տասներկուսից մեկը՝ Թովմասը, բացակայում էր։ Քրիստոսը, այցելության գալով, նրանց ինչ որ պետք է ապսպրեց, հորդորեց ու գնաց։ Երբ Թովմասը եկավ, մյուս առաքյալներից իմացավ Որդու հարության մասին։ Թովմասը կասկածեց։ Մարդ էր, թեկուզ առաքյալ, կասկածեց։ Դա անզգուշություն էր նրա կողմից, բայց լեզվի թռիչք եղավ, և ասաց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ Մեկ շաբաթ և մեկ օր անց Քրիստոսը նորից է այցելում աշակերտներին։ Փակ դռներից ներս է մտնում, բոլորին խաղաղություն մաղթում, իսկ Թովմասին մատով կանչում է իր մոտ և ասում. «Բեր քո մատները և դիր այստեղ ու տես իմ ձեռքերը, և բեր քո ձեռքը ու մտցրու իմ կողի մեջ»։ Հետո խստագույնս հանդիմանում է.«Անհավատ մի եղիր, այլ հավատացյալ»։ Թովմասը մեղանչական խոսքեր է մրմնջում, փորձում արդարանալ, բայց Քրիստոսը ընդհատում է սկեպտիկ աշակերտին. «Որովհետև դու ինձ տեսար՝ հավատացիր, երանի նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան»։
    Ինչու աստվածաշնչյան Հովհաննես Ավետարանիչի այս պատմությունը վերհիշեցի։ Այն հեռավոր 1965-ին, երբ գրվեց հանրահայտ նամակը՝ ուղղված ԽՄԿԿ Կենտկոմին, նրա տակ ստորագրեցին 13-ը, չնայած շատերին առաջարկվեց։ Անշուշտ, նամակի տակ ստորագրել կցանկանային շատերը, բայց բոլորը չէին, որ հավատում էին Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու հնարավորությանը։ Մենք՝ 13-ս, հավատում էինք։ Հավատացողներ գուցե էլի կային, բայց՝ քիչ։ Շատերը չէին հավատում։ Շատերն էլ կամ մորթապաշտ էին, կամ իրենց կարիերան էին խնայում։ Մինչև ԼՂ մարզկոմի հանրահայտ բյուրոյի նիստը, որտեղ քննարկվեց 13-ի նամակը, մեզնից մեկն ասաց. «Սա առիթ կլինի, որ ոմանք պաշտոններ ստանան, ոմանք էլ՝ հալածվեն»։ Սա նշանակում է, որ մենք գիտեինք, թե մեզ ինչ է սպասվում։ Ստորագրողների մի մասը հալածվեց, գնաց Հայաստան, ոմանք մեղա եկան, այստեղ մնացողներս էլ մշտապես մնացինք ՊԱԿ-ի «հսկողության» տակ։
  • Դեպքերից առաջ անցանք, գուցե նամակը գրելու նախապատմությունն անեք։
  • 1958-ին ավարտել էի Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը և անմիջապես աշխատանքի անցել ԼՂ մարզային ռադիոխմբագրությունում՝ որպես հասարակական-քաղաքական հաղորդումների ավագ խմբագիր։ Գրողների միությունը մարզխորհրդի շենքում էր։ Կամ այնտեղ էի գնում, կամ այնտեղից էի դուրս գալիս, երբ միջանցքում հանդիպեցի Վառլեն Լազարյանին, ով գյուղվարչության աշխատակիցն էր։ Վրդովված ինձ ցույց տվեց հերթական հնգամյակի դիրեկտիվները, որտեղ պարզ երևում էր Ադրբեջանի վարած խտրական քաղաքականությունը։ Հատկապես տարբերությունը ցայտում էր, երբ համեմատությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ էր։ Այս դեպքերից առաջ Ստեփանակերտի ավտոբազայում ցույց էր եղել Բաքվի վարած խտրական քաղաքականության դեմ։ Օրինակ, հսկայական տարբերություն կար Աղդամի և Ստեփանակերտի տաքսիստների վարձավճարի միջև։ Սա բազմաթիվ փաստերից միայն մեկը նշեցի։ Այդ քաղաքականությունը մանրամասնորեն իր արտացոլումն է գտել մեր նամակի մեջ, որը գրվեց-ձևավորվեց շատ արագ, խմբագրվեց, լրացվեց գրողների միության ԼՂԻՄ բաժանմունքի պատասխանատու քարտուղար, գրող-հրապարակախոս Բագրատ Ուլուբաբյանի աշխատասենյակում։
  • Եղե՞լ են դժկամությամբ ստորագրողներ կամ մարդիկ, որոնք հրաժարվել են ստորագրելուց։
  • Դժկամությամբ ստորագրողներ չեն եղել, բայց եղել են սովետական-կուսակցական, տնտեսական մարմինների ղեկավար աշխատողներ, որոնք հրաժարվել են։ Անուններ չեմ ուզում նշել, նույնիսկ պաշտոնյաներից մեկը, որին դիմել էինք, այնքան փոքրոգի է գտնվել, որ անմիջապես վազել է ԼՂ մարզկոմի քարտուղարի մոտ և զեկուցել մեր նամակի մասին։ Լավ հիշում եմ, երբ Ուլուբաբյանը կանչել է Լազր Գասպարյանին, ով եկավ, կարդաց նամակը, ստորագրեց և ասաց. «Ես ոչ միայն այս նամակի տակ ստորագրեցի, այլև իմ աշխատանքից ազատվելու հրամանի տակ»։ Նամակը ես ինքս տարա Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն Ալբերտ Սեյրանյանին, ով կարդաց ու ասաց. «Ստորագրում եմ։ Ինչ է, հո դիպլոմս էլ չեն ձեռքիցս առնելու»։ Ստորագրողներս քաջ գիտակցում էինք հետևանքները։
    Ի դեպ, չմոռանամ նշել, որ փաստերի ձևակերպման հարցում մեզ մեծապես օգնել է կուսակցության մարզկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Սերգեյ Ասլանյանը, ով կցանկանար, բայց ի պաշտոնե չէր կարող ստորագրել։ Ի դեպ, արժե հիշել նրա ելույթը կուսակցության մարզկոմի բյուրոյի 1965թ. դեկտեմբերի 9-ի ընդլայնված նիստում, երբ պաշտպանեց նամակի դրույթները, ինքն էլ իր հերթին բերեց փաստեր, որոնք ցույց են տալիս, որ մարզը Ադրբեջանի կազմում թողնելն անմարդկային է։ Չմոռանամ նշել նաև, որ 13 հեղինակներից 4-ը (Բ. Ուլուբաբյան, Ս. Շաքարյան, Լ. Գասպարյան, Գր. Ստեփանյան) երկրորդ նամակն էին հղել ԽՄԿԿ Կենտկոմի Նախագահություն, դատապարտել այն երևույթը, որ մեր դիմումի քննությամբ զբաղվում են մարդիկ, ովքեր հենց իրենք կոխկրտում են արցախահայության ազգային ու մարդկային իրավունքները։ Ընդլայնված նիստում 3-4 հոգի իրենց ելույթներում գտան, որ չի կարելի այդ նամակների մեջ տեսնել հակաօրինական կամ հակակուսակցական որևէ բան։ Շուրջ 30 հոգի, մարզային ու շրջանային օղակների ղեկավարներ, դատապարտեցին դիմումները, դրանց հեղինակներին համարելով Ադրբեջանի «մարդասեր» ղեկավարության վրա ցեխ շպրտողներ, ովքեր նպատակ ունեն սեպ խրել հայ-ադրբեջանական բարեկամության մեջ։
  • Իսկ նամակի հեղինակների արձագա՞նքը։
  • Մենք վճռական էինք։ Նիստում նորից հաստատեցինք մեր դիրքորոշման արդարացիությունը, սակայն ոչ մի օգուտ։
  • Մարզկոմի քարտուղարի՝ Մելքումյանի վերաբերմունքն ինչպիսի՞ն էր։
  • Էությամբ նա մեղմ մարդ էր, բայց մնում էր որպես խորհրդային կուսակցական ղեկավար աշխատող։ Ասում էին, որ նախապես նրան կանչել էին Գորիս, առաջարկել Շարժման կողմն անցնել, ինչը մերժվել է։ Այսպիսով, կուսակցության ԼՂ մարզկոմի բյուրոյի ընդլայնված նիստը դատապարտեց ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու առաջարկը։
  • Այնուամենայնիվ, Դուք ի՞նչ էիք ակնկալում Մոսկվայից։
  • Միամտորեն կարծում էինք, թե Մոսկվան ազգային հարց կլուծի, այլապես ինչո՜ւ պիտի նամակ գրեինք։ Այդ նույն միամտությունն էր, չէ՞, որ կար 1988-89-ին, երբ բողոքի նամակներ էին գրում Կենտկոմին։ Մեր՝ 13-ի նամակը խթան հանդիսացավ, որ Ղարաբաղով մեկ մեծ շարժում՝ ստորագրահավաք սկսվեր։
  • Ինչպիսի՞ն եղավ ձեր նամակի արձագանքը Մոսկվայի և Բաքվի կողմից։
  • Մոսկվայում, կուսակցության Կենտկոմում խոստացան հանձնաժողով ուղարկել Ղարաբաղ` տեղում հարցը քննելու, ժողովրդի տրամադրությանը ծանոթանալու, առաջարկություններ ներկայացնելու։ Հանձնաժողովը եկավ՝ ուղեկիցներ վերցրած Բաքվի դրածոներից, որոնք Կենտկոմի նախագահությանը զեկուցեցին, որ Ղարաբաղում թերություններ ու բացթողումներ կան, որոնք Ադրբեջանի ղեկավարները ժամանակի ընթացքում կվերացնեն։ Դրան հետևեցին հանրապետության ղեկավարների այցերը մարզ, ապա Ստեփանակերտ ժամանեց Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Ելիստրատովը, մեզ՝ նամակի հեղինակներիս հավաքեց, հորդորեց հրաժարվել քաղաքական պահանջից, խոստացավ, որ նամակում բարձրացված տնտեսական հարցերը կլուծվեն։
  • Հետո սկսվեցին հաշվեհարդարի ժամանակները։
  • Այո։ Ադրբեջանի ղեկավարությունը քաղաքական շանտաժի ու ազգամիջյան կոտորածի սպառնալիքով այս անգամ ևս կասեցրեց հիմնահարցի քննարկումը։ Մեր՝ 13 «անհնազանդ ազգայնամոլների» դեմ գործադրվեցին հալածանքների ու բռնությունների դաժան միջոցներ։ Կարճ ժամանակում ենթարկվեցինք կուսակցական տույժերի. ոմանք զրկվեցին մարզում աշխատելու հնարավորությունից։ Բագրատ Ուլուբաբյանն ազատվեց գրողների միության ԼՂԻՄ բաժանմունքի պատասխանատու քարտուղարի, Գրիշա Ստեփանյանը՝ մարզային ռադիոյի ավագ խմբագրի, Գուրգեն Գաբրիելյանը՝ կուլտուրայի մարզային վարչության պետի, Լազր Գասպարյանը՝ «Սովետական Ղարաբաղ» մարզային թերթի խմբագրի, Արկադի Մանուչարյանը՝ Ստեփանակերտի թիվ 59 շինվարչության պետի պաշտոններից։ Բյուրոյի նիստից մի քանի ամիս հետո ինձ էլ պաշտոնանկ արեցին, ռադիոխմբագրությունում աշխատեցի՝ որպես թղթակից։
  • Իսկ ի՞նչ կասեիք 13¬ի նամակի պատմական նշանակության մասին։
  • 13-ի նամակը 1960-1965-ականներին ազգային շարժումների բարձրակետը հանդիսացավ, որն առիթ դարձավ 70-ականների ցնցումներին, ապա 1988-ի համաժողովրդական, համազգային պայքարին։ Նորից դիմենք Աստվածաշնչին։ Երանի նրանց, ովքեր հավատում էին։ 13-ս հավատում էինք, և մեր ցանած սերմը պտուղ տվեց, քանզի ծլունակ սերմը ապառաժի վրա չընկավ, ընկավ պարարտ հողի մեջ և հազարապատիկ պտուղ տվեց. դարերում կրած երկարաշղթա պարտություններից հետո 20-րդ դարավերջին հայությունը հաղթանակ տարավ։
  • Մի առիթով դուք ասել եք, որ գիրք եք գրում «Հեռացող երկրի կարոտը» վերնագրով։ Վերնագրի մեջ կարծես տագնապ կա…
  • Պատմվածքների և վիպակների ժողովածու է, աշխատանքներն ավարտված են, լեյտմոտիվը երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակն է, երբ մարդ ստիպված է լինում լքել հողը։ Տպագրության է պատրաստ նաև «Չաստվածների խնջույքի» երրորդ մասը։
  • Ե՞րբ կդրվի ընթերցողի սեղանին։
  • Տեսնենք։ Բարենպաստ պայմանների դեպքում լույս կտեսնեն։
    Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել