Սիրելի՛ ընկերներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երկարամյա և խորքային հետազոտական աշխատանքները պաշտոնապես ավարտվել են։ Մեր հեղինակած «ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ։ «ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՑԱՆՑԱՅԻՆ ՄԱՏՐԻՑԱՆ» մենագրությունը հաջողությամբ անցել է անանուն գրախոսական ու ամբիոնի ակադեմիական փուլը և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից երաշխավորվել է հրատարակության: Գիրքը շուտով լույս կտեսնի:
Հակիրճ գրքի մասին.
Այս աշխատանքով փորձել ենք Հայկական քաղաքակրթության ուսումնասիրությունը դուրս բերել սոսկ պատմամշակութային (նկարագրական) դաշտից և տեղափոխել չափելի, ինդեքսավորված ու մոդելավորվող գիտության տիրույթ: Ժամանակակից աշխարհում պետությունը այլևս չի կարող սահմանափակվել միայն քարտեզի գծված սահմաններով: Աշխատանքում առաջ է քաշվում և հիմնավորվում միանգամայն նոր տեսական հայեցակարգեր՝ «Քաղաքակրթական պետության» և «Քաղաքակրթական դարպասի» մոդելները, որտեղ պետությունը հանդես է գալիս որպես գլոբալ, աշխարհասփյուռ ցանցի ինստիտուցիոնալ միջուկ, որը կարող է զարգանալ քաղաքակրթական միջուկի հենքով, իսկ բուն քաղաքակրթությունը հանդես է գալիս որպես դիստրիբուցված (բաշխված) կենսունակ համակարգ:
Առաջիկայում, մինչև գրքի պաշտոնական շնորհանդեսը, պարբերաբար կներկայացնենք հանրամատչելի և կարճ հրապարակումների շարք՝ բացահայտելով մենագրության առանցքային թեզերը՝ քաղաքակրթական միջուկ+ինստիտուցիոնալ միջուկ+ գլոբալ հանգույցներ (Երևան, Էջմիածին, Անթիլիաս, Լոս Անջելես, Մոսկվա, Երուսաղեմ և այլն) քաղաքակրթական ինդեքսները (CI), արտաքին ազդեցության վեկտորներն (EVI) ու GIS (աշխարհագրական) թվային քարտեզագրման արդյունքները:
Ապագայի մեր տեսլականի մասին խոսելու և քննարկելու առիթներ դեռ շատ ենք ունենալու: Շուտով կհանդիպենք նաև գրքի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ: