Սեպտեմբերի 2-ին կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գորիս քաղաքի Արցախյան խճուղու «Լայմ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք են տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել են, որ այդ ժամին Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Գագիկ Ա․-ն, 21-ամյա Ջոն Գ․-ն, 19-ամյա Արման Ղ․-ն իրենց ընկերների հետ Գորիսի Արցախյան խճուղում «գործող «Լայմ» սուպերմարկետի դիմաց ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծի են ենթարկել Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Դավիթ Խ․-ին, նրա հորը, 47-ամյա Սասուն Խ․-ին և վերջինիս ընկերներին։
Ծեծկռտուքի ժամանակ Ջոն Գ․-ն իր մոտ եղած դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել դեպի օդ։ Դեպքի վայր ժամանած քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են կրակված մի քանի պարկուճ, մետաղյա խողովակ և արնանման հետքեր։ Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի ամբողջական պատկերը պարզելու, մյուս մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: