Դպրոց, որ դարձավ գրական լեգենդ
Կբացվի պատմական հիշատակի ցուցանակ
Սիսիանի Լոր գյուղի հին դպրոցի կիսախարխուլ պատերը դեռ պահպանում են ժամանակի շունչը․ հենց այստեղ 1915–1916 ուսումնական տարում 16-ամյա Ակսել Բակունցը առաջին անգամ կանգնեց ուսուցչի ամբիոնի մոտ։
Այստեղ նա բացեց իր կյանքի առաջին դասարանը, իսկ հետագայում՝ գրական հիշողության ամենանուրբ էջերից մեկը։
Բակունցը Լորում ոչ միայն ուսուցանում էր, այլև լսում մարդկանց պատմությունները, զրուցում գյուղացիների հետ, ձևավորում իր աշխարհընկալման ու գեղարվեստական մտածողության հիմքերը։ Այդ տարիներին նա հյուսեց իր չքնաղ պատմվածքներից մեկը՝ «Խոնարհ աղջիկը», որը ծնվեց հենց Լորի դպրոցի մթնոլորտում։ Պատմվածքը պատմում է նրա աշակերտուհի Խոնարհի մասին, ում հանդեպ երիտասարդ ուսուցիչը լուռ ու քնքուշ սեր էր տածում՝ վերածելով այդ զգացմունքը մարդկային ազնվության ու հոգևոր մաքրության գեղարվեստական պատկերացման։
Գյուղի բնակիչները երկար տարիներ հիշում էին Ալեքսանդր վարժապետին՝ որպես սիրված և նվիրված ուսուցիչ, որին բնորոշ էր բարության, խորամտության և անսահման մարդասիրության լույսը։
Այսօր դպրոցը դեռ կանգուն է, բայց կիսավեր վիճակում։ Այն դեռ սպասում է իր վերականգնմանը՝ որպես պատմության և կրթության կենդանի հուշարձան։
Նոյեմբերի 6-ին Բակունցի տուն-թանգարանի, Սյունիքի գիտամշակութային զարգացման հիմնադրամի և «Կյորես» գիտամշակութային նախաձեռնության համագործակցության շրջանակներում Լորի դպրոցում կբացվի պատմական հիշատակի #ցուցանակ, որը կհուշի այցելուներին՝ այստեղ ուսուցչություն է արել Ակսել Բակունցը։
Ցուցանակը կդառնա հիշատակի վերակենդանացման խորհրդանիշ այն սերնդի համար, որը Բակունցի նման հավատում էր գիտելիքին, մարդու ներքին գեղեցկությանը և լուսավոր ապագային։
Միջոցառումը կուղեկցվի ելույթներով (Վարդան Սարգսյան, Արա Զարգարյան, Թեհմինա Մարության, Սիրանույշ Փարսադանյան, Արամ Խաչատրյան)։
Վայր՝ Սիսիան, Լոր գյուղի հին դպրոց
Նոյեմբերի 6, ժամը 12:00