Հայոց Կաթողիկոսները ռազմի դաշտում․ պատմական դրվագներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ի դեպ ասեմ – այնպես էլ չէ, որ Ամենայն Հայոց բոլոր կաթողիկոսները ինչ որ «խեղճ» անձիք են եղել, ինչպես կարծես ենթադրվում է՝ ելնելով նրանց հոգևորական կարգավիճակից: Ներսես I Մեծը (353-373) շատ մեծ հավանականությամբ զինվորական անցյալ է ունեցել: Մինչև հոգևոր սանն ընդունելը զինվորական է եղել նաև Մեսրոպ Մաշտոցը (439-440):

Հովհան I Մանդակունին (478-490) ոչ միայն Մարզպանական Հայաստանի III ապստամբության (481-485) ղեկավարներից մեկն էր, այլև երբեմն մասնակցում էր մարտերի: 484 թ-ի գարնանը, երբ Պարսից թագավորության բանակը անակնկալ մտավ Մարզպանական Հայաստան և, ճամբարելով Խոսրովի անտառում ու Ջրվեժի բարձունքներում, պաշարեց Դվինը, հայերը որոշեցին ճեղքելով դուրս գալ քաղաքից: Դուրս եկողների հետ էր նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը, թեև այդ ընթացքում նա ընկավ ձիուց և գերվեց:

Քրիստոփոր I-ը (539-545), որպես կրկնակի գործակալ, մեծ դեր ունեցավ 543 թ-ի մարտի Անգղ ամրոցի ճ-մ-ում Բյուզանդական կայսրության բանակի պարտության մեջ:

Պահլավունիներին ներկայացնող Բարսեղ II Վկայասերը (1066-1105) ևս մեծապես հենց զորավար էր: Այդ թվում նաև նրա ջանքերով էր, որ Պահլավունիները վերականգնեցին դիրքերը Անիում, Ծովքում, Պիրում և մի շարք այլ վայրերում:

Ստեփանոս III-ը (1290-1293) գլխավորեց Հռոմկլայի անհաջող պաշտպանությունը 1292 թ-ին և գերվեց: Սսի 1375 թ-ի պաշտպանների մեջ էր Պողոս I Սսեցին (1374-1382), որը ևս գերվեց:

Մարտունակ էին նաև տեղական կաթողիկոսները: Այսպես, Աղթամարի կաթողիկոսները ոչ մեկ անգամ պաշտպանեցին կղզին շրջակա քրդերից ու թուրքմեններից, իսկ 1459 թ-ի ամռանն էլ Աղթամարի կաթողիկոս Զաքարիա III-ի (1434-1464) գլխավորությամբ կղզուց նավակներով աննկատ ափին մոտեցած Արծրունիների բանակը (մոտ 500) անակնկալ հարձակումով հաղթեց 12 օր կղզու դիմացի ափին ճամբարած և կղզին գրավելու հարմար առիթի սպասող Շամբոյանների էմիրության բանակին (մոտ 2.000): «Եվ ապա նա (Ղարա-Ղոյունլուների էմիրության ապագա էմիր Հասան-Ալին – Մ.Հ.) չար խորհուրդ արեց մեր երկրի նկատմամբ, քանզի, թեև ավեր ու թալան էր արել, սակայն ամոթով էր մնացել, որովհետև մի փոքրիկ տեղ մնացել էր առանց թալանվելու` Աղթամարն էր դա, որտեղ դեռևս նրա ձեռքը չէր հասել…։ Այնուհանդերձ արիությամբ տեր Զաքարիա կաթողիկոսը նրան այս հարցում անհաջողության մատնեց»,- այս կապակցությամբ գոհունակությամբ հայտնում է Անանուն Մակվեցին իր «Տարեգրություն»-ում:

Այլ օրինակ, թեև՝ անհաջող. 1463 թվականին Սիսի ճ-մ-ում Ռամադանյանների էմիրության մի մասի ղեկավար Օմարի գլխավորած Ռամադանյանների էմիրության բանակը անակնկալ հարձակումով հաղթեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Կարապետ I Եվդոկացու (1446-1477) ընդհանուր ղեկավարությամբ իր հերթին անակնկալ հարձակում գործել փորձող քաղաքի աշխարհազորին, որից հետո ասպատակեց քաղաքը:

Եվս մեկ օրինակ՝ Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանը (1616-1653) ամենագործուն մասնակցությունն ունեցավ Սեֆյանների շահության դեմ Կախեթիի թագավորության արքա Թեյմուրազ I-ի (1605-1648) 1630 թ-ի մեծ արշավանքին դեպի Արցախ: Սուրն ու կաթողիկոսի մականը հաճախ միատեղում էր նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը (1701-1728):

Ու սա ամենևին էլ ամբողջական ցանկը չէ, ընդ որում ես չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ կաթողիկոսները ներկա են եղել ճակատամարտերի, զբաղվել են դիվանագիտական կամ ռազմական այլ գործունեությամբ և այլն:

Չէ, մեր կաթողիկոսները հաստատ խեղճ չեն եղել և դա իհարկե լավ է…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել