Լևոն Մեծի թագադրությունը․ Հայոց պետականության վերածնունդը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

1198 թվականի հունվարի 6-ին Լևոն Մեծ Ռուբինյանը, որը դրանից առաջ արդեն 12 տարի էր, որ ղեկավարում էր Ռուբինյանների իշխանությունը, Հռոմեական «սրբազան» կայսրությունից և Բյուզանդական կայսրությունից ստացած արքայական թագի ու նշանակների կիրառմամբ և Հռոմի պապի համաձայնությամբ հռչակվեց Հայոց արքա: Բացվում էր Հայոց պատմության նոր էջը:

Տեղի ունեցած թագադրումը արդյունքն էր արդեն երկար տարիների իրականացվող այն բարդ և վերջին հաշվով հաջողությամբ ավարտված բանակցությունների, որոնք Ռուբինյանց իշխանը վարում էր քրիստոնեական աշխարհի երկու կայսրությունների, ինչպես նաև Հռոմի պապի հետ: Հայոց արքային թագ էր խոստացել դեռևս Ֆրիդրիխ I Բարբարոսան (1152-1190), սակայն նրա անակնկալ մահը ընդհատեց այդ ծրագիրը և բնականաբար հետաձգեց նաև ողջ գործընթացը: Հռոմեական «սրբազան» կայսրության կայսեր մահից հետո բանակցությունները շարունակվեցին արդեն նաև նրա որդի և հաջորդ Հենրիխ VI-ի (1190-1197) հետ ու, թեև նոր այս տիրակալի օրոք ամեն ինչ գործնականում ավարտվեց հաջող պայմանավորվածությամբ, սակայն Հայոց նոր արքայի հռչակումը Հռոմեական «սրբազան» կայսրության այս կայսրը ևս չտեսավ ու թագադրության պահին նրա փոխարեն արդեն իշխում էր վերջինիս եղբայր Ֆիլիպը (1197-1208) : Իր ժամանակի քրիստոնեական աշխարհի միջազգային օրակարգում Ռուբինյանց իշխանի թագի հարցը բավականին ակտիվ էր քննարկվում և սրանից չէին կարող զերծ մնալ նաև Կոստանդնուպոլսում, որտեղ, սակայն, բնականաբար խիստ բացասաբար էին վերաբերվում քրիստոնեական նոր գահակալների ի հայտ գալուն և հատկապես մի տարածքում, որը դեռևս համարվում էր Բյուզանդական կայսրությանը՝ համենայն դեպս գոնե ձևականորեն ու քաղաքական նպատակներում: Այն բանից հետո, սակայն, երբ Հռոմեական «սրբազան» կայսրությունում հարցին տրվեց սկզբունքային լուծում, սրտի կսկիծով թագ ու նշանակներ ուղարկեց նաև Ալեքսեյ III-ը (1195-1203), քանի որ հակառակ պարագայում նա ընթացող գործընթացներից ուղղակի մի կողմ կմնար:

Հարկ է նշել, որ 1198 թվականի հունվարի 6-ի վիճակով Հայաստանում գոյություն ունեին ևս երեք արքաներ ի դեմս Լոռու թագավորության արքա, Գուրգեն III-ի եղբայր Աբբաս II-ի (1170-1176) որդի Աղսարթանի (1176-1205), ինչպես նաև Խաչենի թագավորության համիշխան արքաներ Հասան I-ին և Հասան II Մեծ-ին հաջորդած նրանց որդիներ, համապատախանաբար Վախթանգ I Մեծի (1182-1214` համիշխան) և Վախթանգ II Տանգիկի (1182-1214` համիշխան), սակայն երեք այս գահակալնելն էլ իրենց տիտղոսային մակարդակում այնուհանդերձ տեղային արքաներ էին և «Հայոց արքա»-ներ չէին: Իրավիճակը չէր փրկում նաև այն հանգամանքը, որ Աղսարթանը Բագրատունիների տոհմից էր, քանի որ, ինչպես մի ժամանակ Հյուսիսային Բագրատունիների պարագայում եղավ IX-X դարերում, այժմ արդեն Լոռու թագավորության գահակալի մոտ էր «Հայոց արքա» տիտղոսը գտնում ստատիկ վիճակում: Նույն այս ժամանակ իր տիտղոսաշարքում «Հայոց թագավոր» կոչումը կրում էր նաև Քարթլիի թագավորության թագուհի Թամարան (1184-1213), սակայն Քարթլիի արքաների տիտղոսաշարքում հայտնված այդ կոչումը վերջինիս բաժին էր հասել զուտ որպես Բագրատունիների տոհմային ժառանգություն և Քարթլիի թագավորությունը, իր բնույթով բնականաբար մեծապես լինելով նաև հայերի պետություն, այս մասին բազմիցս խոսվել է, այնուհանդերձ ամենևին էլ Հայոց թագավորություն չէր:

Եվ այսպես կարելի է փաստել, որ, թեև 1045 թվականին Անիի թագավորության անկումից հետո Հայոց պետականության թելը, ինչպես 428 թվականից հետո եղավ, մեծ հաշվով չէր կտրվել, քանի որ Հայաստանի շատ մասերում գոյություն ունեին Հայոց իշխանությունների և թագավորություններ, իսկ այլ վայրերում էլ հայերը ներգրավված էին տեղի ոչ հայկական իշխանությունների պետական համակարգերում, այնուհանդերձ Լևոն Մեծ Ռուբինյանի կամ, ինչպես արդեն ավելի ճիշտ է ասել՝ Լևոն I Մեծի արած քայլը ինքնին բացառիկ էր: Իրոք, մի կողմից ի հայտ էր գալիս հայերին ու Հայաստանը ներկայացնող մի գահակալ, որը հենց որպես առաջնային ուներ «Հայոց արքա» տիտղոսը, իսկ մյուս կողմից էլ նույն այդ տիրակալը ուներ համահայկական նշանակություն, ինչը վերջինիս բնականաբար տարբերակում էր և նրան առաջնայնություն էր տալիս ինչպես Լոռու ու Խաչենի, այնպես էլ Քարթլիի թագավորության գահակալների նկատմամբ: Վերջին հանգամանքի հետ կապված միջնադարյան ֆեոդալական իրավունքի տեսանկյունից ոչ պակաս կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Ռուբինյաններն Անիի թագավորության վերջին արքա Գագիկ II-ի (1041-1044) ազգականներն էին, թեև այն հանգամանքը, թե կոնկրետ ինչ ազգակցական կապ ուներ Ռուբինյանների իշխանական տոհմի հիմնադիր Ռուբեն Ռուբինյանը (1079-1095) Գագիկ II-ի հետ, առայժմ հնարավոր չէ կոնկրետ ասել և, ըստ տարբեր վարկածների, Ռուբեն Ռուբինյանը Գագիկ II-ի ազգականներից մեկն էր, որը, որպես թիկնապահ, ծառայում էր վերջինիս թիկնազորում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել