Լայմի հիվանդությունը Հայաստանում. 19 տարի առաջվա սխալի գինը։
Ժողովուրդ ջան, ուզում եմ մի շատ կարևոր ու անկեղծ պատմությամբ կիսվել: Սենսացիա չեմ անում, պարզապես ուզում եմ պատմել մի բանի մասին, որից ես ինքս հիմա տառապում եմ, բայց մեր երկրում գրեթե ոչ մեկ չգիտի դրա մասին՝ անգամ շատ բժիշկներ:
Ես հիմա 35 տարեկան եմ: Ուղիղ 19 տարի առաջ, երբ 16 տարեկան էի, ամառային ճամբարում էի: Այնտեղ տզեր շատ կային, շատերիս խայթեցին: Մարդիկ կային, որոնց վրայից միանգամից միքանի տիզ էին հանում, բայց իրենց հետ ոչ մի բան չեղավ: Դրանից բոլորի մոտ էնպիսի տպավորություն ստեղծվեց, թե դե, Հայաստանի տզերն անվնաս են, ոչ մի բան էլ չկա:
Բայց իմ բախտը չբերեց. ինձ էլ տիզ խայթեց ծնկիցս ներքև, ու ի տարբերություն մյուսների, խայթած տեղում մի մեծ կարմիր շրջանագիծ հայտնվեց, որը գնալով մեծանում էր: Բժշկության մեջ դրան ասում են միգրացող էրիթեմա (Erythema migrans): Սա հենց Լայմի հիվանդության (բորելիոզի) 100%-անոց նշանն է: Եթե էսպիսի օղակ է հայտնվում, ուրեմն հաստատ հիվանդությունը կա, նույնիսկ անալիզ պետք չի:
Բայց դե, գիտեք մեր ազգային բնավորությունը՝ մինչև դանակը ոսկորին չհասնի, բժշկի չենք գնում: Ես ու ընտանիքս էլ բացառություն չէինք: Տեսանք էդ կարմիր շրջանը, մտածեցինք՝ դե, հեսա կանցնի, մի երկու բան էլ ինտերնետով թեթև կարդացի, թե՝ «մի անհանգստացեք, կանցնի»: Ոչ մի նշանակություն չտվեցինք: Մեղու էր կծում, մոծակ էր կծում, անցնում էր, մտածեցինք՝ էս էլ մի էդպիսի բան է, կանցնի, կգնա: Միքանի շաբաթ տևեց մինչև կարմրությունը տարածվեց ոտքովս ու անհետացավ:
Այս 19 տարիների ընթացքում ես տարբեր առիթներով, երբ վատ էի զգում, դիմել եմ տարբեր բժիշկների, բազմաթիվ անալիզներ եմ հանձնել:
Ամեն ինչ սկսվեց 17 տարեկանում, ողնաշարի մկանների ուժգին ցավերից, բուժվեցի, բայց կարճ ժամանակ հետո նորից վերադարձավ, և այդպես տարիներով: Հետո հոդացավեր, մեկ հայտնվում էին մեկ անցնում ու մինչ օրս: 22 տարեկանում՝ երկարատև գլխացավեր սկսվեցին: Դրանից հետո նկատեցի, որ իմ իմունիտետը ուղղակի զրոյացել է. սկսեցի անդադար հիվանդանալ: Կողքիս ոչ մեկ նույնիսկ չէր փռշտում, բայց ես ինչ-որ վիրուս էի կպցնում: Կատակով ասում էի՝ հարևան գյուղում ճանճը փռշտա, ես վարակվում եմ: Հիմա նոր հասկանում եմ՝ իմունիտետս ամբողջ ուժով պայքարում էր ներսի բորելիաների դեմ ու այլևս ի վիճակի չէր արտաքին պաշտպանություն պահել:
Իսկ 30 տարեկանում սկսվեց մի ուրիշ տարօրինակ բան. հաճախակի ջերմությունս բարձրանում էր (37.0–37.5)՝ առանց որևէ պատճառի: Ոչ հարբուխ ունեի, ոչ կոկորդս էր ցավում, ոչ մի սովորական վիրուսային ախտանիշ: Պարզապես ջերմություն ու ուժգին թուլություն: Դրա հետ մեկտեղ տարեցտարի գլխիս մեջ ավելանում էր մի տեսակ «մշուշ»: Հիշողությունս սկսեց դավաճանել, սկսեցի դանդաղ մտածել, աշխատանքային խնդիրները կամ առաջադրանքները շատ դանդաղ էի լուծում: Էներգիաս ուղղակի սպառվում էր:
Այժմ էլ խիստ դժվար եմ քնում, կարծես չկարողանամ քնել, մակերեսային է քունը:
Ամեն մասնագետ իր ձևով էր բացատրում, բայց ոչ մեկի մտքով չանցավ, որ սա կարող է ինֆեկցիա լինել, ու ինձ գոնե ուղարկեին ինֆեկցիոնիստի մոտ:
Իսկ այսօր իմ ողջ օրգանիզմը հարվածի տակ է.
° Մկանային անդադար ցավեր. Ձեռքերիս ու ոտքերիս մկանները հիմա էլ անընդհատ ցավում են, ներսից կարծես անդադար բորբոքային պրոցես է ընթանում: Ֆիզիկական ուժս 3 անգամ ընկել է, էնպիսի սոսկալի թուլություն կա, որ պարզապես ոչ մի բան անելու ցանկություն չի մնում:
° Բերանի չորություն ու լնդեր. Բերանս անդադար չորանում է, ու արդեն քանի տարի է՝ առաջադիմում է լնդերիս հետգնումը (ռեցեսիան), արմատները բացվում են, չնայած որ իդեալական խնամում եմ ատամներս: Գուցե սա նաև ստամոքսիս խնդիրների (հելիկոբակտերի) պատճառով է, բայց բորելիոզն էլ իր հերթին է չորացնում ու քայքայում слизистая-ն:
° Մաշկի խորը ճեղքեր. Ձեռքերիս ու ոտքերիս մաշկը սաստիկ չոր է, ու հենց փոշու կամ փայտի հետ գործ եմ ունենում, մատներիս վրա խորը, բացվող, չլավացող ու ցավոտ ճեղքեր-կտրվածքներ են առաջանում:
Ինչպե՞ս ես սա գտա:
Ամենազարմանալին այն է, որ ես Լայմի հիվանդության մասին կյանքումս չէի լսել: Այս ամռան կեսերին ոտքս նորից ինչ-որ բան կծեց, ու տեղը հայտնվեց մի կարմիր, 2սմ մեծությամբ, քարտեզի նմանվող բան, որը ինձ հիշեցրեց 19 տարի առաջվա էդ էրիթեման: Ես նկարեցի ու ուղարկեցի AI-ին (արհեստական բանականությանը)՝ հարցնելով, թե սա ինչ կարող է լինել: Ու AI-ին հուշեցի, որ ինձ տիզ էր կծել երբ ես 16 տարեկան էի, ու նման կարմիր հետք էր առաջացել (բայց այս անգամ տիզ չէր կծողը, չիմացա ինչ էր), ու AI-ը բացատրեց, որ կարմիր շրջանը, որը առաջացել էր տիզի կծելուց, դա Լայմի հիվանդությունն է: Գնացի, խորացված անալիզներ հանձնեցի (ELISA ու Immunoblot), ու պաշտոնապես հաստատվեց բորելիոզի ուշ փուլը (նեյրոբորելիոզ և Լայմ-արթրիտ):
Ինչի՞ համար եմ սա գրում: Ուզում եմ, որ դուք զգույշ լինեք ու իմ սխալը չկրկնեք.
1. Եթե ձեզ տիզ է խայթել, մի՛ անտեսեք ու մի՛ մտածեք, թե «դե, ուրիշներին էլ էր խայթել, ոչ մի բան չեղավ»: Բոլորի օրգանիզմը տարբեր է, ու տզերի շտամներն էլ տարբեր են:
2. Ուշադիր եղեք մաշկին: Եթե խայթոցի տեղում (կամ մեկ ուրիշ տեղ) հայտնվում է կարմիր, մեծացող օղակ, դա 100%-ով Լայմի հիվանդություն է: Մի՛ սպասեք, որ ինքն իրեն անցնի: Այդ օղակի անհետանալը չի նշանակում, որ լավացաք. դա նշանակում է, որ ինֆեկցիան մաշկից անցավ ներքին օրգանների, մկանների, հոդերի ու նյարդերի մեջ: Ուղղակի վազեք բժշկի ու հակաբիոտիկ պահանջեք:
3. Եթե ունեք անհասկանալի քրոնիկ ցավեր: Եթե հիշում եք, որ անցյալում ձեզ տիզ է խայթել, ու հիմա տարիներով մկաններն ու հոդերդ են ցավում, նյարդային խնդիրներ կամ անբացատրելի թուլություն, «մշուշ» գլխում ունեք, գնացեք ու Լայմի հիվանդության անալիզ հանձնեք (ELISA և Immunoblot մեթոդով):
Հիմա ես պատրաստվում եմ ծանր ու երկար բուժման՝ կաթիլայիններով (ցեֆտրիակսոնով): Սա գրեցի, որ բոլորդ զգույշ լինեք: Տեղեկացված եղեք, մի՛ սպասեք, մինչև հիվանդությունը խորանա:
Եղեք առողջ: