Ինչպես Բակունցը թույլ չտվեց, որ Սյունիքի գյուղերը հանձնվեն Ադրբեջանին
1924-1925 թվականներին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև իրականացվում է Սյունիքի սահմանազատում ու սահմանագծում: Այդ աշխատանքներում ընդգրկված էր նաև Ակսել Բակունցը, որը հանձնաժողովի անդամ լինելով՝ տեղում ուսումնասիրում էր վիճելի տարածքները և պաշտոնական զեկուցագրերով արձանագրում բազմաթիվ խախտումներ։ Նա փաստում էր, որ ադրբեջանական կողմը փորձում էր սահմանը փոխել իր օգտին՝ հայկական գյուղերի, ճանապարհների, արոտավայրերի, անտառների և ջրային ռեսուրսների նկատմամբ պահանջներ ներկայացնելով։ Բակունցը հատկապես ընդգծում էր, որ սխալ սահմանագծումը կարող էր Հայաստանից կտրել մի շարք բնակավայրեր: Նրա հիմնավորված զեկույցներն ու հետևողական դիրքորոշումը դարձան սահմանային որոշումների վերանայման կարևոր հիմք, ինչի արդյունքում շուրջ 20 հայկական գյուղ պահպանվեց Սյունիքի կազմում։ Այսօր Բակունցի զեկույցներն ու նամակները համարվում են 1920-ականների հայ-ադրբեջանական սահմանազատման պատմության ամենաարժեքավոր սկզբնաղբյուրներից մեկը։ Ստորև ներկայացնում ենք Ակսել Բակունցի 1926 թվականի զեկուցագիրը ՀԽՍՀ հողագործության ժոկոմատի հողվարչությանը, որտեղ նա շեշտում է, թե ինչ խախտումներ են նկատվել հանձնաժողովի աշխատանքներում.
«Հողհանձնաժողովը սահմաններն անցկացնելիս ի նկատի չէր առնում երկու կողմի հողերի քանակը։ Այսինքն՝ թե այս կամ այն գյուղն ինչքան հող ունի, ինչ կապեր ունի հարևան շրջանների կենտրոնների հետ։ Ստացվում էր այնպես, որ սահմանն անցկացնելու միակ հիմքը էթնիկական սկզբունքն էր, այսինքն՝ հայ գյուղերը մնում էին Զանգեզուրին, իսկ թուրք գյուղերը՝ Ադրբեջանին»։
(Բակունց Ա., Երկեր, հատոր IV, Երևան, 1984)