Ինչպես սկսվեց և զարգացավ արցախյան շարժումը՝ բոլորս գիտենք։ Սակայն ինձ դեռ դպրոցական տարիքից այլ հարց էր հետաքրքրվում՝ ինչո՞ւ սկսվեց այն։ Որտե՞ղ էին ընդվզման ակունքները։ Ինչո՞ւ այդ պայքարը հաջողեց։
Այս հարցերը բարձրացնելիս հաճախ ստանում էի կամ պաթոսախառը ու բովանդակազուրկ պատասխաններ, կամ էլ պարզապես իրադարձությունների ժամանակագրական թվարկում։ Դրանք պատասխանում էին «ինչպե՞ս»-ին, բայց ոչ «ինչո՞ւ»-ին։
Տարիների ընթացքում մի բան ինձ համար հստակ դարձավ․ այդ սերմերը շատ ավելի վաղ էին ցանվել։ Ազատագրական պայքարի գաղափարական հայրերը՝ որոնցից որոշները նույնիսկ ողջ չէին շարժման ժամանակ, վիրաբուժական ճշգրտությամբ ձևավորել էին այն սերնդի կերպարը, որը պետք է սկսեր, շարունակեր և հաղթանակի հասցներ պայքարը։ Նրանք իրենց ժամանակի ամենաարդյունավետ գործիքներով տեղ հասցրեցին գաղափարախոսություննները և կերտեցին այդ սերունդը։
Սակայն հաղթանակից հետո նույն գաղափարախոսությունները չտրասֆորմացվեցին, չհարմարեցվեցին նոր իրողություններին։ Չփոխվեց նաև այն փոխանցելու ձևը։ Արդյունքում՝ հաղթանակած սերունդը նույն հետևողականությամբ չդաստիարակեց հաջորդ սերնդին և մենք կանգնեցինք այն իրականության առաջ, որն այսօր ունենք։
ՀԳ.
Ովքեր հաղթանակ և վերածնունդ են փափագում, անպայման կտեսնեն այն։ Եվ այդ ճանապարհը սկսվում է ներքին վերափոխումից։ Նախ՝ պետք է հոգեփոխվենք ինքներս մեզ և միայն հետո կարող ենք կերտել այն սերունդը, որը կկարողանա ուղղել մեր սխալները և մաքրել մեր մեղքերը…