ԸՆՏՐԻՐ ՔՈ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՌՈՒՑԻՐ ՔՈ ԱՊԱԳԱՆ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
Երբ խոսքը գնում է ապագայի կերտման մասին, ամեն ինչ սկսվում է ճիշտ կողմնորոշումից ու վստահ ընտրությունից։ Քոլեջում մասնագիտական կողմնորոշման ամենամյա միջոցառումն, որն արդեն դարձել է գեղեցիկ ավանդույթ, այս տարի ևս սիրով ընդունեց Գորիսի և տարածաշրջանի դպրոցների տասնյակ աշակերտների։
Միջոցառումն իրականացվեց ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի աջակցել համայնքային զարգացմանը՝ կրթության և մասնագիտության ճիշտ ընտրության միջոցով։ Եվ հենց այս գաղափարն էլ ապրեց այս միջոցառման յուրաքանչյուր պահի մեջ։
Քոլեջը ներկայացրեց իր առաջարկած գյուղատնտեսական, տեխնիկական և կիրառական մասնագիտությունները՝ կենտրոնանալով դրանց գործնական կիրառման, պահանջարկի և ապագա հնարավորությունների վրա։Աշակերտները ոչ միայն տեղեկացան տարբեր ոլորտների մասին, այլ նաև ներգրավվեցին քննարկումներին, տարաբնույթ ցուցադրություններին ու ինտերակտիվ հանդիպումներին։
«Մասնագիտություն ընտրելն ընդամենը որոշում չէ՝ դա կյանքի ուղու սկիզբն է։Մեր առաքելությունն Է օգնել երիտասարդներին ընտրել ուղի, որը ոչ միայն կտանի դեպի անձնական հաջողություն, այլ նաև կնպաստի մեր երկրի ու համայնքների զարգացմանը», – ընդգծեցին քոլեջի ներկայացուցիչները։
Այս օրը դարձավ նոր հույսերի, նոր պատկերացումների ու մեծ երազանքների մեկնարկ՝ աշակերտների աչքերում արդեն հայտնվել էին ապագա ագրոնոմներ, անասնաբույժներ, գյուղատնտեսական մեխանիկներ ու համայնքային զարգացմամբ զբաղվող մասնագետներ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր համագործակցող դպրոցներին, ուսուցիչներին և, իհարկե, մեր ակտիվ, խելացի և հետաքրքրասեր ուսանողներին։ Ձեր ներկայությունը ևս մեկ անգամ ուժ է տալիս մեզ՝ շարունակելու մեր առաքելությունը հավատով ու պատասխանատվությամբ։