Զոհված զինծառայողի արյունը չի կարող լինել հերթական զիջման գինը․ Վաղինակ Վարդանով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Նկարում Ջերմուկի «Վառած սար» կոչվող՝ Արջասարն է։

Սարին նայելով՝ մենք 14 օր հերթապահություն ենք իրականացրել՝ բառացիորեն նոր առաջնագիծ փորելով։ 2020 թվականի պատերազմից հետո մենք դեռ չէինք քաղել ամենակարևոր դասը՝ սահմանը միայն բաց կրակակետերով ու խրամուղիներով առաջնագիծը չէ։

Հենց այդ փորձից հետո ՈՄԱ-ն սկսեց «Գմբեթ-2» ծրագիրը՝ փակ կրակակետերի ստեղծման նախաձեռնությունը 2րդ ու 3րդ գծերում։

Սեպտեմբերի 13-ը ինձ համար պարզապես հիշատակի օր չէ։

2022 թվականի այս օրը Բաքվի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության Ջերմուկի և այլ համայնքների ուղղությամբ սկսվեց լայնածավալ ագրեսիա։

Այդ գիշեր մենք կորցրինք հարյուրավոր մեր քաջորդիներին։

Հայ զինծառայողները, այդ թվում՝ կանայք, ենթարկվեցին աննկարագրելի դաժանության։ Եվ այսօր մենք դեռ կանգնած ենք մի դառը իրականության առաջ՝ այդ հանցագործությունների համար լիարժեք պատասխան այդպես էլ չստացվեց։

Ես չեմ ընդունում և երբեք չեմ ընդունելու այն մտածողությունը, որ հայ զինվորը պետք է զոհվի սահմանը պահելիս, իսկ տարիներ անց այդ նույն սահմանը քաղաքական բանակցությունների սեղանի շուրջ հանձնվի։

Զինվորի կյանքը չի կարող վերածվել բանակցային ռեսուրսի։

Զոհված զինծառայողի արյունը չի կարող լինել հերթական զիջման գինը։

Եվ խաղաղությունը չի կարող լինել մի բառ, որի անվան տակ մեզանից պահանջում են հրաժարվել անվտանգությունից, տարածքային ամբողջականությունից և պետական արժանապատվությունից։

Մենք պարտավոր ենք պատրաստվել խաղաղությանը։

Հին հռոմեական ասացվածքն ասում է՝ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։

Տարիներ շարունակ մեզ խոստացել են խաղաղություն։ Բայց այդ <<խաղաղության>> ճանապարհին մենք ստացել ենք կորուստներ, ցավ, անպատժելիություն և նոր զիջումներ։

Ժամանակն է վերջ տալ այդ մտածողությանը։

Խաղաղություն չեն մուրում։ Խաղաղությունը պարտադրում է ուժը։

Հայաստանին պետք է ոչ թե հերթական խոստումը խաղաղության մասին, այլ պետություն, որն ունի պաշտպանվելու կարողություն, հստակ կարմիր գծեր, հետևողական դիվանագիտություն և դրանք պաշտպանելու քաղաքական կամք։

«Ուժեղ Հայաստան»-ը խաղաղություն է բերելու ոչ թե նոր զիջումների գնով, այլ ուժեղ բանակով, ուժեղ պետությամբ, հետևողական դիվանագիտությամբ և սեփական շահերը պաշտպանելու անսակարկ կարողությամբ։

Մեր զոհերի հիշատակը պահանջում է ոչ միայն խոնարհվել նրանց առաջ։

Պահանջում է դասեր քաղել։ Պահանջում է ուժեղանալ։ Պահանջում է երբեք այլևս չկրկնել նույն սխալները։

Հիշել՝ նշանակում է պատասխանատվություն վերցնել ապագայի համար։

Հանուն նրանց, ովքեր զոհվեցին։

Հանուն նրանց, ովքեր այսօր պահում են սահմանը։

Հանուն Հայաստանի, որը պետք է լինի ուժեղ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել