Ե՞րբ ենք մեր թիկունքին զգալու պետության շնչառությունը. Գրիշա Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մենք… մենք զբաղված ենք, մենք միտինգներ ենք անում, կառավարության հրաժարականն ենք պահանջում, քաղաքացիական պատերազմի կոչ ենք անում, արյուն թափելու կոչ ենք անում, իսկ թշնամին զինվում է, ժամանակակից զենքեր է ձեռք բերում, նախապատրաստվում:

Ալիևը Թուրքիայի պաշպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, թե երկու տարվա ընթացքում երկաթուղի է կառուցելու դեպի Նախիջևան, ասես Հայաստանը սեփական բոստանն է:

Իսկ Հայաստանի կառավարության և ընդիմության լռությունն այնքան տարօրինակ է, ասես դրանք Հայաստանին չեն վերաբերվում:

Հայաստանը Նիկոլինը չէ և ոչ էլ միտինգավոր կուսակցություններինը: Հայաստանը հայ ժողովրդինն է: Եվ իշխանություն, և ընդիմություն, հավասարապես դիմում եմ ձեզ: Չե՞ք տեսնում, որ այս անկայուն վիճակը այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, չե՞ք տեսնում, որ արտաքին մարտահրավերներն ավելի են խտանում ու ավելի վտանգավոր դառնում, չե՞ք տեսնում, որ կանգնած ենք պետականության կորստի վտանգի առջև:

Չե՞ք տեսնում, որ իշխանությունն իր ամորֆությամբ, իսկ ընդիմությունն իր անհոգությամբ ջուր են լցնում թշնամու ջրաղացին և դուրս ենք մնում տարածաշրջանային գործընթացներից: Մինչև ե՞րբ, ինչքա՞ն է շարունակվելու այս իրավիճակը: Վերջապես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ե՞րբ ենք մեր թիկունքին զգալու պետության շնչառությունը:

Այս ի՞նչ կուրություն է կլանել մեզ, ինքնաոչնչացման այս ի՞նչ մոլուցք է ներխուժել մեր մեջ ու խժռում մեր լինելու վերջին ծվենը: Մի՞թե ձեր մեջ չկա մեկը, որ պետականությունը վեր դասի անձնականից, ազգային միասնականությունը՝ կուսակցականությունից:

Տպավորություն ունեմ, որ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում մեր երկրում, ներքաղաքական պայքար չէ, երկրի ապագայով մտահոգ ուժերի պայքար չէ, այլ երկիրը կազմաքանդելու, պետությունը պարալիզացնելու գործընթաց է: Եթե նկատում եք, պայքարը չի ընթանում երկիրն այս իրավիճակից դուրս բերելու քաղաքական որոշակի ծրագրերի շուրջ, այլ ընդիմությունը, առանց երկխոսության հնարավորության, պահանջում է կառավարության հրաժարականը, իսկ իշխանությունն էլ իրենից դուրս այլ կառավարող ուժ չի ցանկանում տեսնել: Այսպես մինչև ե՞րբ…Եվ այս ամենն այն պարագայում, երբ տարածաշրջանում նոր ու վտանագավոր միտումներ են զարգանում, աշխարհաքաղաքական մեծ խաղացողներն են ակտիվանում:Պարտությունը՝ պարտություն, բայց հարկավոր է ուժ գտնել, արագ ինքնակազմակերպվել, դաս առնել կատարվածից ու փորձել շտկել մեր խաթարված արժանապատվությունը, վերջ տալ ներքին երկպառակտություններին և մտնել բնականոն հունի մեջ:Հետոն ուշ է լինելու…Հետոն չի լինելու…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել