Գորիսի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, շրջանավարտներ, աշխատակիցներ, հարգելի՛ գործընկերներ, գործատուներ, բարեկամներ
Մեծ ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում եմ, որ 2026 թ. հուլիսի 24-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Գորիսի պետական համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարով։
Սա մեր սիրելի համալսարանի համար կարևոր և պատասխանատու ձեռքբերում է, որը հաստատում է՝ Գորիսի պետական համալսարանը համապատասխանում է բարձրագույն կրթության որակի ապահովման հիմնական պահանջներին և շարունակում է զարգացման ուղին՝ իր առաքելությանը և ռազմավարական նպատակների իրագործմանը համահունչ։
Հասկանալի է, որ նման հաջողությունը մեկ օրվա աշխատանքի արդյունք չէ․ այն համալսարանական մեր ողջ համայնքի տարիների հետևողական աշխատանքի, նվիրվածության և համատեղ ջանքերի արտահայտությունն է։ Ուստի անկեղծորեն շնորհավորում և իմ երախտագիտությունն եմ հայտնում պրոֆեսորադասախոսական կազմին, վարչական ու ուսումնաօժանդակ աշխատակիցներին, ուսանողներին և շրջանավարտներին։ Յուրաքանչյուրիդ ներդրումն ու աջակցությունը, համալսարանի զարգացման նկատմամբ պատասխանատվությունը վճռորոշ դեր ունեցան այս նշանակալից ձեռքբերման գործում։
Առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում նաև արտաքին մեր բոլոր շահակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին, գործընկեր բուհերին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, հասարակական և միջազգային կազմակերպություններին, մյուս կառույցներին ու անհատներին, որոնք իրենց աջակցությամբ, համագործակցությամբ և վստահությամբ նպաստել են համալսարանի զարգացմանն ու հավատարմագրման գործընթացի հաջող իրականացմանը։
Այս հավատարմագրումը մեզ համար մի կողմից կատարված աշխատանքի գնահատականն է, մյուս կողմից՝ նոր հանձնառություն՝ շարունակաբար բարձրացնելու կրթության որակը, զարգացնելու գիտահետազոտական գործունեությունը, ընդլայնելու միջազգային համագործակցությունը, ամրապնդելու համալսարան-հասարակություն կապը և ձևավորելու առավել մրցունակ ու ժամանակակից կրթական միջավայր։
Վստահ եմ, որ միասնական աշխատանքի, փոխադարձ վստահության և նվիրվածության շնորհիվ Գորիսի պետական համալսարանը շարունակելու է ամրապնդել իր հեղինակությունը, արձանագրել նոր հաջողություններ և կրթական ու գիտական գործունեությամբ նպաստել Հայաստանի Հանրապետության, հատկապես Սյունիքի մարզի զարգացմանն ու հզորացմանը։
Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ և մաղթում մեր համալսարանին առավել արդյունավետ գործունեություն, կայուն զարգացում, միջազգային ճանաչում, կրթության և գիտության ոլորտում նորանոր ձեռքբերումներ ու նշանակալի նվաճումներ։
ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑ
ԳՊՀ ռեկտոր
https://www.facebook.com/100048681626779/posts/1635294954769876/?rdid=00EGbjm1C8BStpmH#