Գորիս համայնքում վաղ առավոտից մեկնարկել են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Թեև համայնքում աղբահանությունն ու մաքրությունը ապահովվում են ամենօրյա ռեժիմով, այսօր՝ համամարզային շաբաթօրյակի շրջանակներում, ուշադրության կենտրոնում են ոչ միայն քաղաքի փողոցներն ու այգիները, այլև պատմամշակութային տարածքները, հուշաղբյուրները և քաղաքից դուրս գտնվող կանաչապատ գոտիները։
Գորիսի համայնքապետարանի աշխատակազմը, ենթակա հիմնարկների աշխատակիցները, ուժային կառույցների ներկայացուցիչները և համայնքում գործող պետական հաստատությունների անձնակազմը իրականացնում են ոչ միայն մաքրման, այլև բարեկարգման և ծառատնկման աշխատանքներ։
Լայնածավալ աշխատանքներ են ընթանում նաև համայնքի բնակավայրերում․ վարչական ղեկավարների հետ համատեղ բնակիչները ևս ակտիվորեն մասնակցում են աղբահանության և բարեկարգման գործընթացին։
Սա վառ օրինակ է մեր համայնքը ոչ թե խոսքով, այլ գործով սիրելու մասին։ Իսկ սերը պետք է ապացուցել ամեն օր՝ իրական քայլերով։