Գորիս․ երկու զուգահեռ իրականություն՝ աղմուկի և լռության միջև

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիս․ Երկու զուգահեռ իրականություն

Այս օրերին Գորիսը ապրում է երկու տարբեր ռիթմերով։ Մի կողմում քաղաքի հրապարակն է՝ վառվող լույսերով, բարձրախոսներից հնչող «հեշտ մարսվող» երաժշտությամբ ու զանգվածային տոնախմբությամբ, որտեղ ամեն ինչ մատուցվում է «սկուտեղի վրա»՝ պահանջարկին համապատասխան։ Մյուս կողմում՝ Հրանտ Բաղդագյուլյանի Արվեստանոց-ի փոքրիկ, բայց բազմաշերտ տարածքն է, որտեղ հիմա Arthur Khachents է ու ավելի քան 40 երիտասարդ, ովքեր ոչ թե պարզապես լսում են, այլ քննարկում, զգում ու վերապրում են հայկականը։

Ճաշակի դիկտատուրա՞, թե՞ որակի պայքար

Մենք սովորել ենք սպառել այն, ինչ տալիս են։ Թուրքական մելիզմներով ողողված, էժանագին էմոցիաների վրա հիմնված երաժշտությունը տարիներ շարունակ «կերակրել» է մեր լսողությունը։ Բայց քաղաքային մշակույթը չի կարող զարգանալ միայն հրապարակային զվարճանքներով։ Այն ծնվում է այնտեղ, որտեղ կա քննադատական միտք ու ճաշակ։

Ցավալի էր, բայց սթափեցնող փաստ. օրեր առաջ, երբ թատրոնի շենքում Sevada Hambarchyan-ը կատարում էր Կոմիտաս, դահլիճը կիսադատարկվեց։ Մարդիկ փախչում էին որակից, որովհետև այն ջանք է պահանջում. այն չի թմրեցնում, այլ սթափեցնում է։

Մենք չենք ուզում քաղաքը բաժանել «ընտրյալների» ու «մնացածի»։ Որակյալ մշակույթը էլիտար չէ, այն պարզապես անկեղծ է։ Իրական արվեստը ստիպում է առերեսվել սեփական մտքերին ու լռությանը, ինչը երբեմն անհարմար է, բայց անհրաժեշտ։ Հրապարակի աղմուկի ու «Արվեստանոցի» լռության միջև հեռավորությունը ընդամենը մի քանի քայլ է, որը կարող է անցնել յուրաքանչյուրը, ով կհամարձակվի գոնե մեկ ժամով հրաժարվել «մատուցվող» հույզերից ու փնտրել սեփականը։

«Արվեստանոցը» որպես քաղաքի կորիզ

«Արվեստանոցի» անձնակազմը հստակ դիրքորոշում ունի՝ չհարմարվել մակերեսային պահանջարկին, այլ ընտելացնել մարդկանց իրական արվեստին։ Եթե այդ օրը դահլիճի կեսը լքեց Կոմիտասի ժամանակ, վստա՛հ եղեք՝ հաջորդ անգամ այդ թիվը 10%-ով պակաս կլինի։ Սա մշակութային դաստիարակության դժվարին, բայց միակ ճիշտ ճանապարհն է։

Հիմա, երբ ձուլման ու ինքնության կորստի վտանգը կախված է մեր գլխին, արվեստի «պրոպագանդան» պետք է լինի մաքուր ու զուլալ։ Այն 40 երիտասարդները, ովքեր այս պահին Խաչենցի հետ քննարկումների մեջ են, Գորիսի վաղվա օրվա կորիզն են։ Նրանք են այն շարժիչ ուժը, որը քաղաքը տանելու է առաջ՝ դեպի գիտակից ու որակյալ ապագա։

«Արվեստանոցի» տարածքը փոքր է, բայց այնտեղ ծնվող գաղափարները տեղավորվում են միայն մեծ հայրենիքի սահմաններում։ Մենք ընտրում ենք որակը, նույնիսկ եթե դրա համար պետք է կռիվ տալ դատարկվող դահլիճների ու անտարբերության դեմ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել