Գորիսի համայնքապետարանը՝ ՄԱԶԾ-ի (UNDP) և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ եռակողմ համագործակցությամբ, ազդարարում է բնակարանաշինական և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի մեկնարկը։ Նախաձեռնությունը միտված է ոչ միայն բնակֆոնդի ավելացմանը, այլև հին շենքերի սեյսմակայունության և էներգաարդյունավետության բարձրացմանը։
Ծրագրի մեկնարկի շրջանակներում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է ծրագրի ղեկավար Տիգրան Պետրոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծի տեխնիկական մանրամասները, իրագործման փուլերն ու սոցիալական ազդեցությունը։
Ծրագիրն իրենից ներկայացնում է համալիր լուծում՝ ուղղված խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերի վերականգնմանը։ Նախատեսվում են հետևյալ առանցքային աշխատանքները.
Հին շենքերի տանիքների փոխարեն կկառուցվեն բնակելի մանսարդային հարկեր, ինչը թույլ կտա ավելացնել համայնքի բնակարանային ֆոնդը։
Շենքերը կենթարկվեն կոնստրուկտիվ փոփոխությունների՝ բարձրացնելով դրանց սեյսմակայունությունը և անվտանգությունը։ Կիրականացվեն էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներ, ինչը էապես կնվազեցնի բնակիչների կոմունալ ծախսերը։
Որպես առաջնային փուլ՝ դիտարկվում են Գորիսի Գետափնյա թաղամասի բազմաբնակարան շենքերը։ Այս ընտրությունը պայմանավորված է թաղամասի շենքերի տեխնիկական վիճակով և զարգացման ներուժով։
Ծրագրի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդգծել է Գորիսի համայնքապետարանի ներկայացրած հայտի կարևորությունը` այս մոդելը կարող է դառնալ լավագույն փորձի օրինակ` ցուցադրելով, թե ինչպես կարելի է արդյունավետ կերպով համադրել հին բնակֆոնդի պահպանումը, արդիականացումն ու նոր բնակարանների ստեղծումը։