Գորիսում մեկնարկում են նոր համագործակցային ծրագրեր Ավստրիական զարգացման գործակալության հետ
Պայմանագիրը ստորագրել են Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը և R2D Սյունիք ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտան։
Պայմանագրի շրջանակներում մեկնարկել է առաջին ենթակառուցվածքային ծրագրի իրականացումը, որի շրջանակներում Ավստրիական զարգացման գործակալությունը Գորիս համայնքին կտրամադրի դիտահորեր Գորիս-Խոզնավար ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Վերիշեն բնակավայրով անցնող ճանապարհահատվածի տակ ջրահեռացման և ջրամատակարարման նոր համակարգի կառուցման նպատակով։
Ծրագրի արժեքը կազմում 14,544,000 ՀՀ դրամ։
Մոտ ապագայում Գորիսում նախատեսվում է իրականացնել նաև մի շարք այլ ծրագրեր, որոնք կուղղվեն համայնքի կայուն զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը։ Այս պահին քննարկվում է Գորիսի գլխավոր աղբավայրի սանիտարական ծածկման նախաձեռնությունը։ Այս ուղղությամբ կողմերը նպատակ ունեն լուծել տարիներ շարունակ առկա աղբահանության և շրջակա միջավայրի աղտոտման հիմնախնդիրները՝ համայնքի համար ստեղծելով ավելի մաքուր, առողջ և բարեկեցիկ միջավայր։
Մեկ այլ քննարկվող ծրագիրն է Խնձորեսկ բնակավայրի ոռոգման համակարգի վրա փոքր համայնքային հիդրոէլեկտրակայանի կառուցումը։ Այն կարտադրի վերականգնվող էլեկտրաէներգիա, որը կուղղվի բնակավայրի գիշերային լուսավորության համակարգին, ինչպես նաև համայնքային հաստատություններին անվճար և մաքուր էներգիայով ապահովմանը։
Այս ծրագրերը Ավստրիական զարգացման գործակալությունը իրականացնում է R2D Սյունիք՝ Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։