ԳՈՐԻՍԻ ՈՍԿԵ ԿՈՐԻԶԸ.
Ճանաչե՛նք նրանց….
ՄԻԼԼԱՆԱ ԼԱԼԱՅԱՆ
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Միլլանա Ժիրայրի Լալայանը ծնվել և մեծացել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 2012-2021թթ. կրթություն է ստացել Գորիսի թիվ 2 հիմնական, ապա 2021-2024թթ. Գորիսի թիվ 4 ավագ դպրոցներում և ակտիվ մասնակցություն ունեցել միջդպրոցական և արտադպրոցական բազում միջոցառումների: 2014-2021թթ. սովորել է Գորիսի Գ․Պարոնյանի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնումավարտելով լրիվ դասընթացը գերազանց գնահատականներով։ Ուսումնառության տարիներին մասնակցել է «Նկարչության և դեկորատիվ- կիրառական արվեստի» հանրապետական մրցույթ-փառատոններին, արժանացել մեդալների և մի շարք հավաստագրերի: «Էտյուդ -2016 նկարչության», ասմունքի և թատերական արվեստի հանրապետական մանկապատանեկան փառատոնին զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը, արժանացել մեդալի և հավաստագրի: 2018-ին «Գունանկար և գրաֆիկա» անվանակարգ միջազգային մրցույթ-փառատոնին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, «Նոր ձեռքեր» փառատոնի պրոդյուսեր Էռնեստ Պիչիկյանի կողմից համարվել փառատոնի դափնեկիր: Դեռ դպրոցական տարիներից Միլլանան աչքի է ընկել ասմունքի հանդեպ առանձնահատուկ սիրով և տաղանդով։ Նրա համար ասմունքը ոչ միայն արտասանության արվեստ է, այլև հոգու խոսք։ Մասնակցելով համայնքային տարբեր միջոցառումներին պարբերաբար հանդես է եկել ասմունքով՝ ներկայացնելով հայ դասականների և ժամանակակիցների ստեղծագործությունները։ Նրա կատարումները բազմիցս արժանացել են գովեստի խոսքերի՝ թե՛ համայնքային, թե՛ մարզային մակարդակներում։ Միլլանան իր ասմունքներում ձգտում է փոխանցել ոչ միայն տեքստի հուզական լիցքը, այլև հեղինակի ներաշխարհը, դարձնելով խոսքը կենդանի և ազդեցիկ։
Արդեն պատանեկան տարիներից աչքի է ընկել կամավորական ակտիվությամբ։ 2016թ-ին տեղի ունեցած Քառօրյա պատերազմը ծանր հարված էր Միլլանայի համար, այդ ժամանակից էլ սկսել է ստեղծագործել, և հայրենիքի ցավն ու վերքը թղթին հանձնել. նրա առաջին ստեղծագործությունը հենց այդպես էլ վերնագրված է«Նորից կռիվ էր Ղարաբաղում»։ 2023թ-ին արտերկիր մեկնելու միտք է առաջանում, սակայն այդ ընթացքում սկսվում է Արցախյան վերջին պատերազմը, Արցախի հայաթափումը, և զգալով իր մասնակցության անհրաժեշտությունը կամավորական աշխատանքներին որոշում է մնալ հայրենիքում և օգնել հայրենակիցներին:
Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի կողմից ստացել է հավաստագիր առ այն, որ նա 2023 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 29-ը Գորիսի համայնաքապետարանում իրականացրել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց ընդունելու, տեղավորելու, աջակցություններ տրամադրելու ընթաքցքում կամավորական աշխատանք:
Շնորհակալագրի է արժանացել «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի ծրագրերին անաչառ աջակցելու համար` «Հայրենիքի կողքին, հայրենակցի հետ» վերնագրով:
Հավաստագրի է արժանացել առ այն, որ նա 2024թ․ մարտի 20-ից հուլիսի 20 մասնակցել է «Թիմ ռեսուրս» ՀԿ-ի «ՄՈԲԱՅԼ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ» -ի տեսական և գործնական փուլերին: Այժմ թղթակցում է Գորիսի «Լաստ լրատվական» կայքէջին:
2024թ. ընդունվել է Գորիսի պետական համալսարանի Պատմաիրավագիտության ֆակուլտետի պատմաբան մասնագիտությամբ, այժմ սովորում է անվճար հիմունքներով։
Միլլանան ստեղծագործում է և’ արձակ, և’ չափածո, ոգևորվում է իր ստեղծագործություններն ու ասմունքը գնահատողներով, ընդունում առողջ քննադատությունը: Սիրում է ստեղծագործել հայրենիքի ցավի ու վերքի, նրա պայծառ ապագայի և գալիք արևածագի թեմաներով։