Գորիսի «Մեծ Հայք» պարային ստուդիան 2-րդ պատվավոր տեղն է զբաղեցրել Շրի Լանկայում հոկտեմբերի 1–5-ը կայացած Sri Lanka International Cultural Folk Festival (SICFF) միջազգային փառատոն-մրցույթում։ Ըստ ստուդիայի՝ մրցույթին մասնակցում էր տարբեր երկրներից ժամանած 25 համույթ։
Հայ պարողներին կազմակերպիչները դիմավորել էին հատուկ ողջույնի պաստառով՝ Արարատի և հայկական եկեղեցու պատկերներով, իսկ Հայաստանի եռագույնը SICFF-ի պաշտոնական էջում հայտնվեց «Ջերմորեն ողջունում ենք» բառերի կողքին։ «Հայաստանի գեղեցիկ ավանդույթներից մինչև Շրի Լանկայի հարուստ մշակութային ժառանգություն. այս միջազգային հավաքը արվեստագետներին միավորում է պարի, երաժշտության և մշակութային բարեկամության համընդհանուր լեզվով», — գրել էին կազմակերպիչները։
SICFF-ն անցկացվում է IOV World-ի աջակցությամբ՝ ժողովրդական արվեստի միջազգային կազմակերպության, որը համագործակցում է UNESCO-ի հետ։ Փառատոնի օրերին խմբերը ելույթ են ունենում Շրի Լանկայի մշակութային մայրաքաղաք Քենդիում և Կոլոմբոյում, մասնակցում վարպետաց դասերի, բացման և փակման շքերթների։
Գորիսյան ստուդիայի համար այս հաջողությունը հատկապես խորհրդանշական է. «Մեծ Հայքն» այս տարի նշեց գործունեության 5-ամյակը՝ հունիսին Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնի բեմում ներկայացնելով 14 նոր բեմադրություն, իսկ ղեկավար Համլետ Իսախանյանը հոբելյանական երեկոյին պարգևատրվեց «Հայաստանի ազգային պարարվեստի միություն-30» հուշամեդալով։ Ընդամենը մի քանի ամիս անց Համլետ Իսախանյանի և Կարինե Վարդանյանի սաները հայկական պարն արդեն ներկայացնում էին Հնդկական օվկիանոսի կղզում։
Հազարավոր կիլոմետրեր հեռու, մի երկրում, որտեղ հայկական պարը հազվադեպ է բեմ բարձրանում, գորիսեցի պատանիների ելույթը ոչ միայն ջերմ ընդունելության արժանացավ, այլև գնահատվեց մրցանակային տեղով։ Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ Սյունիքից դուրս եկած արվեստը մրցունակ է աշխարհի ցանկացած բեմում, իսկ հինգ տարում ձևավորված «Մեծ Հայքն» արդեն Գորիսի այցեքարտերից է։
Շնորհավորում ենք «Մեծ Հայքի» պարողներին, ղեկավարներին ու ծնողներին։ Հպարտ ենք ձեզանով։
Լուսանկարը՝ SICFF-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջից։