Մարդն ու պատերազմը միաժամանակ են հայտնվել մեր երկրագնդի վրա: Այսպես է վկայում մարդկային ցեղի պատմությունը, որը չունի մի հատիկ էջ, որ գրված չլիներ արյունով: Մարդը աշխարհ է եկել սեղմված բռունցքով, որ իր առաջին զենքն է եղել` միշտ պատրաստ հարձակվելու, հարվածելու, ոչնչացնելու այն ամենը, ինչ որ սպառնացել է իր գոյության:
Նա իր թշնամին է համարել այն բոլոր ուժերը, որոնց գոյության փաստը այս կամ այն ձևով ու չափով փորձել է սահման դնել իր տարամերժ «ազատության»: Եվ եթե մի օր միանալով իր նմաններին՝ մղվել է վարելու ցեղային, և ապա դարեր հետո՝ պետական կյանք, դա եղել է ոչ թե գոյության պայքարին վերջ տալու ցանկությամբ, այլ այդ վերջինը ավելի հեշտ և արգասավոր դարձնելու նպատակով:
Առաջին կազմակերպությունը, որին ծնունդ է տվել մարդը, եղել է զինվորականը. ինչպես և առաջին արվեստը, որ մշակել է նա, եղել է ռազմարվեստը:
Բնազդական մարտիկ էր մարդը, երբ մենակյաց էր` դեմ հանդիման բնության ուժերին: Նույնն է մնացել և այսօր՝ որպես անդամ հասարակության ու պետության: Մարդը պատերազմ է վարել իր բարեշրջության բոլոր աստիճանների վրա: Մշտական կռվի մեջ էր, որ նա ստիպված էր ապահովել իր սնունդը: Այլ բան չէր նրա թափառիկ, վաչկատուն կյանքը: Մի օր էլ, երբ իր նստակեցության հետ ծնունդ առավ սեփական հողի գաղափարը` պատերազմը բորբոքվել սկսեց և հայրենիքների շուրջը:
Այսպես, արյունն է գծել և դեռ արյունն է գծում մարդկային ցեղի ուղին: Ճիշտ է, ժամանակի ընթացքում, բնաշրջման ճամփով փոխված են միջցեղային պայքարի զենքերն ու ձևերը, բայց դրա էությունը մնացել է նույնը:
* * *
Մարդկային ցեղի գոյության ձիգ տարածության վրա չի եղել մի ժամանակաշրջան, որ նրա մեջ գազանն ավելի ուժեղ չլիներ, քան մարդը: Քաղաքակրթությունը սպանելու փոխարեն միայն թշնամացրել է գազանը մարդու մեջ: Նա երկաթե սանձեր է դրել մարդու անասնական հակումներին` դարձնելով ավելի զուսպ, բայց ոչ այլասեր:
Մեր պատմության ծանոթ ալանները պաշտում էին մերկ սուրը` թաղված գետնի մեջ` ճշմարիտ անձնավորումը իրենց վայրագության: Էապես փոխված չէ ռազմական պաշտամունքի առարկան և այսօր: «Անհայտ զինվոորի» գերեզմանն այլ բան չէ, եթե ոչ սրի պաշտամունքը, անշուշտ, ավելի գեղարվեստական ձևի տակ:
Թշնամու գանգերը կազմում էին տոնօրյա զարդն ալանների: Այսօր ջախջախված թշնամուց խլված թնդանոթները, դրոշակները և այլ ձևի ավարներն են զարդարում հաղթականի թանգարանները:
Հին ժամանակ որպես արիանալու միջոց պատռում էին կռվում ընկած առաջնորդի կուրծքը և երկյուղածորեն վայելում էին նրա սիրտը: Եվ որևէ հերոսի սիրտն ուտողը համարվում էր անպարտելի: Արիության և ռազմական խանդավառության աղբյուրների կարիք ունի և այսօրվա մարդկությունը, որն իր հերոսների սիրտը ուտելու փոխարեն դաստիարակչական ճիգեր չի խնայում` նրանց մարտական ոգին տեղափոխելու նոր սերունդների սրտի մեջ:
Միկադոյի հայրենիքում[1] ամեն տարի, երբ խորհրդանշական բալենին փթթել է սկսում, ճապոնական հայրենապաշտ ժողովուրդը իր հանդիսավոր ուխտագնացություններն է սկսում դեպի իր անմահների` իր փառքի և մեծության ճամփին իրենց արյունը թափած ռազմիկների գերեզմանները, և նրանց ամենամյա ոգեկոչումով իր մարտնչող սերունդների հոգու մեջ հրահրում է պաշտամունքը հայրենի երկրի: Ահա՛ թե ուր է գաղտնիքն այն հրաշագործ ուժի, որ ռազմադաշտերում քաջաբար ընկնող ճապոն մարտիկների շրթունքներին դնում է ժպիտ և աստվածային արհամարհանք դեպի մահը:
Օրվա մարդկության պաշտած սուրը մերկ չէ և թաղված չէ գետնի մեջ, ոչ էլ հրապարակի վրա է: Նա թաղված է ժողովուրդների հոգու մեջ:
Կա ամենակուլ եսականությունը, ատելությունը, նախանձը, կա և այդ չար ուժերի տարերային պոռթկումը ինչպես անհատների, այնպես էլ ազգերի և ցեղերի միջև:
Չկա մի ժողովուրդ, բացի հայությունից, որի հանճարն այսօր չծառայեր ավելի պատերազմի քան խաղաղության գործին, որի մի ձեռքը, եթե քրտնում է խաղաղ շինարարության մեջ, մյուս ձեռքը զենք է կռում թշնամու համար, որը, հակառակ նյութական զինաթափության մասին այնքան հաճախ լսվող խոսքերին, շարունակում է զինվել միշտ ավելի կատարելագործված զենքերով:
Կա, վերացած չէ երբեք արտաքին վտանգը, և ժողովուրդները տենդորեն պատրաստվում են` վաղը հաղթական կամ նվազ պարտված դուրս գալու համար ճակատագրական բախումներից:
Ձայնագիրքը կտեղադրեմ մեկնաբանության մեջ