Աշխարհի ամենավտանգավոր հայը
«Ես երբեք չեմ զղջացել իմ քայլերի համար, քանի որ իմ պարտքն եմ համարել ձեռք մեկնել հայրենիքիս, երբ այն կանգնած էր կործանման եզրին»։
Սարգիս Սողանալյան
Նա 20-րդ դարի աշխարհի ամենախոշոր անկախ զենքի վաճառականն էր, ում միջազգային մամուլն անվանում էր «Մահվան վաճառական» ։ Նա տիրապետում էր հինգ լեզվի, հեշտությամբ կապեր էր հաստատում կառավարությունների հետ և ուներ «Pan Aviation» ընկերությունը՝ բեռնատար ու ռազմական ինքնաթիռների սեփական օդանավատորմով։
Սողանալյանը միլիարդավոր դոլարների գործարքներ էր անում պետությունների ու բռնապետերի հետ։ Բացի Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնից, նա ռազմական գործարքներ է արել նաև Պերուի, Մավրիտանիայի ու Մարոկկոյի հետ։ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) հետ գաղտնի համագործակցությամբ՝ նա զենք էր հասցնում Նիկարագուա, Լիբանան, Կոլումբիա և Արգենտինա։ Նրա այս կյանքը դարձավ Նիկոլաս Քեյջի գլխավոր դերակատարմամբ հայտնի «Պատերազմի տիրակալը» (Lord of War) ֆիլմի հիմքը։
Չնայած «Մահվան վաճառական» համբավին՝ Սողանալյանը օրհասական պահին կանգնեց Հայաստանի թիկունքին և իր հարստությունն ու ազդեցությունն օգտագործեց հայրենիքը փրկելու համար։ 1988 թվականի երկրաշարժին նա իր անձնական օդանավատորմով Հայաստան բերեց տոննաներով սնունդ, դեղորայք և տնակներ, ինչի համար նրան շնորհակալություն հայտնեցին Մայր Թերեզան ու ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը։
Արցախյան պատերազմի ժամանակ նա ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) թույլտվությամբ շրջանցեց բլոկադան և բացեց գաղտնի օդային միջանցքներ։ Նա բանակին հասցրեց զենք ու նվիրեց ռազմական ուղղաթիռներ՝ իր կարևոր նպաստը բերելով ապագա հաղթանակին։ Մութ ու ցուրտ տարիներին նա նաև սեփական միջոցներով գնված մազութով փրկեց երկիրը ձմեռային էներգետիկ ճգնաժամից:
Միջազգային սկանդալից խուսափելու համար նա Երևանում գաղտնի հանդիպում էր Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Սարգսյանի հետ, իսկ Վաշինգտոնում պաշտպանում էր հայկական շահերը: Նա նաև ֆինանսավորեց Հայաստանի հին վանքերի վերականգնումը՝ ստանալով «Անթիլիասի ասպետ» բարձրագույն կոչումը։
Սարգիս Սողանալյանը սնանկ մահացավ 2011 թվականին Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում՝ այդպես էլ չստանալով Սադամ Հուսեյնի 80 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը։
Հեղ․՝ Շուշաննա Հայասա