«Բնություն և մշակույթ» միջազգային հանդիպումն ու «Հազարան բլբուլը» գրքի շնորհանդեսը՝ COP17-ի շրջանակում
Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում «Կարոտա» մշակութային կրթական զարգացման ՀԿ-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի 25-ին Մատենադարանում տեղի ունեցավ «Բնություն և մշակույթ» միջազգային հանդիպումը և «Հազարան բլբուլը․ հայկական ժողովրդական հեքիաթ և ակնարկներ բնության, հողի և ժառանգության մասին» գրքի անգլերեն հրատարակության շնորհանդեսը։
Միջոցառումը միավորեց հայաստանյան և միջազգային մասնագետների, գիտնականների, մշակութային գործիչների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու բնության և մշակույթի փոխառնչությունները, ավանդական գիտելիքի դերն ու կենսաբազմազանության պահպանությանն առնչվող արդի մոտեցումները։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին բնության և մշակույթի փոխառնչությունների ուսումնասիրությունները, քաղցրահամ ջրերի համայնքային մշտադիտարկումը, հայկական միջնադարյան բժշկության ձեռագրական ժառանգությունը, կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ոլորտները, ինչպես նաև ավանդական գիտելիքի պահպանության միջազգային մեխանիզմները՝ ներառյալ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածը և Նագոյայի արձանագրությունը։
Երեկոյի առանցքային իրադարձությունը «Հազարան բլբուլը․ հայկական ժողովրդական հեքիաթ և ակնարկներ բնության, հողի և ժառանգության մասին» անգլերեն հրատարակության շնորհանդեսն էր։ Հայկական ժողովրդական հեքիաթի միջոցով հրատարակությունը բացահայտում է բնության, մշակույթի, հողի և ժառանգության միջև կապերը՝ ներկայացնելով ավանդական գիտելիքը որպես կենսաբազմազանության պահպանության և սերունդների միջև մշակութային հիշողության փոխանցման կարևոր բաղադրիչ։
Միջոցառման մշակութային ծրագիրն ընդգծեց այս կապերի կենդանի բնույթը։ «Խազեր» երգչախմբի կատարմամբ հնչեցին հայկական ավանդական հարսանեկան և աշխատանքային երգեր, իսկ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը ներկայացրեց ջրի և թռչունների հետ կապված ավանդական պարեր։ Երեկոյի ընթացքում ցուցադրվեց նաև «Հազարան բլբուլը» ֆիլմը։
Կարոտա ՀԿ-ի նախագահ Սիրարփի Խոջաբաղյանը վարեց բնություն-մշակույթ պանելային քննարկումը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի մշակույթի ոլորտի տնօրենի տեղակալ Ջյոտի Հոսագրահարը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) խորհրդատվական ծրագրերի ղեկավար Թերենս Հեյ-Իդին և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Հայաստանի գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուվան Ուբեյսեկարան։ Բանախոսներն իրենց ելույթներում կարևորեցին բնության և մշակույթի պահպանության ոլորտներում միջազգային համագործակցությունը, համայնքների ավանդական գիտելիքի արժևորումը։
Այս տեսանկյունից «Հազարան բլբուլը» հրատարակությունը միտված է հայկական ժառանգությունը միջազգային երկխոսության մեջ ներկայացնելուն և բնության ու մշակույթի միջև կապերի մասին իրազեկվածությունը բարձրացնելուն, որին աջակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Մատենադարանի միջոցառումը և «Հազարան բլբուլը․ հայկական ժողովրդական հեքիաթ և ակնարկներ բնության, հողի և ժառանգության մասին» հրատարակությունը թարգմանվել և հրատարակվել է Հայաստանում ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ՝ Համայնքների ձայնի և տեղական գործողությունների հզորացում. ԳԷՀ ՓԴԾ Հայաստանի ներգրավվածությունը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17)» ծրագրի շրջանակներում: Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն Հայաստանում ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի տեսակետները:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia