ԳԱՐԵԳԻՆ Ա ՀՈՍԵՓՅԱՆԻ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Օրերս Պրոֆ. Hacik Rafi Gazer-ից նվեր ստացա մի թանկարժեք մասունք՝ երանաշնորհ հայրապետ և մեծ գիտնական Գարեգին Ա Հովսեփյան կաթողիկոսի «Նիւթեր եւ ուսումնասիրութիւններ հայ արուեստի եւ մշակոյթի պատմութեան» շարքի մի քանի պրակներ՝ հեղինակի մակագրությամբ։
Շնորհակալ եմ Պրոֆ. Hacik Rafi Gazer-ին մեծարժեք այս մասունքը ինձ վստահելու համար։
Գարեգին Ա Հովսեփյան կաթողիկոսի «Նիւթեր եւ ուսումնասիրութիւններ հայ արուեստի եւ մշակոյթի պատմութեան» շարքի առաջին երեք պրակները հայ միջնադարյան արվեստի պատմության ուսումնասիրությանը նվիրված նրա կարևորագույն աշխատություններից են։ Դրանցում գիտնական հայրապետը համադրում է ձեռագրագիտական, վիմագրական, պատմական (մասնավորապես պատմական աստվածաբանության) հնագիտական և արվեստաբանական հետազոտության մեթոդները՝ արվեստի առանձին հուշարձանները դիտարկելով իրենց ստեղծման պատմամշակութային ամբողջական միջավայրում։
Ա պրակում ընդգրկված են երեք ուսումնասիրություններ՝ «Վախթանգ որդի Ումեկայ», «Իգնատիոս մանրանկարիչ եւ Շոթոռկանց տոհմը» և «Հաղբատի դպրոցի մի գլուխ գործոց (Գետաշէնի Աւետարանը)»։ Այստեղ Հովսեփյանը ձեռագրերի հիշատակարանների, մանրանկարների և պատմական վկայությունների համադրությամբ վերականգնում է ոչ միայն առանձին արվեստագետների ու պատվիրատուների գործունեությունը, այլև միջնադարյան Հայաստանի մշակութային կենտրոնների և գեղարվեստական դպրոցների պատմությունը։
Բ պրակը ևս հիմնականում նվիրված է հայկական ձեռագրական արվեստին։ Այն ներառում է «Կոստանդին Ա. կաթողիկոս», «Մի ձեռագիր աւետարան» և «Դարձեալ Իգնատիոս Հոռոմոսցի մանրանկարիչի մասին» ուսումնասիրությունները։ Այս նյութերում Հովսեփյանը ձեռագիր մատյանը դիտարկում է իբրև բազմաշերտ պատմական սկզբնաղբյուր, որի գրչությունը, մանրանկարչությունը, հիշատակարաններն ու պատվիրատուների մասին տեղեկությունները հնարավորություն են տալիս վերակազմելու ժամանակաշրջանի եկեղեցական, մշակութային և գեղարվեստական կյանքը։
Գ պրակը, հրատարակված Նյու Յորքում 1944 թ., ընդգրկում է երկու ծավալուն հետազոտություն՝ «Պտղավանքը եւ գմբեթաւորումը նախնական հայ տաճարների» և «Գերեզմանական կոթողներ եւ նրանց հնագիտական արժէքը հայ արուեստի պատմութեան համար»։ Այստեղ ուսումնասիրության կենտրոնը ձեռագրերից տեղափոխվում է ճարտարապետության և նյութական մշակույթի հուշարձանների վրա։ Պտղավանքի քննությամբ Հովսեփյանն անդրադառնում է հայկական վաղ գմբեթավոր ճարտարապետության ձևավորման խնդրին, իսկ գերեզմանական կոթողների ուսումնասիրությամբ ցույց տալիս դրանց կարևորությունը հայ քանդակագործության, պատկերագրության և մշակութային պատմության վերակազմության համար։
Այս շարքի երեք առաջին պրակները միասին արտացոլում են Հովսեփյանի գիտական մեթոդի հիմնական առանձնահատկությունը՝ գրավոր աղբյուրի, ձեռագրի, մանրանկարի, արձանագրության, ճարտարապետական կառույցի և հնագիտական հուշարձանի համատեղ քննությունը՝ որպես մշակութային կոթողի և պատմական ժամանակաշրջանի համապարփակ հետազոտություն ու ամբողջական պատկերի վերականգնում։
Շատ հարցեր, որոնք Հովսեփյան հայրապետը ուսումնասիրում է այս պրակներում, մինչ օրս քննված են միայն իր այս հետազոտություններում, ուստի այսքան տարիներ անց իրենցից ներկայացնում են ոչ միայն պատմական արժեք՝ կապված լինելով այս Մեծանուն Անձի Անվան հետ, այլ նաև ունեն շատ կոնկրետ գիտական արժեք և արդիականություն։