Գորիսի Անկախության փողոցում նոր խաղահրապարակ է կառուցվում
Սա արդեն թվով 16-րդ խաղահրապարակն է, որը կառուցվում է Գորիս համայնքում։ Համայնքի ղեկավարի հետևողական ջանքերի շնորհիվ նմանատիպ հանգստի և ժամանցի գոտիներ են ստեղծվել ինչպես քաղաքի տարբեր թաղամասերում, այնպես էլ համայնքի բոլոր բնակավայրերում։
Գորիս համայնքի Անկախության փողոցի հարակից այգում մեկնարկել է նոր խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ԱԿԲԱ բանկի համագործակցությամբ։
Նոր խաղահրապարակի կառուցումը կնպաստի թաղամասի բարեկարգմանը, կապահովի երեխաների անվտանգ խաղի և ժամանցի կազմակերպումը, ինչպես նաև կդառնա ընտանեկան հանգստի հաճելի վայր։
Գորիսի համայնքապետարանը բարձր է գնահատում ԱԿԲԱ բանկի՝ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող այս նախաձեռնությունը։ Բիզնես ոլորտի հետ նման համագործակցությունը դրական օրինակ է հանրային և մասնավոր հատվածների գործընկերության, որն ուղղված է համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։