«Քայլող Ավետարանն» ավարտեց իր աշխատանքները Ներքին Խնձորեսկում
Ներքին Խնձորեսկում տեղի ունեցավ Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության «Քայլող Ավետարան» ծրագրի փակման հանդիսավոր միջոցառումը։ Ծրագիրը, որի նպատակն էր Աստծո Խոսքը հասանելի դարձնել սահմանամերձ բնակավայրի բնակիչներին, իրականացվել է շուրջ 12 այցերի ընթացքում։
Գորիսի հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տեր Տիգրան քհն. Հակոբյանը հոգևոր զրույցներ է վարել «Քայլող Ավետարանը» գրքույկից, որը ներառում է 10 առակ, 1 բժշկություն և 1 հրաշագործություն՝ համապատասխան բացատրություններով և խորհրդածություններով։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից էր արվեստի թերապիայի դասը՝ կարպետագործությունը, որին բնակիչները մասնակցել են մեծ ոգևորությամբ։
Փակման միջոցառման ընթացքում ցուցադրվեցին պատրաստված կարպետները, իսկ մշակութային ծրագիրը ներառում էր Խնձորեսկի մշակույթի տան և Ար. Սաթունցի անվան երաժշտական դպրոցի սաների ելույթները։ Հայրենասիրական երգերով հանդես եկան Ջիվան Գևորգյանը և Վաչե Մանվելյանը։
Միջոցառմանը ներկա էին Գորիսի փոխհամայնքապետ, Ներքին Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Աղաջանյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Կարեն Ջավահիրյանը, համայնքի ղեկավարի օգնական Գրիգոր Ղազարյանը, կրթության և մշակույթի բաժնի աշխատակիցները, «Քայլող Ավետարան» ծրագրի ղեկավար Մարինե Ղազարյանը և սահմանապահ գյուղի բնակիչները։ Բոլոր ելույթ ունեցողները կարևորեցին նման միջոցառումների դերը սահմանամերձ գյուղերի կյանքում։
Միջոցառման ավարտին կարպետագործության մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ Տեր Հայրը բոլոր մասնակիցներին նվիրեց Աստվածաշունչ։