Հարգելի #ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյան #ZhannaAndreasyan
Ձեզ է դիմում Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի ավագ զինղեկ Նազիկ Սարգսյանը՝ տարածաշրջանի զինղեկների անունից:
Դիմում-բողոքս կապված է ՆԶՊ առարկայի կամավոր ատեստավորման թեստերի ոչ մասնագիտական լինելու և համակարգի սխալ հաշվարկի հետ:
Խնդրում ենք, եթե հնարավոր է, թեստ կազմողները թող հիմնավորեն, թե ինչու՞ պետք է թեստում տեղ չգտնեն առարկայից այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են մարտավարության մեջ հարձակումն ու պաշտպանությունը, հետախուզությունը, դիտորդների դերն ու նշանակությունը: Կրակային պատրաստությունից չի եղել ոչ մի հարց, որը կվերաբերվեր զենքերի տեսակներին, մասերին ու մեխանիզմներին, նրանց մարտական հատկություններին: Արդյո՞ք պետք չէր ստուգել, թե ինչ գիտի զինղեկը նռնակների ու փամփուշտների, կամ տանկերի ու ՀՄՄ-ների վերաբերյալ: Եթե նպատակն այն էր, որ զինղեկը պետք է պատմություն լավ իմանա ու ստուգվի, ապա ինչու՞ հարցեր չկային 1991-94 թվականների Արցախյան ազատամարտի վերաբերյալ: Արդյոք ճի՞շտ է, որ զինղեկը պարտավոր է իմանալ 62 թ-ին տեղի ունեցած Հռանդեայի ճակատամարտի մասին, բայց աշակերտներին չներկայացնի, թե ով է եղել Մ.Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը, Թաթուլ Կրպեյանը և մյուս-մյուս հերոսները: Ըստ թեստը կազմողի՝ զինղեկը պետք է պատասխաներ այն հարցին, թե ինչ սպառազինություն է ունեցել «Աշոտ Երկաթ» նավատորմը Սևանա լճում՝ 1918-20 թվականներին, սակայն պետք չէր հարցեր լինեին թեստում, թե որոնք են տանկերի խոցելի տեղերը, կամ ինչ սպառազինություն ունի հետևակի մարտական մեքենան: Կարող եմ բերել շատ ու շատ այլ օրինակներ, որոնք կփաստեն, թե ինչքան վատ ու ոչ մասնագիտական էր կազմված կամավոր ատեստավորման նվաստացուցիչ թեստը: Չէ՞ որ մեզ արդի բանակում անհրաժեշտ են ոչ թե թվերն անգիր իմացող պատմաբաններ, այլ բանիմաց ու ռազմական հմտություններին տիրապետող զինվորներ, ովքեր կկարողանան իրադրության ցանկացած պայմաններում ճիշտ կողմնորոշվել ու փրկել զինակից ընկերների կյանքը:
Ամեն դեպքում, մենք՝ զինղեկներս, չենք ուզում մտածել, որ սա դիտավորություն էր, միտված զինղեկներին վարկաբեկելու և հեղինակազրկելու:
Խնդրում եմ, հաշվի առնել այն փաստը, որ բոլոր զինղեկները կրում են ուսադիրներ և բարձր են պահում սպայի իրենց կոչումը, իսկ նրանց մեծ մասը անցել են մարտական ուղի և այդ ճանապարհին փրկել շատ զինվորների կյանքեր, պահել են հայրենիքի սահմանները, ինչը, վստահ եմ, Ձեզ համար էլ է հանդիսանում մեծ արժեք:
Ուստի, խնդրում ենք և պահանջում, չանտեսել բոլոր զինղեկների դիմումը ուղղված Ձեզ, կայացնել այնպիսի որոշում, որը էլ ավելի մեծ հիասթափություն չի առաջացնի սահմանին մոտ ապրող, սերունդ կրթող և ապագա զինվոր պատրաստող զինղեկների մոտ: Միայն սահմանին ապրող հասարակ ժողովուրդը չէ, որ պետք է գիտակցի ՆԶՊ առարկայի և զինղեկի կարևորությունը դպրոցում և հասարակության մեջ:
Ակնկալում ենք Ձեր խոհեմ ու արդար որոշումը, որը կբերի դրական արդյունքի:
Հարգանքով ՝
Կապանի տարածաշրջանի ավագ զինղեկ,
Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի զինղեկ՝
Նազիկ Սարգսյան