«ՄԵԴԻԱ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ
Նոյեմբերի 22-ին և 26-ին Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի և ուսանողների համար անցկացվեց դասընթաց՝ «Մեդիա և թվային գրագիտության հմտություններ» թեմայով:
Դասընթացը վարեց ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Արփինե Դինունցը:
Դասընթացի հիմնական նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել մեդիա և թվային գրագիտության հիմնարար սկզբունքներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը թե՛ կրթական, թե՛ աշխատանքային միջավայրում։
Դասընթացավարն անդրադարձավ թվային անվտանգության կարևորությանը, ծանոթացրեց տեղեկատվության աղբյուրներին, փաստերի ստուգման, գաղտնաբառերի ստեղծման և կառավարման, նկարների հետադարձ որոնման հարթակներին, տվյալների վիզուալիզացման գործիքներին: Տվյալների վիզուալիզացման ժամանակակից գործիքները ոչ միայն հետաքրքրություն առաջացրին մասնակիցների շրջանում, այլև հնարավորություն տվեցին հասկանալու, թե ինչպես կարելի է տեղեկատվությունը ներկայացնել առավել հասկանալի և գրավիչ ձևով։ Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին անձնական տվյալների կորստի հնարավոր վտանգներն ու հետևանքները՝ միաժամանակ ծանոթանալով դրանց կանխարգելման լավագույն մեթոդներին։
Դասընթացը ներառեց գործնական վարժություններ, որոնք մասնակիցներին հնարավորություն տվեցին անմիջապես կիրառելու ստացած գիտելիքները։