T-GREEN ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՄԻԿՈԼԱՍ ՌՈՄԵՐԻՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Ս. թ. նոյեմբերի 18-21-ը Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ Եվրոպական միության Էրազմուս + «Հետբակալավրի կրթության փոխակերպումը՝ հանուն կանաչ և կայուն ապագայի» (Transforming Graduate Education for Green and Sustainable Future (T-GREEN)) ծրագրի հերթական աշխատաժողովը: Այն նվիրված էր ծրագրում ներգրավված հայաստանյան մի շարք բուհերի կազմած «կանաչ» համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդաբանությանը: Հանդիպմանը Գորիսի պետական համալսարանը ներկայացրին ռեկտոր Տիգրան Վանդունցը, պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ Լուիզա Վարդանյանը և արտաքին կապերի և համագործակցության հարցերով պատասխանատու Սոնա Ալավերդյանը։
Աշխատաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Միկոլաս Ռոմերիս համալսարանի պրոռեկտորի խորհրդական Նոմեդա Գուդելիենեն, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ Անի Վիրաբյանը և T-GREEN ծրագրի համահամակարգող, Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։ Ելույթ ունեցողները շեշտադրեցին ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները և կարևորեցին համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման աշխատանքներում ներգրավված ԵՄ գործընկերների դիտարկումները։