Վերջին հանգրվանը
Արբակը ծնվել էր սարերից ու դաշտերից անդին մի գողտրիկ, լեռնային գյուղում: Նա երեք եղբայրներից կրտսերն էր և սիրո ու հոգածության պակաս չուներ: Նրա մանկությունը անցնում էր բնության գրկում, գիտեր ամեն սար ու ձորի, թուփ ու ծառի տեղը: Նրա բնօրրանում մրգերը արևահամ էին, ուտելուց չէիր կշտանում, իսկ երկնքի աստղերը այնքան մոտ էին երևում, որ թվում էր, եթե ձեռքդ մեկնես կհասնես նրանց…
Սակայն մի օր ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, պատերազմ սկսվեց: Արբակի համար պատերազմը մոր կորուստն էր, ով զոհվեց թշնամու հրետակոծությունից: Կնոջը հողին հաձնելուց հետո հայրը որոշեց ժամանակավորապես ապաստան գտնել մայր հայրենիքում՝ նոր կորուստներից խուսափելու համար…
Նոր բնակավայրում տուն ու տեղ ստեղծեցին: Հայրն աշխատանքի անցավ, որդիները շարունակեցին իրենց ուսումնառւթյունը: Սակայն նենգ ու խորամանկ թշնամին քնած չէր, ժամանակ առ ժամանակ սադրանքներ էր հրահրում և երկիրը ապահովագրված չէր պատերազմի վտանգից:
Եվ կրկին նրանց ընտանիքը ապրելու համար ապահով վայր փնտրելու ճանապարհին էր…
Երկիրը որտեղ նրանք արտագաղթեցին խորթ չէր նրանց համար, տիրապետում էին լեզվին, ծանոթ էին երկրի պատմությանը, մշակույթին և հեշտությամբ քաղաքացիություն ստացան, որը նրանց ապագայի նկատկմամբ հույսերն ավելի ամրապնդեց:
Եվ երբ թվում էր, որ այլևս ոչ մի բան չի խաթարի իրենց կյանքի բնականոն ընթացքը, երկիրը պատերազմի մեջ մտավ: Արբակի ավագ եղբայրները, որ զինապարտության տարիքում էին, շուտով զորակոչվեցին: Հայրը հուսադրում էր ինքն իրեն, որ պատերազմը շուտով կավարտվի և առաջնագծում ծառայող որդիները անվնաս տուն կվերադառնան: Սակայն պատերազմը շարունակվում և ավելի էր սաստկանում: Եվ մի օր էլ որդիների զոհվելու բոթը թակեց նաև նրանց դուռը…
Որդիների կորուստից վշտաբեկ հայրը համակվել էր միայն մի ցանկությամբ՝ փրկել կրտսեր որդուն վերահաս վտանգներից և հայր ու որդի կրկին բռնեցին արտագաղթի ճամփան…
Նրանց վերջին հանգրվանը օվկիանոսից այն կողմ մի հզոր երկիր էր: Սկզբում ապրում էին գաղթականի կարգավիճակով, քաղցած չէին մնում, բայց հոգու քաղց ունեին, որը ոչնչով չէին կարող փոխարինել…
Վշտից թևաթափ հոր սիրտը երկար չդիմացավ: Տուն վերադառնալու բոլոր հույսերը փշրվել էին, իսկ ապահով կյանք փնտրելու դեգերումներում նա կորցրել էր իր ամենաթանկերին…
Հոր կորստից հետո Արբակը փորձեց ձուլվել տեղաբնակներին և քիչ թե շատ հանգիստ կյանքով ապրել: Լավ աշխատանք գտավ, ընդլայնեց ընկերական շրջապատը: Արտաքուստ թվում էր, որ կյանքը վերջապես ժպտում էր նրան, սակայն ներքուստ հոգու ցավը չէր կարողանում հաղթահարել…
Սուրբ Ծննդյան տոները մոտենում էին: Քաղաքը տոնական հանդերձանքով էր,ամենուրեք եռուզեռ էր,ուրախ տրամադրություն: Ընտանիքները միավորվում էին այդ օրերին Սուրբ Ծնունդը միասին նշելու համար: Արբակն էլ որոշեց, որ այդ օրը ինքն էլ կայցելի հոր գերեզմանին…
Գերեզմանոցում քար լռություն էր:Մեռյալները այդ օրը այցելուներ չունեին: Նույնիսկ թռչուններն էին լքել տարածքը: «Երևի չվել են տաք երկրներ, ցրտից պատսպարվելու համար»․ – մտածեց նա: Հոր գերեզմանաքարի մոտ մի ծառ էր աճում, որն Արբակը նմանեցնում էր իր մանկության ծառերին: Ծառը զրկվել էր իր փարթամ տերևներից և նրա մերկ ճյուղերի արանքում մի թռչուն էր բույն դրել: Թռչունն Արբակի քայլերից անհանգստացած գլուխը բնից հանեց և տագնապալի ծվծվաց, սակայն զգալով , որ իրեն վտանգ չի սպառնում, անհետացավ բնի մեջ: Արբակն ինքն իրեն հարց տվեց, թե ինչու այս թռչունն էլ չի փնտրել տաք անկյուն իր համար, իսկ միգուցե բնատուր բնազդը նրան հուշել էր բույնը թողնելու վտանգների մասին…
-Հայրիկ-, նա մտովի դիմեց հորը,- Ես այդպես էլ չկարողացա դառնալ աշխարհաքաղաքացի: Ես ֆիզիկապես եմ այստեղ ներկա, իսկ սրտով և հոգով մեր լեռներում եմ, իմ ազգակիցների հետ, ովքեր ամեն օր լինել-չլինելու կռիվ են տալիս: Ես այլևս չեմ կարող երկակի ստանդարտներով ապրել, և արդեն կայացրել եմ իմ որոշումը՝ վերադառնում եմ հայրենիք…