Էներգետիկ ըմպելիքից թունավորման դեպքեր Գորիսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
334 Views

Էներգետիկ ըմպելիքից թունավորման դեպքեր Գորիսում

Քարահունջեցի 15֊ամյա Ա.Մ.֊ի ինքնազգացողությունը վատացել է էներգետիկ ըմպելիք խմելուց հետո։ Դասապրոցեսին վատ է զգացել, ուսուցիչներն արագ Շտապօգնության կանչ են դուրս գրել և աղջնակը տեղափոխվել է Գորիսի Բժշկական կենտրոն։ 5 երեխաների մայրը` Ժասմենը արցունքն աչքերին. դստեր կողքին նստած պատմում է.

«Ճիշտն ասած ոչ հաճախ բայց օգտագործում է այդ վատ ըմպելիքը։ Հազար անգամ խնդրել եմ, որ չխմի։ Երեկ երեկոյան խմելուց հետո մի հատ էլ առավոտն է խմել` սոված փորին։ Դե հիմա խոստացել է, որ էլ չի օգտագործելու»։

Քարահունջի դպրոցի փոխտնօրեն Արմեն Մկրտչյանը նույնպես անհանգստացած է խնդրով։

«Մի քանի անգամ հարց եմ բարձրացրել, որ բուֆետի խնդիրը կարգավորվի։ Երեխաները ուտել են ուզում, դուրս են գալիս դպրոցի դարպասներից, խանութից գնում ինչ ուզում են։ Եթե բուֆետի հարցը լուծվի, չենք թողնի ոչ մեկը դուրս գա, իսկ մեզ մոտ նման անառողջ ոչինչ չի վաճառվի։ Մենք մի քանի անգամ խոսել ենք երեխաների հետ, վաղն էլ ծնողների հետ ենք հանդիպելու, որ նորից հորդորենք հետևեն երեխաների գնումներին»։

Մի քանի օր առաջ նման խնդիր առաջացել էր նաև Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում։ Էներգետիկ ըմպելիք օգտագործած աշակերտը կրկին տեղափոխվել էր Գորիսի ԲԿ։

Դպրոցի տնօրենի ժ/պ Օլյա Ալեքսանյանի խոսքով երեխաներն այն կամ տանից են բերում կամ գնում դպրոցի ճանապարհին։

«Ժամանակ առ ժամանակ դասղեկական ժամերին, ծնողական ժողովներին անձամբ գնում, մասնակցում եմ, հորդորում, որ ծնողները վերահսկողություն սահմանեն, իսկ երեխաների հետ քննարկում եմ էներգետիկի վնասակարության մասին։ Պետք է անընդհատ իրազեկվի, տեղեկացվի դրա վնասակարության մասին»։

Գորիսի ամենամեծ սուպերմարկետներից մեկից` «Արարատ»֊ից պատասխանեցին մեր հարցմանը նշելով, որ էներգետիկ ըմպելիքների սպառումն անհամեմատ նվազել է։ Սուպերմարկետից տեղեկացրին նաև, որ թեև առաջվա համեմատ հիմա քիչ է վաճառվում, սակայն հիմնական սպառողները երեխաներն ու դեռահասներն են։

Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն Աշոտ Գևորգյանի խոսքով էլ իրենք բոլոր լծակներն օգտագործում են իրազեկման համար։

«Առողջ ապրելակերպի խմբակին հատկապես փորձում ենք երեխաների մեջ առողջ սովորույթներ ձևավորել։ Էներգետիկ ըմպելիքի մասին էլ ենք ներառել։ Բայց միայն մեզանով հարց չի լուծվում։ Ծնողներն էլ պետք է հետամուտ լինեն, որ երեխաները զերծ մնան վատ սովորություններից»։

Արևիկ Աբելյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել