Հատված “Որդիների Պայքարը Հայրերի Դեմ” Գրքի “Անդունդի Եզերքին” գլխից։
Ա՜հ, քո հայրերը… նրանցից շատերը հոգով նպարավաճառ են մնում նաև այն դեպքում, երբ ապրում են աշխարհի մեծագույն և մեծածախք ոստաններում:
Եվրոպական խոսքեր, ասիական արարքներ: Եղել է այդ տարրը, և շարունակում է մնալ տկարը, անփառունակն ու ամոթալին մեր պատմության մեջ՝ այն ամենը, որ հաճախ հեշտացրել է օտար տիրապետությունը Հայաստանում։
Մեզ պետք չէ Անկախ Հայաստան,- դեռ այսօր էլ աղմկում են քո հայրերից ոմանք: – Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ` հոգով թզուկներիդ, դարձնի կատարյալ մարդ և Հայ արժանի՝ Անկախության,- պատասխանում է Մայիսի Քսանութի շենքը իր ուսերին կրող ժողովուրդ – հսկան:
– Պետք չէ, – համառում են մտքի մանկաբարոյությամբ բռնվածները, առանց հասկանալու, թե անկախությունից զուրկ ժողովուրդները դատապարտված են մահվան` ծառայելով գերիշխան ազգերի համար որպես պարարտացուցիչ աղբ, ապավառ:
Պե՛տք է. – կարճ կտրում է ժողովուրդը:
Այսպես, բորբոքվում է ներքին կռիվը, և մեր ցեղի տկար տարրերը դժվարանում են հասկանալ, թե «պետք չէ», ասել է` պետք չէ որ ապրի հայությունը: Նրանք չեն ուզում հասկանալ, որ իրենց հաղթանակը պիտի լինի արտաքին թշնամու հաղթանակը:
«Պե՛տք է»,- ասա դու, հա՛յ երիտասարդություն, ապա հասկացրու հայրերիդ, թե իրենց վերջնական պարտության մեջ է մեր ցեղի քաղաքական իդեալի հաղթանակը, թե իրենց պարտությունը պիտ դառնա պարտությունը այն բոլոր տարրերի` հավիտենապես ստրկահոգի, տկար, զենընկեց, պարտվողականության այն ցավագար ոգու, որի նյութած
վատության պատճառով դարերով օտարի լուծն ու ամոթն է եղել մեր ժողովրդի բաժինը։
Գարեգին Տեր-Հարությունյան։