ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արմավիրի բնակավայրերից մեկում մի արցախցի բռնի տեղահանված տղամարդ կա, ում որդին զոհվել է Արցախյան վերջին անավարտ պատերազմներում։ Հանգստյան օրերին միջին տարիքի այդ տղամարդը երբեմն քայլերն ուղղում է դեպի բակային տաղավարը, որտեղ բնակիչները նարդի, թուղթ ու շաշկի են խաղում։ Արցախցի տղամարդը հեռվից հետևում է խաղերին, բայց չի առաջանում, որովհետև տեղացիները ցուցադրական կերպով ուշադրություն չեն դարձնում իր վրա։ Որովհետև տեղացիները թուրքական քարոզչության լծի տակ են գտնվում, դրա համար՝ արհամարհում են մի մարդու, որն իր համերկրացիների հետ 30 տարի շարունակ ծնկի բերած է պահել թուրքերին, ում քարոզչության լծի տակ գտնվում են տեղացիները…
Ցանկացած առաջնորդի պարտականությունն է արդարություն հաստատել և արդար օրենքներով դատել։ Այսօր Հայոց աշխարհում անարդարության մեծագույն զոհերն Արցախն ու արցախցիներն են, ուստի՝ չի կարող լինել առաջնորդություն, որ հոգ չի տանում Արցախի հարցով արդարության վերականգնման համար։
Որդիական բավականությամբ լսեցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական խոսքի համապատասխան հատվածը․ «Հայրապետական Մեր հորդորն է ձեզ, սիրելի արցախահայեր, աննկուն և անվհատ դիմագրավեք նեղություններն ու դժվարությունները։ Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ։ Ազգովի հետևողական պիտի լինենք հայրենի բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու ձեր իրավունքի պահանջատիրության մեջ։ Այս սուրբ խորանից Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ՝ հայցելով, որ երկնային շնորհները հեղվեն ձեր կյանքից և ընտանեկան հարկերից ներս։ Որպես Հայրապետ Ամենայն Հայոց՝ հավատում ենք մեր ազգի ներքին ուժականությանն ու մեր ժողովրդի վերհառնումին, մեր լուսավոր ու հաղթական գալիքին»։
Սա պիտի օրինակ և պատգամ լինի քաղաքական կյանքում գործող բոլոր ուժերին ու միավորներին։ Չկա առաջնորդություն առանց արդարության ձգտումի, չկա հայոց արդարություն առանց Արցախի ու արցախցիների հարցի օրակարգավորման ու դատի հետապնդման։
«Թող արքան իրավունք տա ժողովրդի աղքատներին, պահպանի տնանկների որդիներին և ընկճի ամբարտավաններին» (Սաղմոս 71․4)։